×


Մահացել է գեղանկարիչ Հենրիկ Գարուկյանը

Մայիսի 1-ին 65 տարեկանում կյանքից հեռացել է գեղանկարիչ Հենրիկ Գարուկյանը:


Հենրիկ Գարուկյանը

Նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա «Մատուռ» սգո համալիրի մեծ սրահում (Ֆուչիկի 27/34) մայիսի 3-ին, ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը` մայիսի 4-ին, ժամը 13:00-ին` Նկարիչների միությունից:

BRAVO.am-ը ցավակցում է Հենրիկ Գարուկյանի հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:

BRAVO.am-ը 2011 թվականին հետաքրքիր զրույց է ունեցել գեղանկարչի հետ, որը կարող եք կարդալ այստեղ:

Հենրիկ Գարուկյանը ծնվել է Վանաձորում: 1973թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հեղինակել է բազմաթիվ ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաեւ ինտերիերի ձևավորումներ: Ստեղծագործել է հիմնականում ֆիգուրատիվ, էքսպրեսիվ գեղանկարչության ժանրում: Կտավների հիմքում ընկած են Աստծո եւ մարդու փիլիսոփայական կապը, կնոջ կերպարի խորհրդավորությունը, ժամանակն ու տիեզերքը, մարդու հավերժական կռիվը: Առավել հայտնի են «Աստիճաններ» եւ «Մանեքենուհիներ» շարքերը, «Հալլեյ գիսաստղը», «Ուրբաթը», «Դոն Քիշոտի երազը», «Ցայտնոտ», «Փոքրիկ Մոցարտը», «Հայտնություն», «Բախ», «Թագավոր եւ թագուհի» եւ այլ մի շարք կտավներ: 1973թ-ից մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներով ներկայացել է Երեւանում (1975թ., 1984թ.), Լոս Անջելեսում (1990թ.): Աշխատանքներից գտնվում են մի շարք համաշխարհային եւ հայաստանյան պատկերասրահներում, ինչպես նաեւ հարյուրավոր անհատական հավաքածուներում (Մայքլ Դուգլաս, Շառլ Ազնավուր, Բոբբի ՄքՖերրին եւ այլք): 1984-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։

BRAVO.am
Կենսագրական տվյալները` avproduction.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW