Բյուրականում սարոյանական մթնոլորտ է։ «ՀանդԱրտ» մշակութային այգում հանդիսատեսը հետեւում է «Խաղողի այգի» ներկայացման զարգացումներին: Տիգրան Գյուլումյանն այն բեմադրել է Վիլյամ Սարոյանի համանուն ստեղծագործության հիման վրա։
Թորգոմյանների պատմությունն է։ Ընտանիքը մի քանի անգամ տեղահանվել է՝ Բիթլիսից հասել Կալիֆոռնիա եւ խաղողի այգի հիմնել։ Ապրելու իմաստը կապել են հենց այդ այգու հետ: Այն պարզապես այգի չէ, այլ իրենց հողին ու արմատին կապված մնալու վերջին հույսն է։ Օտարության մեջ մաքառող հայ ընտանիքը, սակայն, կրկին ենթարկվում է փորձության։ Բանկը օտարում է այգին՝ իբրեւ չմարված պարտքի հետեւանք։ Այս կորուստը դառնում է ոչ միայն նյութական, այլեւ հայ մարդու ինքնության կորստի խորհրդանիշ։ Ընտանիքը կանգնում է իրականության ու հիշողության ցավոտ խաչմերուկում։
Ներկայացումը դիտելիս մի պահ թվում է՝ ֆիլմ ես դիտում, հետո վերադառնում ես թատրոն: Եվ այդպես հանդիսատեսին լարված պահում է մինչեւ ավարտը։ Անգամ հոսանքի տատանումները չեն վրդովեցնում հանդիսատեսին։
«Սարոյանին միշտ վախեցել եմ մոտենալ. որքան պարզ է, այնքան էլ բարդ։ Պետք է կարողանալ փոխանցել այն կարեւոր տողատակերը, որ կան նրա ստեղծագործություններում»,- ասում է ռեժիսոր Տիգրան Գյուլումյանը։
Թորգոմյանների ընտանիքում շատ սեր կա։ Նրանք ապրում են՝ մեկը մյուսին ուժ տալով։ Ռեժիսորի խոսքով՝ վերջին շրջանում հաճախ են փնովում, աղավաղված ու այլ լույսի ներքո ներկայացնում հայի կերպարը: Իսկ այս հրաշալի ստեղծագործությունը պատմում է հայի բարձր որակների, երազանքների եւ կարոտի մասին։
«Ներկայացման մեջ կան հատվածներ, որոնք ցույց են տալիս՝ ով ենք մենք։ Ի վերջո, այս գործին անդրադարձա այն նպատակով, որ սթափեցնեմ մեզ՝ հիշեցնելով, թե ով ենք իրականում եւ ինչու ենք կորցրել այն արժեքները, որ ունեցել ենք», - նշում է Տիգրան Գյուլումյանը։
«ՀանդԱրտում»-ում Ալբերտ Սաֆարյանի բեմելն է։ Նա մարմնավորում է Թորգոմյանների պապին՝ հայի տեսակի ու հայ մնալու համար պայքարող Մակարին։
«Երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր նման առաջարկ կստանամ։ Այսօր ինձ համար պրեմիերա է. առաջին անգամ եմ ելույթ ունենում բացօթյա թատրոնում։ Այստեղ ամենակարեւորն այն է, որ բեմի ետնամասում կարող է հանկարծ կովերի նախիր անցնել, թռչուններ մոտենան, ձի անցնի, մեքենա գա... ամեն ինչ բնական է», - ասում է դերասանը:
Սաֆարյանն անկեղծանում է՝ Սարոյանին ներկայացնելը բավական դժվար է, հատկապես երբ առաջին անգամ ես շփվում նրա կերպարների հետ. «Այսօր հանդիսատեսը մեր միջոցով կստանա իր հարցերի պատասխանները»։
12-ամյա Արամե Սողոմոնյանին հանդիսատեսն արդեն ճանաչում է «Ալպիական մանուշակ» ներկայացումից։ Այս անգամ նա մարմնավորում է ընտանիքի տղային՝ Մուրադ Թորգոմյանին, որը սիրում է իր խաղողի այգին, տունը, միշտ կանգնած է հոր թիկունքին։ Նրա երազանքներն էլ կապված են խաղողի այգու հետ։
Արամեն շատ սարոյանական է։ Նրա խաղը համոզիչ է, բնական ու պարզ։ Արտաքին տվյալներն էլ համապատասխանում են հայի այդ տեսակին։
«Դպրոցից տուն էի գալիս, ու ռեժիսորի տղան պատահաբար ինձ տեսավ, հետո լուսանկարեց, ծնողներիցս հեռախոսահամար խնդրեց: Փորձերի կանչեցին, եւ այսօր արդեն նույն բեմում եմ ճանաչված մարդկանց հետ, որոնք ինձ շատ են օգնում՝ տեքստերս հուշելով, հոգեվիճակս բացատրելով եւ այլն», - պատմում է Արամեն։
Շաքե Թորգոմյանին մարմնավորում է Էլեն Դանիելյանը՝ դերասաններ Սամվել Դանիելյանի եւ Սիրանուշ Լազյանի դուստրը։ «Կերպարս բավական նման է ինձ։ Իհարկե, զգացումներ կային, որ երբեւէ չէի ապրել։ Տեսարան կա, որ ամեն անգամ չեմ կարողանում հուզմունքս զսպել։ Երբ տունը պետք է լքենք, հավաքում ենք ճամպրուկներն ու դուրս ենք գալիս, պապիկը հանկարծ հիշում է, որ մոռացել է վերցնել Բիթլիսի նկարն ու վազում է հետեւից... Բիթլիսը մեր սրտում ու հոգում է, բայց պետք էր ֆիզիկապես զգալ՝ նկարի միջոցով։ Ու պապիկը, այդ նկարը կորցնելով, ավելի շատ բան կկորցներ, քան նոր տան կորստով»։
Արծրուն Հարությունյանը «ՀանդԱրտ»-ի հնաբնակներից է։ Այս անգամ նա մարմնավորում է նորվեգացու։ Կերպարը միանգամայն տարբերվում է դերասանի նախորդ դերերից. «Սարոյանի բոլոր գործերը թվում է՝ պարզ են, բայց ներսում այնքան ցավ, ասելիք ու կարոտ կա։ Չապրելով Հայաստանում՝ նա ինչպե՜ս էր զգում հայրենիքը, իր հայ տեսակը, ինչպես էր պահում այդ ամենը։ Նույնիսկ հայերեն չէր գրում, բայց ամբողջովին հայ էր»։
Դերասանի կերպարը նույնպես կորցրել է ամեն ինչ: Թորգոմյանների պապն ասում է՝ որտեղ իրենք, այնտեղ էլ նա կլինի, քանի որ շատ է հիշեցնում իր ընկեր Մխիթարին. «Սա էլ մարդասիրության մեծ դրսեւորում է, որ ունեն հայերը»։
Սարգիս Չոլոյանը մարմնավորում է ընտանիքի ավագ որդուն, որի ուսերին է դրված ընտանիքը պահելու եւ խաղողի այգին չկորցնելու ողջ բեռը. «Այս ընտանիքն արդեն երրորդ անգամ էր գաղթում։ Հոր կերպարը մի քիչ ավելի ողբերգական է։ Նա մեծ ցավ է կրում։ Բերում է մի անծանոթ մարդու իր տուն ապրելու, բայց այդ նույն պահին վաճառում է տունը։ Սա ազնիվ հայի տեսակի մասին պատմություն է»։
«Խաղողի այգին» պարզապես պատմվածք չէ, այլ Սարոյանի ձեռքով գրված սրտի քարտեզ՝ հողի, տան ու ինքնության մասին։ Ներկայացումն ավարտվեց, մի բան մնաց անփոփոխ՝ խաղողի այգու հոտը։ Այդ հոտը Սարոյանի գրած բառերից էր գալիս, Տիգրան Գյուլումյանի բեմադրությունից, Մակար Թորգոմյանի հայացքից ու Արամեի ժպիտից։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ «ՀանդԱրտ»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: