×


Մարգարիտա Բարխոյան. սեր առանց սիրային պատմության :)

Մարգարիտա Բարխոյանը նախորդ տարվանից առավել հաճախ ներկայանում է սոլո կատարումներով, նշում է` եղբոր` Վլադիմիրի հետ շարունակելու են միասին երգել, բայց ցանկանում է զարգացնել իր անհատական կարիերան եւ օրերս նոր տեսահոլովակ է նկարահանել:

Մարգարիտա Բարխոյանը "Արեւը" տեսահոլովակի նկարահանումներին


Երկրորդ տեսահոլովակի համար նա ընտրել է “Արեւը” կոչվող երգը, որն առաջին անգամ կատարել է 2012-ին` իր ակումբային մենահամերգի ժամանակ. “Սա իմ գրած առաջին երգն է, որը գործիքավորվել է, մինչ այս չեմ ներկայացրել իմ գործերը: Ուրախ ու ռիթմիկ, վառ սիրո մասին երգ է: Նախապատմություն չունի. միանգամից մտքումս ծնվեցին մեղեդին ու բառերը”, - BRAVO.am-ին պատմել է Մարգարիտա Բարխոյանը:

Մարգարիտա Բարխոյանը "Արեւը" տեսահոլովակի նկարահանումներին


“Արեւ”-ի  ռեժիսորն Էդգար Վարդանյանն է, օպերատորը` Վարշամ Սաֆրազյանը: Երկու օր տեւած նկարահանումներն իրականացվել են ռեստորանում, գործարանում, կահույքի եւ հագուստի խանութներում,  երգչուհին էլ մի քանի անգամ զգեստափոխվել է:

Մարգարիտա Բարխոյանը "Արեւը" տեսահոլովակի նկարահանումներին


Մարգարիտան իր նոր տեսահոլովակում նաեւ պարում է “M&Art” պարի ստուդիայից երկու տղայի հետ.“Ինձ համար պարելը նոր էքսպերիմենտ էր: Փորձերը տեւել են մոտ երկու շաբաթ, իսկ արդյունքը կտեսնեք մոնտաժից հետո”:

Խոսելով “Արեւ”-ի սյուժեի մասին` Մարգարիտան նշել է, որ ներկայացվելու է իր կյանքի մեկ օրը.“Երջանիկ հերոսուհու դերում հենց ես եմ, որն իր կյանքի ամեն վայրկյանը տոն է դարձնում: Խոհանոցում ուտեստ եմ պատրաստում, գնումներ եմ կատարում… Սիրային պատմություն ու հերոս չկա. հիմա այնքան ուրախ եմ ապրում, որ չեմ կարծում, թե անպայման պետք է սիրահարված լինեմ: Ապագայում, երբ իմ կողքին կլինի սիրելի մարդ, կծնվեն սիրային նոր երգեր, իսկ հիմա ստեղծագործական շրջանում եմ”:

Մարգարիտա Բարխոյանը "Արեւը" տեսահոլովակի նկարահանումներին


Երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ ոճաբանի հետ չի աշխատում, բեմական զգեստներն ինքնուրույն է ընտրում, այս տեսահոլովակի համար էլ ընտրել է իր ճաշակով հանդերձներ` հաշվի առնելով ռեժիսորի եւ մայրիկի կարծիքը.“Այնքան էլ չեմ սիրում մոդելավորողների հետ աշխատել ու կտրուկ ոճափոխություններ անել”:

Մարգարիտան ծրագրում է այս տարվա ընթացքում իր հեղինակային երգերով ձայնասկավառակ թողարկել, իսկ ծննդյան օրը` մայիսի 3-ը, ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ ակումբային մենահամերգով նշանավորել. “Ուզում եմ ավանդույթ դարձնել ռեստորանում խնջույք կազմակերպելու փոխարեն համերգ տալն ու երգելը. մի բան, որ ամենից շատ եմ սիրում”:

Մարգարիտա Բարխոյանը


Երգչուհին պատմել է, որ նախորդ տարի եղբոր հետ փոքրիկ մենահամերգ են ունեցել Փարիզում, հիմա էլ ցանկանում է այնտեղ տեսահոլովակ նկարահանել.“Ֆրանսիան մոգական երկիր է, որտեղ արդեն բազմաթիվ ընկերներ ունենք. հարազատ վայր է դարձել”:

Մարգարիտա Բարխոյանի “Արեւը” տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է մոտ երկու շաբաթից, որը կներկայացնենք Videos բաժնում:

BRAVO.am
Լուսանկարները` Արգինե Մինասյանի /Bravo.am/ եւ Մարգարիտա Բարխոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW