×


Մարիսսան երգարվեստում կներկայացնի իր տեսակն ու ձեռագիրը

“Մեցցո” ակումբում երեկ բոլոր հավաքվածների ուշադրության կենտրոնում Մարիսսան էր. երգչուհի, որը մասնագիտացել է օպերային արվեստում, բայց առավել հոգեհարազատ է համարում ջազը: Իսկ առիթը նրա եւ ռուսաստանյան հայտնի երգիչ Մարկ Տիշմանի զուգերգի տեսահոլովակի շնորհանդեսն էր:

Մարկ Տիշմանը եւ Մարիսսան


Միջոցառման հյուրերը, որոնց թվում` Նառան, Նարեկ Բավեյանը, Էմմին եւ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ, ոչ միայն դիտել են երգչուհու առաջին տեսահոլովակը, այլ նաեւ վայելել նրա կենդանի ելույթը: Հայաստանի պետական ջազ նվագախմբի փոքր կազմի հետ Մարիսսան կատարել է ջազ ստանդարտներ` իրեն մեծապես աջակցելու համար շնորհակալություն հայտնելով մայրիկին, քրոջը եւ, իհարկե, ամուսնուն:

 “Не надо бояться” զուգերգի տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանում, ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, ոճաբանը` Ֆաինա Հարությունյանը.“Նրանք մեր ընկերներն են, բայց այդ պատճառով չենք աշխատել. լավ մասնագետներ են, իսկ մեզ հարկավոր էր որակյալ աշխատանքով ներկայանալ հանդիսատեսին”,-BRAVO.am-ին հայտնել է Մարիսսան:

Երգչուհի Մարիսսան


Ռուսալեզու երգի երաժշտությունը գրել է երգչուհու ավագ քույրը` երգահան Նաիրե Ստեփանյանը, գործիքավորել է Արա Թորոսյանը` Մուրզոն, իսկ խոսքերի հեղինակը հենց Մարկ Տիշմանն է, որը եւս ժամանել էր Երեւան` մասնակցելու տեսահոլովակի առաջին ցուցադրությանը:

Պարզվում է` Մարիսսայի քույրն ու երգիչը համակուրսեցիներ են եղել, հիմա էլ մտերիմ ընկերներ են.“Հասկացա, որ զուգերգի տեսքով գեղեցիկ կհնչի, զանգեցի Մարկին, նա առանց երաժշտությունը լսելու միանգամից համաձայնեց քրոջս հետ երգել:)”,-նշել է Նաիրե Ստեփանյանը:

Մարիսսան եւ Նառան


Մարկ Տիշմանը եւս երգել է ներկաների համար` նշելով, որ ուրախ է գտնվել Հայաստանում.“Մարիսսան ոչ միայն լավ երգչուհի է, այլ նաեւ հրաշալի մարդ. մեր ասպարեզում շատ կարեւոր է մարդկային տեսակը: Քույրերին վաղուց եմ ճանաչում ու սիրով համագործակցեցի”: 

Մարիսսան երգում է մանկուց, երաժշտական կրթություն ստացել է 7 տարեկանից, որպես մեներգչուհի Մոսկվայում հանդես է եկել մանկական երաժշտական թատրոնում, իսկ բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում.“Երբ Մոսկվայից ընտանիքով վերադարձանք Երեւան` մշտական բնակության, այստեղ էլ շարունակեցի ուսումս` հորս խորհրդով ընտրելով օպերային երգչուհու մասնագիտությունը: Թեեւ սիրում եմ դասական վոկալը, բայց ինձ ավելի հոգեհարազատ է ջազը: Երբ բենդի հետ ջազ եմ երգում, իմ տարերքի մեջ եմ, այլ կերպ եմ զգում ու ընկալում”,-մեզ հետ զրույցում պատմել է նա:

Տիկոն, Մարիսսան եւ Արման Մարգարյանը


Իր բեմական անունն ընտրելիս երգչուհին երկար չի մտածել, քանի որ մանկուց նրան հաճախ այս անունով են դիմել.“Կարծում եմ` գեղեցիկ ու ճիշտ է բեմական անունով հայտնի լինելը”,-նշել է Մարիսսան` հավելելով, որ երաժշտական ասպարեզում բազմաթիվ ընկերներ ունի, բայց մտերմությունը շոու-բիզնեսից դուրս է.“Շատերն ինձ գիտեն ոչ թե որպես երգչուհի, այլ` ընկեր, քանի որ կյանքի բերումով ենք սկսել շփվել”:

Մարիսսան` ամուսնու` Վազգեն Պողոսյանի հետ


Մարիսսային աշխատանքային հարցերում աջակցում է ամուսինը: Նախատեսում են դուետով չսահմանափակվել եւ հաջորդ տարվա ընթացքում այլ նորություններ մատուցել.“Իմ առջեւ ոճային սահմանափակում չեմ դրել, ուզում եմ երգել տարբեր ժանրերում, բայց կփորձեմ լինել իմ տեսակի մեջ ու ներկայանալ իմ ձեռագրով: Կոնսերվատորիայի ասպիրանտուրան ավարտելուց հետո դադար էի վերցրել եւ փորձում էի գտնել իմ նոր ձայնը, քանի որ դասական վոկալը երգելու համար լավ հիմք  է, բայց մի քիչ խանգարում է փոփին ու ջազին: Հույս ունեմ` կկարողանամ ներկայանալ նորովի եւ իմ ասելիքը փոխանցել հանդիսատեսին”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW