Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարջան Ավետիսյանը, որը հանրությանը հայտնի է նաեւ իր բազմաթիվ դերերով ֆիլմերում եւ սերիալներում, 2015 թվականն էլ չի պատկերացնում առանց մասնագիտական գործունեության, իսկ թե ինչպես է դիմավորելու Նոր տարին, ինչ ակնկալիքներ ունի եւ ինչ դժվարություններ է հաղթահարել, պատմել է BRAVO.am-ի հետ հարցազրույցում:
Մարջան Ավետիսյանը
-Կարիերայում հաջողակ կանանց ձեռքբերումները հաճախ պայմանավորում են նրանց կյանքի տղամարդկանցով: Ի՞նչ կասեք այս մասին: Եվ ըստ Ձեզ, տղամարդու բացակայությունն ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:
-Մինչ օրս որեւէ տղամարդ կապ չի ունեցել իմ որեւէ ձեռքբերման հետ, առավել եւս մասնագիտական առումով: Իմ դեպքում պարզապես գործում է մասնագիտական ունակություններիս հանդեպ հարգանքը, որը գուցե առիթ է հանդիսանում այսօր ինձ համարել հաջողակ դերասանուհի: Բնականաբար, եղել են եւ կան տղամարդիկ, որոնց հետ ես աշխատել եւ աշխատում եմ, եւ միայն վերը նշված հատկությունների արձագանքն եմ լսել նրանցից: Կանանց հաջողությունները միշտ չէ, որ կարելի է կապել տղամարդկանց հետ: Եթե կան այդպիսիք, եւ կա որակ նրանց աշխատանքում, ապա կարծում եմ, ավելորդ է քննարկել եւ կնոջ հաջողությունը վերագրել կողքի տղամարդուն:
-Կարծրատիպ կա, թե կանայք, ովքեր հաջողակ են կարիերայում, սովորաբար, թերանում են որպես տնային տնտեսուհի: Իսկ ինչպիսի՞ն է միշտ գեղեցիկ եւ խնամված Մարջան Ավետիսյանը տանը, խոհանոցում:
-Իրականում ես լավ տնային տնտեսուհի կլինեի, կենցաղում չկա մի խոչընդոտ, որը հաղթահարել չկարողանամ` սկսած տան վերանորոգումից, ավարտած հագուստներ ձեւելուց եւ կարելուց: Խոհանոցում շատ կարճ ժամանակ եմ անցկացնում, համեղ ուտել սիրում եմ, սակայն ժամանակի վատնում եմ համարում ինձ համար երկար պատրաստելը: Եթե հյուրեր եմ ունենում, մեծ հաճույքով պատրաստում եմ, որովհետեւ պրոցեսին մասնակցում են նաեւ ընկերուհիներս:
Մարջան Ավետիսյանը
-Ո՞րն է եղել ամենամեծ դժվարությունը, որ ստիպված եք եղել հաղթահարել, եւ որքանո՞վ է դա կապված Ձեր մասնագիտության հետ:
-Հենց մասնագիտության ընտրությունն էր, որ ինձ անհաղթահարելի դժվարությունների առաջ կանգնեցրեց 14 տարի առաջ: Երբ ընդունվեցի Թատերական ինստիտուտ, ստիպված եղա թողնել հայրական տունս եւ տեղափոխվել Երեւան: Երեւի թե կյանքում միակ անհաղթահարելին կարոտն է:
-Միաժամանակ հանդես եք գալիս ե՛ւ թատրոնում, ե՛ւ հեռուստատեսությունում: Բնականաբար, հանգստի համար քիչ ժամանակ է մնում: Ի՞նչն եք հասցնում կարոտել շաբաթվա ընթացքում. միգուցե առավոտյան սուրճն առանց շտապելու վայելելը, կամ էլ տանը սիրելի ֆիլմը դիտելն ու ընկերների հետ ժամանակ անցկացնելը…
-Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք առանց աշխատանքի հոգեպես ոչնչանում են: Երեւի թե դա է պատճառը, որ հոգնում եմ, ընկճվում, սակայն երբեք չեմ դժգոհում իմ երբեմն ծանր գրաֆիկից: Մարդն ունակ է ամեն ինչի, միայն ցանկություն է պետք: Հասցնում եմ ամեն ինչ, ե՛ւ առավոտյան դատարկել սուրճի բաժակը, ե՛ւ դիտել ֆիլմեր, կարդալ եւ շփվել մարդկանց հետ: Իմ մտերիմ ընկերներն աշխատում են ինձ հետ, եւ երբեք շփման պակաս չի լինում:
Մարջան Ավետիսյանը
-Այժմ նկարահանվում եք “Ֆուլ Հաուս” սիթքոմում: Ձեր մարմնավորած կերպարը բավական տարբեր է մինչ այս Ձեր խաղացած դերերից, արդյո՞ք հաճելի է մարմնավորել նման թեթեւ կերպար:
-Որեւէ կերպար ինձ հեշտ չի տրվում, որովհետեւ յուրաքանչյուրին մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում: Ցանկացած ժանր իր դժվարություններն ունի: Սերիալային նոր կերպարիս հաջողության համար պետք է շնորհակալություն հայտնեմ ամբողջ թիմին: Մարդիկ սիրել են, ինձ համար էլ այն նույնքան գրավիչ է, որքան մյուս կերպարներս:
-Շուտով կսկվի նոր տարի, արդեն հայտնի՞ է, թե ինչ կերպարներում Ձեզ կտեսնեն հանդիսատեսն ու հեռուստադիտողը 2015-ին:
-Առաջարկներ կան թե կինոյի, թե թատրոնի ասպարեզում: Մանրամասների մասին կխոսեմ իրականացնելուց հետո:
Մարջան Ավետիսյանը
-Ինչպե՞ս եւ որտե՞ղ եք դիմավորելու Ամանորը: Ի՞նչ եք ակնկալում գալիք տարուց:
-Միշտ Ամանորը դիմավորում եմ ծնողներիս եւ եղբորս հետ: Այս տարին եւս բացառություն չի լինի: Ցանկությունս մարդկային կորուստներ չունենալն է, եւ ինչպես ժողովուրդն է ասում, մնացածը` հեչ...
Զրուցեց Վեգա Անդրիասյանը/Bravo.am/
Լուսանկարները` Մարջան Ավետիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: