“Ռոմանտիկները”. այսպես է կոչվում երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի եւ Շողիկ Թադեւոսյանի առաջին համատեղ աշխատանքը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարին` Գոթենբորգի միջազգային կինոփառատոնի շրջանակում, իսկ հայաստանյան հանդիսատեսի համար առաջին ցուցադրությունը նախատեսվում է գարնանը:
"Ռոմանտիկները" ֆիլմի ռեժիսորները եւ դերասանները
Գեղարվեստական ֆիլմի հիմքում, ինչպես BRAVO.am-ին հայտնել են հեղինակները, իրական փաստեր են. պատմությունը երիտասարդ դերասանի մասին է, ով պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ եւ իր մտերիմ ընկերների հետ հրաժեշտի խնջույք է կազմակերպում, սակայն չնախատեսված եւ անհեթեթ դեպքերի շղթան բերում է ողբերգության.“Ներկայացնում ենք, թե ինչպես խելամիտ մարդը կարող է կորցնել իրեն եւ ինչ խենթությունների է ունակ”:
Մեզ հետ զրույցում ռեժիսոր եւ պրոդյուսեր Արեգ Ազատյանը նշել է, որ “Ռոմանտիկները” միջազգային փառատոնում լավ ընդունելություն է գտել.“Դեռ սցենարի զարգացման փուլում նրանց կողմից արժանացել էինք դրամական խոշոր պարգեւի: Հանդիսատեսը շատ հավանեց ֆիլմը. հատկանշական է, որ նրանց մեծ մասը տեղացիներ չէին: Հատկապես հետաքրքրվեցին, թե այն երբ կցուցադրվի Հայաստանում, քանի որ բոլորին պարզ էր` նման ֆիլմը հայ հանդիսատեսին բավական համարձակ ու անսպասելի կարող է թվալ”:
"Ռոմանտիկները" ֆիլմի գլխավոր դերակատարներ Նարեկ Քթոյանը եւ Նարեկ Ներսիսյանը
Գլխավոր` Գոռի եւ Օսկարի կերպարները մարմնավորել են Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը, դերասանական կազմում են նաեւ Կարեն Խոսրովյանը, Դեւիդ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանելյանը, Հակոբ Մանուկյանը, Արթուր Ղալումյանը եւ Րաֆֆի Էլլիոթը։ Ֆիլմի համահեղինակ Շողիկ Թադեւոսյանը խոստովանել է, որ Գոռի` ինչ-որ առումով բացասական դերը կարծես հենց Նարեկ Ներսիսյանի համար էր գրված, որը համարձակ է գտնվել` նկարահանվելով ամբողջովին մերկ:
Օսկարի դերակատար Նարեկ Քթոյանի խոսքով` ֆիլմը դժվար կլինի խորապես ընկալել նրանց, ովքեր չեն հասկանա տղաների հոգեբանությունը, զգացմունքները.“Պետք է պատկերացնել` ինչ է լինում, երբ հավաքվում են միայն տղաները… խմիչքն ու թմրախոտն ապահովում են խենթությունները, որ ճիշտ ու լուսավոր է նկարված, բայց ծիծաղելու ցանկությունը հանգեցնում է ողբերգության”:
Կարեն Խոսրովյանը եւ Նարեկ Ներսիսյանը
“Ռոմանտիկներն” իրականացվել է Այսօր-Պլյուս ֆիլմարտադրության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Գոթենբորգի կինոհիմնադրամի եւ այլ ընկերությունների աջակցությամբ: Ստորեւ ներկայացնում ենք ֆիլմի թրեյլերը:
Տեքստը` Էսթեր Մեսրոպյանի
Լուսանկարները տրամադրել է “Այսօր-Պլյուս” կինոընկերությունը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: