×


Հրուշակագործ Քնարիկ Հարությունյանի շքեղ տորթերն ու հաջողության գաղտնիքը

Նրա պատրաստած տորթերը ոչ միայն համեղ են, այլեւ իրենց յուրօրինակ դիզայնով զարմացնում ու հիացնում են նույնիսկ ամենահայտնի ու պրոֆեսիոնալ հրուշակագործներին: Նրան են վստահում տոնական ամենաբարդ ու ինքնատիպ ձեւավորում պահանջող տորթերը: BRAVO.am-ի զրուցակիցը հրուշակագործ, տորթերի դիզայներ Քնարիկ Հարությունյանն է, ով արդեն երեք տարի է՝ ապրում եւ աշխատում է Միացյալ Նահանգներում:

Այս պատմության մեջ ամենահետաքրքրականն այն է, որ Քնարիկն ինքնուրույն է հմտացել տորթեր պատրաստելու եւ ձեւավորելու գործում: Պատմում է՝ տարիներ առաջ Երեւանում ընտանեկան բիզնես են ունեցել` տորթերի խանութ եւ արտադրամաս, որը ժամանակի ընթացքում սկսել է մեծ հեղինակություն վայելել: Սակայն մի անգամ խանութի աշխատակիցը ստիպված է եղել բացակայել, եւ Քնարիկն է ընդունել «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» հեքիաթի ձեւավորմամբ տորթ պատրաստելու պատվերը: Գործից բոլորովին անտեղյակ ու անփորձ լինելով` ի վերջո հենց ինքն էլ թխել է տորթն ու ձեւավորել բոլոր ֆիգուրները:

Քնարիկ Հարությունյանը


Քնարիկ Հարությունյանի այս պատմությունը զարմացնում է ոչ միայն լսողներին, այլեւ հենց իրեն: Ասում է՝ չի կարող բացատրել, թե ինչպես է ինքնուրույն հմտացել այդ գործում, առանց որեւէ մեկի օգնության.«Հավանաբար, Աստվածատուր շնորհ է, բայց նաեւ իմ հետաքրքրասիրության, արագաշարժության ու աշխատասիրության շնորհիվ է, որ անընդհատ ձգտում եմ հասնել լավագույն որակներին: Երբ մեր խանութի աշխատակցուհին էլ մեկնեց երկրից, մեզ այլեւս չհաջողվեց լավ մասնագետներ գտնել, եւ այդպես արտադրամասը փակվեց: Ես շարունակում էի հաճախորդների զանգերն ընդունել եւ արդյունքում որոշեցի ինքս տորթեր թխել: Անընդհատ փորձելու, համացանցում հոլովակներ դիտելու եւ հետաքրքիր բաղադրատոմսեր գտնելու շնորհիվ էլ աստիճանաբար ավելի հմուտ դարձա, ավելի շատ հաճախորդներ ձեռք բերեցի»:

Երեք տարի առաջ էլ ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ՝ ապրելու եւ աշխատելու: Այս միտքն այնքան էլ Քնարիկի սրտով չի եղել, սակայն իսկական հաջողությունը հենց այնտեղ է ժպտացել հրուշակագործին: Նրա հետ սկսել են աշխատել շոու-բիզնեսի եւ այլ ոլորտների հայտնի մարդիկ՝ Անահիտ Սիմոնյանը, Մերի Մակարյանը, Աիդա Սարգսյանը, Նարեկ Մակարյանը, Շպռոտը, Լիլուն, Արմինա Allure-ն եւ այլք: Այսօր արդեն Քնարիկ Հարությունյանը հարյուրավոր հաճախորդներ ունի ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների շրջանում:

Քնարիկ Հարությունյանը


«Ես «չէ»-ն չգիտեմ՝ ինչ է, «չէ» չկա ինձ համար: Եթե մի բանը ստեղծված է մարդու համար, ուրեմն ես էլ կարող եմ դա անել: Այսօր տորթեր պատրաստելն է, վաղը գուցե բժշկությունը լինի, եւ ես կրկին կխորանամ այդ ուղղությամբ: Ամեն ինչ իրագործելի է, եթե ցանկություն եւ ձգտում կա: Սիրում եմ իմ աշխատանքը եւ զգում եմ, որ տորթեր պատրաստելու, ձեւավորելու տաղանդ ունեմ: Անընդհատ փորձում եմ լավագույնին հասնել, օրեցօր ավելի բարդ պատվերներ եմ վերցնում: Ես ամեն օր փորձում եմ ապացուցել ինքս ինձ եւ մյուսներին, որ ավելին կարող եմ»,- ասում է հրուշակագործը:

Նա ընդգծում է, որ լավ կատարած ամեն մի պատվեր իր հետ նոր հաճախորդներ է բերում.«Եթե որեւէ արտադրամաս կամ անհատ հրուշակագործ իր տորթը վաճառում էր հարյուր դոլարով, ապա ես վաճառում էի 40-50 դոլարով, որպեսզի մարդկանց ներգրավեի, հաճախորդներ ձեռք բերեի: Ամերիկա գալու երկրորդ-երրորդ օրվանից սկսել եմ աշխատել, գիշերները ցերեկ դարձրած` տորթեր պատրաստել եմ: Հաճախորդներին այդպես եմ ձեռք բերել՝ առավելագույն որակ ապահովելով ու բավականաչափ մատչելի գներ ասելով»:

Քնարիկ Հարությունյանի ձեւավորած տորթերից


Քնարիկից հետաքրքրվեցինք՝ կան արդյոք մասնագիտական այնպիսի գաղտնիքներ, որոնք էլ հանդիսանում են իր հաջողության գրավականը: Նա անկեղծացավ, որ համեղ ու յուրօրինակ տորթեր պատրաստելու բոլոր գաղտնիքներն ինքն է գտել` իր ամենօրյա աշխատանքի ու փորձերի արդյունքում: Սակայն դրանք երբեք գաղտնի չեն մնում ոչ ոքի համար, քանի որ սիրով կիսվում է բոլոր հետաքրքրվողների հետ եւ հաջորդ օրը մի նոր գաղտնիք է բացահայտում իր համար.«Ինձ միշտ հարցնում են՝ չես վախենում, որ գործդ ձեռքիցդ կտանեն, ասում եմ՝ ոչ, որովհետեւ կարող եմ դա ցույց տալ, բայց հաջորդ քայլս լրիվ ուրիշ մի բան կլինի: Միշտ փորձում եմ չկրկնել նախորդ արածս, ամեն անգամ տարբեր բաներ եմ փորձում, նորություններ եմ բացահայտում»:

Քնարիկին նաեւ հարցրինք, թե որն է եղել իր պատրաստած ամենահիշվող ու յուրօրինակ տորթը, սակայն նա չառանձնացրեց որեւէ մեկը: Փոխարենը պատմեց, որ մի անգամ մոռացել է 100 հոգու համար նախատեսված տորթ պատրաստել ընկերների համար, եւ պատվերը կատարել է ընդամենը 45 րոպեում` անմիջապես հյուրերի գալուց առաջ.«Նրանք մինչեւ հիմա էլ չգիտեն, որ ես մոռացել էի իրենց տորթը պատրաստել, այնպես որ, սա բացահայտում կլինի նրանց համար (ժպտում է,- հեղ.): Խնդիրն այն էր, որ հաճախորդը շատ մտերիմ մարդ էր, եւ երբ խոսել էինք այդ թեմայով, ես նույնիսկ պատվերը չէի գրանցել ինձ մոտ: Այդ օրը, երբ նա ինձ հարցրեց, թե երբ եմ բերելու տորթը, քանի որ հյուրերն արդեն գալիս են, ես, Սարդ-մարդու նման պատերին թռչելով, մի մեծ տորթ պատրաստեցի: Ոչ ոք չգուշակեց, որ նման խնդիր է եղել, եւ հյուրերն էլ այնքան գոհ էին, որ հետո զանգերն անդադար էին»:

Լիլուի հարսանեկան տորթը ձեւավորել է Քնարիկ Հարությունյանը


Հայաստան վերադառնալու մասին նա դեռ չի շտապում մտածել: Խոստովանում է՝ շատ է սիրում հայրենիքն ու իր գյուղը, բայց քանի որ ԱՄՆ-ում կարողանում է գումար վաստակել, դրա շնորհիվ էլ հաճախ օգնում է իր գյուղին եւ այստեղ ապրող իր բարեկամներին.«Կարծես խոպանում լինեմ, երբեք չեմ համարի, որ սա իմ տունն է: Բայց երբ սկսում ես գումար աշխատել, իրավիճակը ճահճի է նմանվում, շատ դժվար է լինում վերադառնալը: Միշտ ասում եմ՝ ավելի լավ է ինձ այստեղից «դեպորտ» անեն, որովհետեւ դժվար թե ինքնակամ հեռանամ: Հայաստանում աշխատելով՝ ես հնարավորություն չեմ ունենա օգնել իմ գյուղացիներին այնպես, ինչպես հիմա եմ անում բարեգործական ծրագրերի միջոցով: Ճիշտ է` ծնվել եմ Երեւանում, սակայն մեծացել ու դպրոց եմ գնացել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ տատիկիս ու պապիկիս հետ ապրելով: Չէի սիրում քաղաքն ու փակ շենքերը, լաց էի լինում, երբ գալիս էի Երեւան՝ ծնողներիս ու քույրերիս տուն»,- պատմում է Քնարիկը:

Վերջին օրերին համացանցում քննարկման ու հիացմունքի առիթ է հանդիսացել Քնարիկ Հարությունյանի պատրաստած շքեղ տորթը` երգչուհի Լիլուի հարսանեկան արարողության համար: Դժվար է նույնիսկ պատկերացնելը, որ ամբողջ աշխատանքը ձեռքով է իրականացվել: Քնարիկն ասում է՝ դա իր պատկերացրած հեքիաթային դղյակն է: Իսկ թե էլ ինչ յուրօրինակ տորթեր է պատրաստել հրուշակագործը եւ ինչ նոր աշխատանքներ է կատարելու, կարող եք տեսնել՝ հետեւելով նրա ինստագրամյան էջին՝ https://www.instagram.com/cakeby_knarik/ :

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Քնարիկ Հարությունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport