Յուլիա Ֆինկը երեկ դարձել է 33 տարեկան: BRAVO.am-ին դերասանուհին ասել է, որ տարեդարձը սկսել է նշել կեսգիշերից՝ առաջին շնորհավորանքն ու ջերմ խոսքերը լսելով ամուսնուց՝ հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանից, որին հաջորդել է մտերիմ ընկերուհու ու մայրիկի հեռախոսազանգը:
«Արտյոմը նաեւ սոցցանցում Զեմֆիրայի «Бесконечность» երգով էր կիսվել ու այդկերպ շնորհավորել ինձ: Չեմ թաքցնի՝ հուզվել էի: Մայրիկիս հետ զրույցը նույնպես հուզել էր ինձ: Տարիների ընթացքում սկսում ես շատ բաների այլ կերպ նայել: Շատ կցանկանայի, որ նա այսօր կողքիս լիներ: Երկրպագուներիցս էլ մի շարք հաղորդագրություններ ու զանգեր եմ ստացել եւ չեմ հասցնում կարդալ: Անսահման երջանիկ եմ»,-ասել է Յուլիան:
Յուլիա Ֆինկը
-Ի՞նչ զգացողություն եք ունենում տարեդարձերիդ:
- Միշտ սիրել եմ ծննդյանս օրերը, բայց վերջին տարիներին, չգիտեմ ինչու, տխրում էի: Այս տարի չեմ հասցրել թախծել. ամուսինս ու ընկերներս թույլ չեն տվել:):
- Սովորաբար, ծննդյան օրը վերլուծում ենք անցած ուղին: Երբ հետադարձ հայացք եք գցում ապրած տարիներին, ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումն ու բացթողումը:
- Ձեռքբերումներս շատ են՝ ընտանիքս, աշխատանքս, որն անչափ շատ եմ սիրում, ընկերներս… Երջանիկ եմ, որ շրջապատված եմ ինձ սիրող մարդկանցով, ովքեր կյանքիս ե՛ւ ուրախ, ե՛ւ տխուր պահերին կողքիս են: Բացթողումների մասին չեմ էլ մտածում:
Արտյոմ Կարապետյանն ու Յուլիա Ֆինկը
- Կմտաբերե՞ք Ձեր ամենահիշարժան տարեդարձը:
- Ամենահիշարժան ծննդյան օրն եղել է ուսանողական տարիներին: Թատերական ինստիտուտում սովորելու առաջին տարում ծննդյանս օրը գնացի դասի ու բոլորը շնորհավորեցին, զարմացել էի՝ որտեղից գիտեին, որ ծնունդս է: Ընդունարանում ինձ համար երգեցին, լսարանում էլ համակուրսեցիներիս հետ տոնեցինք:
Չեմ կարող չվերհիշել նաեւ 31-ամյակս: Ամուսնուս հետ Վրաստան էինք գնացել: Բավական ցուրտ օր էր, մեծ դժվարությամբ ռեստորան գտանք ու այնտեղ այնքան ջերմ միջավայրում ուրախացանք, որ վերջում վրացիները անգամ հայերեն էին երգում ու շնորհավորում ինձ:):
- Ամենատպավորիչ նվերը:
- Առհասարակ նյութական նվերներին ուշադրություն չեմ դարձնում: Ամենամեծ նվերն ինձ համար այն կլինի, որ մյուս տարի մայրիկս ու Արտյոմի ծնողները մեզ հետ լինեն: Շատ եմ սիրում, որ տոնական օրերին բոլոր հարազատներով համախմբվում ենք:
-Դե, պատմեք` այս անգամ ինչպես եք նշել:
- Առավոտյան նշել եմ «Բարի լույս, հայեր» ծրագրի աշխատակազմի հետ, երեկոյան մտերիմ ընկերուհիներով ժամանցի վայրերից մեկը գնացինք, իսկ այսօր էլ «Աբելի քույրը» սերիալի գործընկերներիս հետ կհավաքվենք:
- Տոնական տորթի մոմերը փչելիս ի՞նչ երազանք եք մտապահել:
- Արդեն մի քանի տարի է՝ իմ տոնական տորթը նույն տեսքն ու բաղադրությունն է ունենում: Արդեն մտածել եմ՝ ինչ երազանք եմ մտապահելու, բայց բոլորից գաղտնի կպահեմ:
BRAVO.am-ը շնորհավորում է Յուլիային եւ երազանքի իրականացում մաղթում:):
Նյութը՝ Մերի Պողոսյանի / Bravo.am /
Լուսանկարները՝ Յուլիա Ֆինկի արխիվից եւ Վիգեն Մնոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: