×


Հետաքրքիր փաստեր «Դրախտի դարպաս»-ի մասին մինչ պրեմիերան

«Թեւանիկ» եւ «Վերջին բնակիչը» ֆիլմերով հայտնի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմը՝ «Դրախտի դարպասը», էկրան կբարձրանա հոկտեմբերի 17-ից։ Մինչ ֆիլմի պրեմիերան, կինոռեժիսորը BRAVO.am-ին պատմել է նկարահանումների ընթացքի մասին եւ որոշ փակագծեր բացել։

Քաղաքացիների ներդրումը ֆիլմում

«Դրախտի դարպասը» ֆիլմի բյուջեի հավաքման ճանապարհներից մեկը crowdfunding-ն էր։ Այն հաջողվեց, եւ դա ամենաուրախացնող հանգամանքներից մեկն է: Ես հավատ ունեի, որ իմ նախկին երկու ֆիլմերը՝ «Թեւանիկ» եւ «Վերջին բնակիչը», սեր եւ գորովանք են առաջացրել մարդկանց մեջ, ու նրանք անպայման սատար են կանգնելու մեր նոր նախագծին: Ու այդպես էլ եղավ. 10-ից մինչեւ 10 հազար դոլար մարդիկ նվիրատվություն կատարեցին։

Ջիվան Ավետիսյանը


Վաճառքի էինք հանել տարբեր իրեր, նաեւ իմ ռեժիսորական աթոռը։ Մի մարդ գնել էր այն, սակայն չէր թողել որեւիցե հասցե, որ այդ աթոռն իրեն հասցնեինք։ Պարզապես գնել էր, որ ես դա չվաճառեմ։

Նվիրատվություն կատարած մարդկանց թիվը հարյուրների է հասնում, հաճախ անանուն եւ անհասցե, որպեսզի շնորհակալություն չհայտնես իրենց։ Զարմացնող եւ գոհացնող արդյունք է սա, եւ ի վերջո, մենք ունեցանք 35 հազար դոլարից ավելի գումար միայն crowdfunding-ից։

Պետք է ասեմ ավելին, որ crowdfunding-ն ունեցավ նաեւ այլ դրսեւորումներ, որ մենք չէինք սպասում։ Այն մասին, որ ֆիլմի համար գումար գտնելու ճանապարհներից մեկը crowdfunding-ն էր, մենք խոսում էինք տարբեր հարթակներում։ Երբ հասել էինք Արցախ՝ նկարահանման հրապարակ, եւ ընթանում էին նախապատրաստական աշխատանքներ, զանգվածային տեսարանների դերասաններն էին ընտրվում, եւ հայտարարված էր վճարի չափը, եկան հարյուրավոր մարդիկ ու հրաժարվեցին դրանից՝ ասելով, որ դա իրենց ներդրումն է crowdfunding-ին։ Այդպես իր հոնորարից հրաժարվել է նաեւ երկրորդ պլանում խաղացող Հայաստանում հայտնի դերասան։

Մենք հասկացանք, որ մեր ֆիլմերը սիրված են, մեր առաջ քաշած գաղափարներն արդիական են ու մենք մենակ չենք:

Պաշտպանության բանակի աջակցությունը

Ունենք 7 համաարտադրող երկիր՝ ԱՄՆ, Լիտվա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բուլղարիա եւ Չեխիա: Խաղում են դերասաններ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Լիտվայից։


Նրանք բոլորը գիտեն, որ մենք նկարահանում ենք փոքր բյուջեով ֆիլմ եւ հանկարծ նկարահանման հրապարակում տեսնում են զրահամեքենաներ, տանկեր, ուղղաթիռ, այրվող մեքենաներ, հրշեջներ, ոստիկաններ։ Զարմացած հարցնում են, թե սա ինչպես կարող է փոքր բյուջեով ֆիլմ լինել։ Պատասխանում եմ, որ այս ամենի համար ես չեմ վճարել, Արցախի Հանրապետության կառավարությունն ինձ աջակցում է։

Կա մի տեսարան, որտեղ գլխավոր հերոսը մեքենայով մտնում է պայմանական Թալիշ գյուղ ու լուսանկարում։ Միայն այդ տեսարանը նախապատրաստելը տեւել է մեկ ժամ: Մեքենա է այրվում, հետո հանգցնում են, հետո պատրաստում, որ նորից այրեն… Տեսարանին մասնակցում է մոտ 500 մարդ՝ զինվորները հարյուրներով շարված են, կան վիրավորներ, կան տանկեր, հրշեջները թաքնվում են, որ երբ հայտարարեմ ավարտը, արագ մոտենան ու հանգցնեն կրակը։ Նման բարդ տեսարաններ ինչպես կազմակերպչական, այնպես էլ նյութատեխնիկական բազայով, մենք շատ ենք ունեցել։

Շատ կարեւորում եմ Ազգային կինոկենտրոնի աջակցությունը, որքանով որ հնարավոր է եղել։ Կինոկենտրոնի ներկայությունը նման նախագծերում կարեւոր է, որովհետեւ Բեռլինում կամ Կաննում օտար պրոդյուսերի հետ քննարկման ժամանակ կարող ես ասել՝ իմ պետությունն ինձ աջակցում է։ Դա քեզ թեւեր է տալիս, որ ճիշտ երկխոսություն վարես, ճիշտ դիրքից։ Թեեւ գուցե չկարողանաս սեղանին դնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է, բայց այդտեղ լիարժեք ես նստած։

Արցախի թեման՝ միջազգայնորեն ընկալելի

Առաջին հերթին մենք փորձում ենք ստեղծել արվեստի բարձրարժեք գործ, որովհետեւ ինչ ուզում ես խորքում դիր, եթե դու չես ստեղծել արվեստի բարձրարժեք աշխատանք, այն հավասար է զրոյի:

Կադր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմից


Եթե մենք ստեղծում ենք արվեստի բարձրարժեք գործ, ապա փափագում ենք, որ այն լինի Արցախի մասին, որպեսզի արվեստի ճանապարհով հասնենք հանդիսատեսին՝ անկախ ազգությունից, կրոնից, սոցիալական դիրքից, քաղաքական հայացքներից, տարիքից, սեռից։ Նրանց հոգուն կարելի է դիպչել միայն արվեստի ճանապարհով եւ այդ կերպ էլ պատմել մեզ համար ամենակարեւորի՝ Արցախի մասին։

Արցախի մասին օտարին պատմելու ճանապարհն այն է, որ լինի անգլերենով ֆիլմ, խաղան նրանց համար ճանաչելի դերասաններ, սցենարական կառուցվածքը լինի միջազգայնորեն ընկալելի։

Կարծում եմ, որ «Դրախտի դարպասը» ֆիլմի սցենարը միջազգայնորեն ընկալելի է, այլապես իր շուրջը չէր հավաքի այդքան եվրոպական երկրներ. չէ՞ որ նրանք հանուն Արցախի չեն աջակցում, այլ հանուն արվեստի։ Նրանք գիտակցում են, որ թեման ունի քաղաքական դժվարություններ, բայց ի վերջո նրանց գերել է մարդկային դրաման եւ արված աշխատանքը:

Ճշմարտության չափաբաժինը

Ֆիլմի բոլոր կերպարները կյանքում կան, բայց գեղարվեստորեն են մատուցված։ Չենք կարող ասել, որ ստեղծվել է իրական փաստերի վրա, ինչպես, օրինակ, նախորդ ֆիլմս՝ «Վերջին բնակիչը», բայց ի վերջո, ամեն ինչ վերցրել ենք կյանքից, բերել համեմել, միացրել ու շերտեր կառուցել՝ դրաման խորացնելու համար։

Իրականությունն ընկած է ամբողջի հիմքում։ Ես գիտեմ բոլոր հերոսներին, թեկուզ իրականում նրանք միմյանց հետ կապ չունեն։ Ես գիտեմ Տիգրանն ով է, Ագոն ով է, գիտեմ բժշկին, որ պատմում է՝ ինչպես չկարողացավ կյանք փրկել։ Ես ժամանակին տեսել եմ մի բժշկի ու խոր ազդվել եմ նրա ապրումներից։ Նա պատմում էր, թե 1992-93 թվականներին ինչպիսի վատ պայմաններում ինչ բարդ վիրահատություններ էր անում, ինչպիսի տղաների չէր կարողանում փրկել։ Թեեւ այդ հանդիպումը տեղի է ունեցել 10 տարի առաջ, բայց դրա դրսեւորումը հայտնվել է իմ նոր ֆիլմում:

Դեպի Դրախտի դարպասը

Ֆիլմը փնտրտուք է։ Գերմանացի ֆոտոլրագրողը փնտրտուքների մեջ է: Կերպարը մարմնացում է մի ամբողջ մարդ տեսակի։ Մարդը կանգ է առել, ասում է, որ վերադառնում է իր անցյալի սխալն ուղղելու։ Ահա վերահաս պատերազմը դրա համար առիթ է ու միջոց։ Բայց ների՛ր, դա հնարավոր չէ. անցել է շուրջ 25 տարի:

Կադր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմից


Հերոսների փոխհարաբերությունները կառուցված են պատերազմի հետեւանքների արդյունքով։ Այն առկա է երկու գլխավոր հերոսների դրամայում։ Նրանք կարծում են, թե մեկը մյուսի պատուհանն է դեպի ապագան, բայց պարզվում է, որ իրենք պատուհան եմ դեպի միմյանց անցյալ:

Հերոսի արարքի հետեւանքներն այնքան խոր ու ողբերգական են, որ հնարավոր է մեր հանդիսատեսը չների նրան, բայց ես ներում եմ։ Ի վերջո, գերմանացի ֆոտոլրագրողը գնում է դեպի Դրախտի դարպասը՝ Արցախ՝ խոստովանելու իր մեղքերը։

Հաճախ ասում են, թե ֆիլմն Ապրիլյան պատերազմի մասին է։ Այն առնչվում է Ապրիլյան պատերազմին, որովհետեւ մենք սկսում ենք պատերազմով, բայց հետո պատերազմը ետ է մղվում ու դրա հետեւանքներն են դառնում գերակա: Պատերազմը միայն այն չէ, որ գնում ես ու կրակում։ Պատերազմը մարդու ներսում է, մարդու դրամայում, մարդու կյանքում:

2020 թվականի ընթացքում ֆիլմը նախատեսում են ցուցադրել ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում, Կանադայում, Ռուսաստանում եւ եվրոպական մի շարք երկրներում։

Տեսքտը՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ ֆիլմի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport