«Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո-ջազ խումբը վերջերս համերգային շրջագայություն է ունեցել Միացյալ Նահանգներում ու Ֆրանսիայում՝ Վաշինգթոնից, Ֆիլադելֆիայից մինչեւ Սան-Ֆրանցիսկո, Բոստոն, Նյու-Յորք, Փորթլենդ, Լոս Անջելես, նաեւ Փարիզ։ Շուրջ մեկուկես ամիս տեւողությամբ ուղեւորության ընթացքում 11 համերգ են ունեցել։
«Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո-ջազ խումբը
Խմբի հիմնադիր, թառահար Միքայել Ոսկանյանը BRAVO.am-ին պատմել է, որ առաջին երկարատեւ շրջագայությունը հագեցած ու հետաքրքիր է անցել.«Տուրը կազմակերպող մեր ընկերները նախապես կապվել էին հայ համայնքների եւ ամերիկյան ընկերությունների հետ, հետաքրքրվող կազմակերպիչներն էլ հրավիրեցին: Մեզ համար հրաշալի առիթ էր այլազգիների համար նվագել, յուրաքանչյուր համերգին երգացանկը տարբերվում էր. հայաշատ դահլիճներում գերակշռում էր ֆոլկը, իսկ այլազգիների համար բացի հայկականից, նվագում էինք մեր ֆյուժն ստեղծագործությունները։ Նահանգից նահանգ տեղափոխվելով՝ Վաշինգթոնից մինչեւ հյուսիս-արեւելքում գտնվող Մեն, զգում էինք ունկնդիրների տարբեր արձագանքներն ու ճաշակը, անգամ հայերի մոտեցումներն էին տարբեր։ Համերգներից երկուսն ակումբում էին, մյուսները՝ համերգասրահներում»։
Միքայել Ոսկանյանը՝ կնոջ հետ
Թառահարը պատմել է նաեւ ճամփորդության դժվարությունների մասին. «Քանի որ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում տարբեր կլիմա է, շատ հագուստ էինք վերցրել, իսկ մեծ ճամպրուկներով տեղափոխվելը ներքին չվերթներին երբեմն դժվարություն էր ստեղծում։ Քանի որ շատ ուղեբեռով չէին թույլատրում ինքնաթիռ բարձրանալ, ստում էինք կամ փորձում լեզու գտնել, թեեւ լեզու գտնելն անհնար էր, ավելի շատ խաբում էինք:): Ինչպես պրոֆեսիոնալ խմբերի դեպքում, մենք եւս ունենք ռայդեր, բայց տեխնիկական մեծ պահանջներ չունենք, սննդի հետ կապված եւս խնդիր չունենք, բոլորս ամենակեր ենք:)»:
Միքայելի եւ Լուսինի առաջնեկը՝ Վանը, հինգ ամսական է, որդու մասին անսահման սիրով է խոսում. «Տղայիս համար ամեն օր թառ եմ նվագում, նա էլ իր դրական արձագանքով նպաստում է, որ տանն անընդհատ պարապեմ։ Արդեն նկատելի է՝ երաժշտության հանդեպ անտարբեր չէ, սիրում է, երբ ես կամ կինս երգում ենք։ Լուսինն արդեն վերադարձել է աշխատանքին եւ կրկին աջակցում է հանրային կապերի հարցերով»։
Միքայել Ոսկանյանը՝ որդու հետ
Ներկայումս խումբը պատրաստվում է թողարկել երկրորդ ձայնասկավառակը «Հովեր» կամերային երգչախմբի հետ համատեղ, որը կկոչվի «Nightology» («Գիշերաբանություն»)։ Միքայելն ու ընկերները զուգահեռ ձայնագրում են երրորդ սկավառակը՝ «Ethnology»-ն. «Առաջինը դասական, ֆոլկ, ռոք, ջազ ժանրերի միախառնմամբ ժամանակակից գործեր են, երկրորդը ֆոլկ ուղղվածություն ունի»։
Նա երաժիշտների հետ նաեւ ստեղծել է «Թառափ» ֆոլկ քառյակը, ակուստիկ հնչողությամբ ներկայացնում են հայկական ժողովրդական երգերի մշակումները։
Առաջիկայում ելույթներ ունեն Չեխիայում եւ Ղազախստանում.«Այժմ բանակցում ենք ոչ միայն մեկ-երկու համերգ, այլեւ ամբողջական շրջագայություն կազմակերպելու համար»։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միքայել Ոսկանյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: