×


Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Գեւորկովան

Վիտամին D-ի պակասը կանանց օրգանիզմում․ ինչու է այն ազդում ոչ միայն ոսկորների, այլ նաեւ հորմոնների եւ տրամադրության վրա

Վերջին տարիներին վիտամին D-ի մասին խոսակցությունները զգալիորեն ակտիվացել են։ Այն այլեւս չի ընկալվում միայն որպես ոսկորների ամրության համար անհրաժեշտ վիտամին։ Բժշկության մեջ այն վաղուց դիտարկվում է որպես հորմոնանման նյութ, որը մասնակցում է հարյուրավոր կենսաբանական գործընթացների։

Կանանց դեպքում դրա դերը հատկապես զգայուն է. այն առնչվում է հորմոնային հավասարակշռությանը, դաշտանային ցիկլին, վերարտադրողական առողջությանը, հղիության ընթացքին եւ նույնիսկ հոգեվիճակին։

Թեմայի շուրջ զրուցել ենք գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Գեւորկովայի հետ։

Մասնագետի խոսքով՝ վիտամին D-ն դասական իմաստով վիտամին չէ, այլ ստերոիդային պրոհորմոն եւ ամբողջ օրգանիզմի համակարգային կարգավորիչ։ Դրա ակտիվ ձեւը կապվում է հատուկ ռեցեպտորների հետ, որոնք առկա են գրեթե բոլոր հյուսվածքներում։

Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Գեւորկովան


Սա է պատճառը, որ դրա ազդեցությունը չի սահմանափակվում միայն ոսկրային համակարգով։ Վիտամին D-ի ռեցեպտորներ կան նյարդային, իմունային, սրտանոթային, էնդոկրին համակարգերում, ինչպես նաեւ աղեստամոքսային տրակտում, լյարդում, երիկամներում եւ մաշկում։

Հատկապես կարեւոր է, որ այդ ռեցեպտորները առկա են նաեւ կանանց վերարտադրողական համակարգում՝ հիպոֆիզում, ձվարաններում, էնդոմետրիումում, կաթնագեղձերում եւ անգամ պլացենտայում։

Վիտամին D-ն մասնակցում է ֆոլիկուլի աճին եւ որակյալ էնդոմետրիումի (արգանդի ներքին շերտը, որտեղ կարող է ամրանալ սաղմը) ձեւավորմանը։ Արտահայտված դեֆիցիտի դեպքում կարող է մեծանալ հետծննդյան դեպրեսիայի ռիսկը, ավելի ծանր արտահայտվել նախադաշտանային համախտանիշը, իսկ դաշտանադադարի շրջանում հաճախանում են դեպրեսիվ եւ տագնապային դրվագները։

Ինչու է դեֆիցիտը դարձել «ժամանակակից խնդիր»

Թվում է՝ արեւի պակաս չունենք, սակայն վիտամին D-ի դեֆիցիտը լայն տարածում ունի նույնիսկ արեւային երկրներում։ Մասնագետը դա բացատրում է մի քանի գործոնով։

Առաջինը «արեւային երկրների պարադոքսն» է։ Տաք կլիմայում մարդիկ սովորում են խուսափել արեւից՝ ակտիվ ժամերին դուրս չեն գալիս, կրում են փակ հագուստ, աշխատում են փակ տարածքներում եւ օգտագործում արեւապաշտպան միջոցներ։ Բացի այդ, որքան մուգ է մաշկը, այնքան ցածր է վիտամին D-ի սինթեզը։


Երկրորդ կարեւոր գործոնը ավելորդ քաշն ու ժամանակակից սննդակարգն են։ Ավելորդ քաշի դեպքում վիտամին D-ի ակտիվ մակարդակը սովորաբար նվազում է։

Միաժամանակ սննդարդյունաբերության փոփոխությունների հետեւանքով բազմաթիվ մթերքներ կորցրել են իրենց բնական վիտամինային հարստությունը։

Երրորդ գործոնը կյանքի տեւողության աճն է․ տարիքի հետ մաշկում վիտամին D-ի սինթեզը զգալիորեն նվազում է։

- Ո՞վքեր են առավել խոցելի։

- Վիտամին D-ի պակասն առավել հաճախ հայտնաբերվում է հղիների, ավելորդ քաշ ունեցող կանանց, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ ունեցող պացիենտների, դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ։ Այն հաճախ է հանդիպում նաեւ աուտոիմուն հիվանդությունների եւ աղեստամոքսային համակարգի խնդիրների դեպքում։


- Ինչպե՞ս է վիտամին D-ն ազդում դաշտանային ցիկլի եւ հորմոնների վրա։

- Վիտամին D-ի պակասը սովորաբար հորմոնային խանգարումների միակ պատճառը չէ, սակայն այն կարող է խորացնել առկա խնդիրները։


Դեֆիցիտի դեպքում հաճախ ավելի ծանր է արտահայտվում նախադաշտանային համախտանիշը, կարող են ուժեղանալ դաշտանային եւ կոնքի ցավերը, ավելի հաճախ է գրանցվում անօվուլյացիա (ձվադրության չկայանալը), ինչի հետեւանքով խանգարվում է ցիկլի կանոնավորությունը։

- Իսկ դրա պակասը վերարտադրողական առողջության եւ հղիության վրա էապես կարո՞ղ է անդրադառնալ։

- Վիտամին D-ն ինքնին անպտղության անկախ պատճառ չէ։ Սակայն բավարար մակարդակի դեպքում սաղմի իմպլանտացիան ավելի հաջող է ընթանում, ինչը հատկապես կարեւոր է արտամարմնային բեղմնավորման ծրագրերում։ Կան տվյալներ, որ այն կարող է նվազեցնել նաեւ վաղ վիժումների հավանականությունը։

Հղիության ընթացքում վիտամին D-ն գործում է որպես ստերոիդային հորմոն։ Այն մասնակցում է պտղի կմախքի ձեւավորմանը եւ կարեւոր դեր ունի պլացենտայի զարգացման հարցում։ Արտահայտված դեֆիցիտը կապված է պրեեկլամպսիայի (հղիության ընթացքում բարձր ճնշում եւ մարմնի այտուցներ՝ պտղի առողջության համար վտանգավոր վիճակ), վաղաժամ ծննդաբերության, ցածր քաշով պտղի եւ գեստացիոն շաքարախտի բարձր ռիսկի հետ։

Մասնագետի խոսքով՝ վիտամին D-ի պակասը հաճախ առանց ակնհայտ նշանների է։ Այն կարող է արտահայտվել հոգնածությամբ, տրամադրության անկմամբ, ուշադրության նվազումով եւ մկանային թուլությամբ։ Կարող են նկատվել մազաթափություն, մաշկի չորություն եւ փխրուն եղունգներ։


Մակարդակը պարզելու համար արյան մեջ որոշվում է 25(OH)D ցուցանիշը․ 20 նգ/մլ-ից ցածր՝ դեֆիցիտ, 20–30 նգ/մլ՝ անբավարարություն, 30–50 նգ/մլ՝ բավարար, իսկ հղիների ու ռիսկային խմբերի համար ցանկալի է 40–60 նգ/մլ։ Հայտնաբերված պակասը պահանջում է անհատական բժշկական մոտեցում։

Վիտամին D-ի չափավոր դոզաներով ընդունումը սովորաբար անվտանգ է։ Կանխարգելիչ դոզան կազմում է մոտ 800–1000 միջազգային միավոր օրական, իսկ մինչեւ 4000 միավորը համարվում է վերին անվտանգ սահման։ Սակայն բարձր դոզաների երկարատեւ եւ անվերահսկելի ընդունումը կարող է բերել լուրջ բարդությունների՝ երիկամային քարերի, անոթների կալցիֆիկացիայի եւ կալցիումի բարձրացման։

Մասնագետը հավելում է՝ վիտամին D-ի մակարդակի ստուգումը հատկապես կարեւոր է հղիություն պլանավորելիս եւ դաշտանադադարի շրջանում։ Վիտամին D-ն կանանց առողջության կարեւորագույն կարգավորիչներից մեկն է։ Դրա բավարար մակարդակը կարեւոր է ոչ միայն ոսկորների ամրության համար, այլեւ հորմոնային հավասարակշռության, վերարտադրողական առողջության եւ հոգեկան կայունության պահպանման համար։

Տեքստը՝ Մարիամ Պողոսյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW