Յանա Դանիելյանի եւ Սուրեն Փահլեւանյանի գեղեցիիկ ընտանիքն արդեն 6 տարեկան է: Ամուսիններն իրենց ամենամեծ ձեռքբերումը համարում են երեխան` Ադելը: Ընտանիքի համերաշխության, սիրո պահպանման եւ տղամարդու սիրտը գերելու հնարքների մասին BRAVO.am-ը զրուցել է հաղորդավարուհու հետ:
Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը
-Յանա, բացահայտե՞լ եք երջանիկ կին լինելու բանաձեւը:
-Յուրաքանչյուր ընտանիքում երջանիկ լինելու առաջնային գրավականը սերն է եւ փոխադարձ հարգանքը: Թե կնոջ, եւ թե տղամարդու համար կարեւոր է սիրելն ու սիրված լինելը, քանի որ սրանից է բխում համերաշխությունը, իսկ սիրո բացակայությունը ձեւավորում է բացասական մթնոլորտ: Իմ եւ Սուրենի դեպքում սերը տարիների հետ ավելանում է: Սիրո շնորհիվ է, որ փոխզիջումների ենք գնում, պատրաստ ենք առաջին քայլն անել այն ժամանակ, երբ դիմացինը նեղացած է կամ վիրավորված: Բնականաբար, լինում են տարաձայնություններ, վեճեր, եւ մեր սերը մեզ օգնում է հաղթահարել այդ ամենը:
-Կա կարծրատիպ, թե սերը տարիների ընթացքում վերածվում է փոխադարձ հարգանքի:
-Անկեղծ ասած` ես համաձայն չեմ այս մտքի հետ: Միմյանց հարգելով` կողք կողքի կարող են ապրել միայն հարեւանները: Այս միտքը շահարկում են այն մարդիկ, ովքեր փորձում են արդարացում գտնել իրենց կյանքում սիրո բացակայությանը: Սիրո պահպանման համար պետք է աշխատեն թե կինը, թե ամուսինը: Ես էությամբ շատ փոփոխական եմ եւ չեմ սիրում միօրինակություն: Ամեն օր արթնանում եմ տարբեր տրամադրությամբ, տարբեր կերպարներով, կարող եմ կտրուկ փոփոխություններ անել, օրինակ` կտրել կամ ներկել մազերս: Իհարկե, տղամարդուն մի փոքր բարդ է այս ամենն անելը, բայց մեծ ցանկության դեպքում հնարավոր է միշտ հետաքրքիր լինել զուգընկերոջ համար:
Յանա Դանիելյանը` դստեր հետ
-Սուրենը քեզ համար կատարյա՞լ տղամարդ է:
-Կարծում եմ` իդեալական տղամարդ կամ կին չկա: Սուրենն էլ ունի իր առավելություններն ու թերությունները: Ես, իհարկե, այդ ամենով հանդերձ` նրան շատ սիրում եմ: Սուրենն իր բնավորությամբ ինձ համար մոտ է կատարյալ տղամարդու տեսակին:
-Ասում են` տղամարդու սիրտը կարելի է գերել նաեւ ստամոքսի միջոցով:):
-Միշտ սիրել եմ համեղ պատրաստել: Երբ դեռ ամուսնացած չէինք, պատրաստում էի ծնողներիս համար, հետո արդեն Սուրենի եւ Ադելի համար: Ինչ խոսք, «Ի՞նչ եփել այսօր» ծրագրի շրջանակում եւս նոր եւ հետաքրքիր բաղադրամտոմսեր եմ մտածում: Չեմ սիրում, երբ ինձնից բացի էլի մարդ կա խոհանոցում: Ամեն օր փորձում եմ համեղ որեւէ ուտեստով զարմացնել ընտանիքիս եւ հյուրերիս:
Յանա Դանիելյանը եւ Սուրեն Փահլեւանյանը
-Ինչպե՞ս ես պատկերացնում ձեր ընտանիքը եւս 6 տարի անց:
-Կարծում եմ` առաջիկա 6 տարվա ընթացքում էլ կլինի նույն սերը, որ կա այսօր, նույն առողջ փոխհարաբերությունները: Այսօրվա եւ պագայի մեր պլանները կապված են Ադելի հետ. բարդ շրջանում ենք` ինքնահաստատում, կրթություն, անձի ձեւավորում: Փորձում ենք առավելագույնը տալ մեր աղջկան: Երբ այս շրջանը հաղթահարենք, կմտածենք նաեւ երկրորդ երեխայի մասին:
Զրուցեց Աշխեն Դաշյանը/Bravo.am/
Լուսանկարները` Յանա Դանիելյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: