“Հովեր” կամերային երգչախումբը նոր տարին սկսում է նոր ձայնասկավառակով եւ համերգային շրջագայությամբ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում նրանք հունվարի 22-ից փետրվարի 5-ը հանդես կգան Ֆրանսիայում, Էստոնիայում եւ Ռուսաստանում:
“Հովեր”-ը պատրաստվում է համերգային շրջագայության
“Հովեր-անսամբլ”-ի նոր ձայնասկավառակը մեկտեղում է Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի եւ ժամանակակից 20 հայ կոմպոզիտորի խմբերգային ստեղծագործությունները: “Ինչ է մեզ առաջարկում հայ հեղինակը, որպեսզի մեր երաժշտական խճանկարը մնա կենսունակ, չպարփակված եւ ինքնուրույն, քչախոս եւ լայնախոհ, անմիջական եւ նուրբ: Մեր հեղինակների նուրբ աշխարհների բարակ վրձնահարվածներն արձանագրում են հայ խմբերգային երաժշտության այսպիսի կենսունակություն”,-նշված է խմբի տարածած մամուլի հաղորդագրությունում:
“Հովեր”-ը պատրաստվում է համերգային շրջագայության
2012 թվականին «Հովեր» պետական կամերային երգչախմբի առաջատար մի շարք երգիչներ միավորվեցին «Հովեր-անսամբլ» ստեղծելու գաղափարի շուրջ: Խմբի երգացանկը ընդգրկում է հայ հոգեւոր եւ աշխարհիկ, ավանդական եւ ժամանակակից, ինչպես նաեւ արեւմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ, երբեմն էլ անսամբլի կազմում երգող երգիչներ Վահագն Բաբլոյանի եւ Արթուր Մանուկյանի անսամբլային մշակումները:
“Հովեր”-ը պատրաստվում է համերգային շրջագայության
Երգչախումբը ձայնագրել է 6 ձայնասկավառակ, մասնակցել է գեղարվեստական ֆիլմերի երաժշտական ձեւավորումներին (“Արարատ” , ռեժ. Ա. Էգոյան, “Արտույտների ագարակը”, ռեժ. Տավիանի եղբայրներ, “Նամուս”, ARTE ստուդիայի վերականգնած տարբերակ) եւ այլն:
“Հովեր”-ը համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Լեհաստանում, Թայվանում եւ Բելգիայում: Երգչախումբը հիմնել եւ ղեկավարում է Երեւանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: