×


Մարինա Թագակչյան.“Աղջկան ոչ հատուկ չարաճճիություններ է անում”

Երգահան, հաղորդավար Մարինա Թագակչյանի եւ կինոօպերատոր Ալեքսանդր Քալանթարի դուստրն օրեր առաջ դարձել է 1 տարեկան, ծնողներն էլ նշանավորել են փոքրիկի առաջին տարեդարձը.“Հրավիրել էինք մեր հարազատներին ու ընկերներին եւ հատուկ շեշտել, որ բոլորն իրենց բալիկների հետ գան: Նախապես որոշել էի, թե ինչպիսին պետք է լինի տորթը, ինչ պիտի հագնի աղջիկս: Ամենայն մանրամասնությամբ պատրաստվել էի նրա ծննդյան տոնին”,- BRAVO.am-ին պատմել է հաղորդավարուհին:

Մարինա Թագակչյանն` ամուսնու եւ դստեր հետ


Մարինան մայրանալուց հետո հեռուստաեթեր չի վերադարձել, սակայն միայնակ կամ իր գործընկերոջ` Տիգրան Հարությունյանի հետ վարում է կորպորատիվ միջոցառումներ.“Արդեն ցանկանում եմ նոր ծրագրով եթեր վերադառնալ, բայց ոչ հիմա, քանի որ ինքս եմ զբաղվում աղջկաս խնամքով: Երբեք չէի պատկերացնի, որ բծախնդիր մայրիկ կլինեմ: Եթե առաջ մտածում էի, որ բալիկիս կվստահեմ դայակին եւ մեծ եռանդով կաշխատեմ, հիմա նույնիսկ մտերիմ մարդկանց մոտ չեմ կարողանում թողնել, քանի որ չարաճճի երեխա է”:

Եվայի մայրիկն անկեղծորեն պատմել է նրա չարաճճիությունների մասին. “Սարսափելի շարժուն է, Մաուգլիի պես բարձրանում է բոլոր հնարավոր ու անհնար վայրերը, ամեն ինչ հետաքրքրությամբ բացում, ջարդում ու քանդում է: Աղջկան ոչ հատուկ չարաճճիություններ է անում, կարծես, փոքրիկ արհեստավոր լինի. խաղում է գործիքներով, էլեկտրական սարքավորումներով, փոշեկուլով ու լարերով, իսկ խաղալիքները նրան չեն հետաքրքրում: Երբ գարեջուր ենք խմում, այնքան կամակորություն է անում, որ մի կում էլ իրեն տանք: Երբ քնում է, մի փոքր շունչ եմ քաշում ու հանգստանում”:

Ալեքսանդր Քալանթարը` դստեր հետ


Մարինեն օրվա մեծ մասն անցկացնում է դստեր հետ.“Երեկոյան, երբ ամուսինս աշխատանքից վերադառնում է, երեխայի հետ զբոսնում ենք, երբեմն էլ գնում խնջույքների ու հավաքույթների: Ժամանակիս մեծ մասը նվիրում եմ ընտանիքիս”:

Նա հայտնել է, որ ցանկություն ունի գրել հարսանեկան թեմայով երգեր.“Ուզում եմ որակյալ ու գեղեցիկ հարսանեկան երգեր լինեն: Պատվիրելը թանկ հաճույք է, բայց զույգի համար հաճելի է սեփական երգն ունենալ, իսկ թե ով կկատարի, կախված է ոչ միայն իմ, այլեւ սիրահարների ցանկությունից: Եթե երգերը շատ լինեն, նպատակ ունեմ հետագայում հատուկ հարսանեկան երգերի սկավառակ թողարկել”:

BRAVO.am
Լուսանկարները` Մարինա Թագակչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW