Դեկտեմբերի սկզբից մայրաքաղաքում սկսվել է ամանորյա ցուցահանդեսների շարքը, որոնցից մեկն էլ օրերս կայացել է “Ձմեռ պապ Expo” խորագրի ներքո:
“Ձմեռ պապ Expo”
Ցուցահանդես-վաճառքին ներկայացված մոտ 70 տաղավարում վաճառվում էին ձեռագործ զարդեր, տոնածառի խաղալիքներ, ամանորյա բազմազան աքսեսուարներ, կոսմետիկա, նկարազարդված սպասք, շարֆեր: Տաղավարներից մեկում էլ ամանորյա նվերների կողքին առաջարկվում էր “կենդանի” նվեր՝ Վանա կատու:
Դիզայներներ Հռիփսիմեն եւ Քրիստինեն միասին ներկայացրել էին ամանորյա թեմայով զարդեր, նկարազարդված ապակե սպասք, ուլունքագործ սրբապատկերներ՝ հատուկ Սուրբ Ծննդի համար: “Որոշ աշխատանքներ նախապես ունեցել ենք, բայց այս ցուցահանդեսի համար ձմեռային թեմայով նոր բիժու ու հուշանվերներ ենք պատրաստել: Նոր մարդկանց հետ ենք շփվում, որոնք մեր ձեռքի աշխատանքը գնահատում ու գնում են”, - նշել են աղջիկները:
“Ձմեռ պապ Expo”-ին հյուրընկալվել էին նաեւ Ձմեռ պապն ու Ձյունանուշը
Որպես տոնածառի խաղալիք կավե հրեշտակներ, զանգեր, փաթիլներ առաջարկող 20-ամյա Նելլին գոհ էր ներկաների հետաքրքրությունից ու աժիոտաժից. “Նախատոնական տրամադրությունն արդեն զգացվում է: Ինձ համար շատ հաճելի է, որ իմ ձեռքի աշխատանքը կախվելու է տարբեր տոնածառներից, իսկ ես կարող եմ ինքնուրույն գումար աշխատել”:
Խեցեգործ Արեւիկն էլ առաջին անգամ էր մասնակցում ամանորյա ցուցահանդեսի, իր տաղավարում ներկայացրել էր կավե մոմակալներ, ծաղկամաններ ու այլ իրեր. “Դեռ նոր եմ այս ոլորտում, առաջին ցուցահանդեսն արդեն հետաքրքիր է”:
“Ձմեռ պապ Expo”-ին հյուրընկալվել էին նաեւ Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Մեկօրյա ցուցահանդեսի կազմակերպիչը “Էկո” կենտրոնն էր:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: