×


«Միշտ հիշել՝ ով ես եւ ինչի համար ես պայքարում». Մխիթարյանի «հայ-իտալական կրքերով» գրքի շնորհանդեսը

«Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է, բայց այն գրել եմ ոչ միայն իմ մասին. այն բոլոր նրանց մասին է, ովքեր երազում են, պայքարում, ովքեր երբեմն ընկնում են, բայց չեն հանձնվում։ Այն իմ մանկության, ընտանիքի, դժվար որոշումների, հաղթանակների ու ցավոտ պահերի մասին է։ Իմ կյանքում եղել են պահեր, երբ ամեն ինչ ծանր է թվացել, բայց մի բան երբեք չի փոխվել՝ հավատն աշխատանքի, համառության նկատմամբ ու սերը հայրենիքի հանդեպ։ Միշտ հիշել՝ ով ես, որտեղից ես գալիս եւ ինչի համար ես պայքարում»,- այս խոսքերով մեծ էկրանից իր գրքի շնորհանդեսին ներկա հյուրերին ողջունեց Հենրիխ Մխիթարյանը։


«Ինտեր»-ի կիսապաշտպանն իր «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում. հայ տղայի վճռական նվիրումի ուղին» գրքի հայերեն հրատարակության երեւանյան շնորհանդեսին, որը տեղի ունեցավ «Newmag»-ի ձմեռային փառատոնի շրջանակում, ներկա գտնվել չկարողացավ։ Ֆուտբոլային մրցաշրջանը ընթացքի մեջ է, ու Մխիթարյանն ակումբի հետ պայքարում է մեդալներ նվաճելու համար։ Սակայն կազմակերպիչները խոստանում են առաջիկայում նրա հետ հանդիպում կազմակերպել, որպեսզի ցանկացողները մակագրեն իրենց գրքերը։

«Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» իտալերեն գրքի շնորհանդեսը Միլանում մի քանի ամիս առաջ է տեղի ունեցել։ Հենրիխ Մխիթարյանն այն գրել է Ալեսանդրո Ալչատոյի հետ գործակցությամբ, իսկ հայերեն թարգմանությունն իրականացրել են Լուսինե Շուքուրյանն ու Անի Հակոբյանը։


Հայերեն տարբերակի շնորհանդեսին Երեւանում հավաքվել էին Մխիթարյանի երկրպագուներն ու նրան լավ ճանաչող մարդիկ, որոնց հետ երկար տարիներ աշխատել է եւ ընկերություն արել։ Վարդան Մինասյանը «Փյունիկ»-ում ու Հայաստանի ազգային հավաքականում շատ երկար է մարզել Մխիթարյանին եւ նրան լավ է ճանաչում որպես մարդ ու ֆուտբոլիստ։

«Հենրիխ Մխիթարյանի հաջողության եւ բարձունքների հասնելուն մի քանի գործոն է նպաստել. նա շատ աշխատասեր է ու նպատակասլաց։ Իր ճանապարհին շատ դժվարությունների է հանդիպել, բայց դրանք հաղթահարելու ունակություն է ունեցել։ Հենրիխը միշտ շրջապատված է եղել ճիշտ մարդկանցով. նրա կողքին են եղել ընտանիքն ու ֆուտբոլից հասկացող մարդիկ, որոնք նրան օգնել են։ Նաեւ գենետիկան է մեծ դեր խաղացել, ինչը եւս շատ կարեւոր է։ Հենրիխը բարձրակարգ ֆուտբոլիստ է, որը կարողացել է բարձունքի հասնել ու այնտեղ երկար մնալ»,- ասել է Մինասյանը։


Մարզիչը կարծում է, որ Մխիթարյանին ամենաճիշտ բնութագրող որակը կարգապահությունն է, որն օգնում է նույնիսկ այն պահերին, երբ մոտիվացիա չկա։ Հայ կիսապաշտպանին միշտ առաջ է մղել իր ինտելեկտը, քանի որ ժամանակակից ֆուտբոլը միայն ոտքով չեն խաղում, այլ նաեւ՝ մտքով։

Դավիթ Մանոյանը Մխիթարյանին ճանաչում է 7 տարեկանից. միասին են առաջին քայլերն արել, բացի այդ էլ, նույն բակում են մեծացել, հաճախ են ֆուտբոլ խաղացել ու հեծանիվ քշել։ «Մենք պարզ մանկություն ենք ունեցել, ինչից նոր սերունդը շատ է կտրված։ Մեր առօրյայի մեծ մասը հենց ֆուտբոլն էր կազմում։ Մեր սերնդակիցները կհիշեն «Պանինի» ամսագրերը, որի համար ֆուտբոլային քարտեր էինք հավաքում եւ փոխանակում։ Սովորաբար Հենոյի մոտ քարտերն արագ էինք կուտակվում, ու նա դրանք ինձ էր տալիս»,- պատմել է Մանոյանը։


Նա շատ ուրախ է, որ Մխիթարյանի տաղանդը գնահատող բազմաթիվ մարդիկ կան ու ներկա են գրքի շնորհանդեսին։ Մանոյանը տպավորություն ունի, թե հայերն ամբողջովին չեն գիտակցում, թե երկար տարիներ բարձրակարգ ակումբներում հանդես եկող որքան ուժեղ ֆուտբոլիստ ունեն. «Առաջ կերազեինք, որ նման թիմերում «յան» ազգանունով խաղացող լինի։ Հենոյի կյանքը ֆուտբոլի շուրջ է պտտվում։ Հենոյի պես ֆուտբոլ սիրող ու խաղին հետեւող մարդ չեմ տեսել։ Նա հաջողությունների է հասել անդադար աշխատանքի, ռեժիմին հետեւելու, նպատակասլացության եւ տաղանդի շնորհիվ»։


Գրքի համաթարգմանիչ Անի Հակոբյանը խոստովանել է, որ աշխատելու ընթացքում հատկապես դժվար է եղել հուզական շերտի պատճառով. պետք էր ամեն ինչ ճիշտ ու նրբանկատորեն հայերեն փոխադրել։

«Իտալահայկական կրքերով գիրք է ստացվել: Հայ տղայի նվիրումի ճանապարհն ու իտալացի համահեղինակի էմոցիոնալ բառամթերքն այն հրաշալի են դարձրել։ Այս կենսագրական գրքի յուրահատկությունը նրանում է, որ այն պարզապես ֆուտբոլային հաջողությունների թվագրում չէ. շատ են Հենրիխի երկխոսությունները հոր հետ։ Նա դիմում է հորը. «Պապ, սա էլ արեցի. հիմա «Մանչեսթեր»-ում եմ»: Գիրքն այս միջոցառմանը վառվող աչքերով ներկա այն երեխաների համար է, որոնք ցանկանում են մարզիկ դառնալ։ Բայց նրանք նախ պետք է հասկանան, որ հաղթանակներին, գավաթներին ու մեդալներին հասնում են ոչ թե մի քանի րոպեի ընթացքում, այլ տարիների քրտնաջան աշխատանքի»,- նշել է նա։


ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն էլ նշել է Մխիթարյանի մեծ դերը Հայաստանում երկրպագուական մշակույթի ձեւավորման հարցում։ «Նրա հետ ամենատարբեր հարցեր ենք քննարկել ու լսել իր կարծիքը։ Երբ թիմի ավագ էր, միշտ ֆուտբոլիստների հետ մոտենում էին երկրպագուներին ու իրենց հարգանքը ցույց տալիս։ Մեզ համար դա մեծ նշանակություն ուներ։ Հենրիխը երկրպագուների սրտերը հատկապես գրավել է իր պարզության շնորհիվ. բոլորն էլ գիտեին, որ կարող են նրա հետ խոսել, նույնիսկ՝ միասին սրճել»,- ասել է Ջանջոյանը։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW