×


Մարգարիտա Բարխոյանի 26-ամյակի նվերներն ու տարօրինակ մաղթանքը

Մարգարիտա Բարխոյանը թեեւ սիրում է իր ծննդյան օրը, սակայն մեծ խնջույքներ չի կազմակերպում: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ երեկ` մայիսի 3-ին, տարեդարձը նշել է տանը` ընտանիքի անդամների եւ մտերիմ մարդկանց հետ. “Հյուր էին եկել նրանք, որոնց հատուկ հրավիրելու կարիք չկար: Ստացել եմ բազմաթիվ շնորհավորանքներ, տարօրինակ էր, բայց շատերն իրենց մաղթանքներում ինձ ցանկանում էին շատ փող, նաեւ առողջություն ու սեր: Թե ինչ է կատարվում իմ սրտում, չեմ սիրում բարձրաձայնել. անձնական կյանքիս հարցում գաղտնապահ եմ”:

Մարգարիտա Բարխոյան


26-ամյա երգչուհին ծաղիկների եւ հատկապես վարդերի մեծ սիրահար է: Նա նշել է, որ սիրում է լուսանկարել իր ստացած ծաղկեփնջերը.“Եթե հիշել են ու ծաղիկներ նվիրել, ինձ համար արդեն մեծ ուշադրություն է: Կարծում եմ` աղջկա համար ծաղիկները ցանկացած նվերից առավել են: Բացի ծաղիկներից, ստացել եմ նաեւ ոսկե զարդեր. վերջին շրջանում աքսեսուարներ քիչ եմ կրում եւ նախընտրում եմ միայն ազնիվ մետաղներից զարդեր”:

Մարգարիտա Բարխոյանը նշել է 26-ամյակը


Հոբելյարի համար ամենահիշարժան ծննդյան տոնը եղել է 23-ամյակը, երբ տեղի է ունեցել նրա առաջին ակումբային մենահամերգը. “Բեմում նշելուց ավելի լավ ծնունդ չեմ ունեցել: Այդ օրն իսկապես յուրահատուկ էր ինձ համար: Միգուցե հետագայում նորից համերգով նշելու առիթ կունենամ”:

Մարգարիտա Բարխոյանը նշել է 26-ամյակը


Խոսելով աշխատանքային դադարի եւ առաջիկա նորությունների մասին՝ Մարգարիտան հայտնել է, որ այս շրջանում իր հեղինակած երգերն է ձայնագրում, մայիսի վերջին նախատեսում է դրանցից մեկի հիման վրա նոր տեսահոլովակ նկարահանել. “Այս շրջանում որեւէ ակումբում չեմ աշխատում, բայց կորպորատիվ միջոցառումների մասնակցում եմ: Տարեվերջին ցանկանում եմ ձայնասկավառակ թողարկել, որը գրեթե պատրաստ է: Այդ ժամանակ ավելի ակտիվ կլինեմ”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մարգարիտա Բարխոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW