Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանին առիթ պետք չէ նոր եւ տարբերվող ֆոտոշարք իրականացնելու համար: Իր պորտֆոլիոն հարստացրած նոր լուսանկարները դերասանուհի-երգչուհին տրամադրել է BRAVՕ.am-ին` խոսելով նորությունների մասին:
«Շատ եմ սիրում լուսանկարահանումների մասնակցել: Կարծում եմ՝ դերասանուհու համար շատ կարեւոր է ունենալ տարբեր լուսանկարներ, դա էլ ներկայանալու մի ձեւ է: Բացի այդ, ֆոտոշարքը նույնպես ստեղծագործական մի ընթացք է»,-նշել է Նազիկը:
Նազիկ Բաղդասարյանը
Այս անգամ դերասանուհին որոշել է ներկայանալ նկարչուհի Ֆրիդա Կալոյի կերպարով.«Հաճախ եմ ֆոտոշարքերի առաջարկներ ստանում, թեմաները, հագուստն ու կերպարս հիմնականում ես եմ ընտրում: Այս անգամ ոչ թե որոշեցի հայտնի նկարչուհուն նմանվել, այլ պարզապես կերպարս այդպիսին ստացվեց: Ի դեպ, գլխազարդս էլ իմ ձեռքի աշխատանքն է»:
Դերասանուհին շարունակում է ժամանակ առ ժամանակ ներկայացնել հիթերի քավեր տարբերակները.«Վերջերս թողարկեցի այս շրջանում շատ հայտնի ու սիրված Բիլլի Այլիշի երգերից մեկի քավերը: Այս հոլովակը մի քանի վայրում նկարահանվեց՝ ի տարբերություն նախորդների: Առաջիկայում խոստանում եմ ներկայացնել հայկական կատարում. երգն ու նկարահանումների վայրն արդեն որոշված է, մնում են նախապատրաստական աշխատանքները, եւ կունենամ նոր հոլովակ»:
Թատրոնի փորձերից եւ ներկայացումներից բացի, Նազիկը ժամանակի մի մասն էլ տրամադրում է տղայի դասերին: Ասաց՝ իրենց համար այժմ բավականին դժվար փուլ է. փորձում են սովորել տառերը:
Նազիկ Բաղդասարյանը
Բազմասերիանոց սերիալներում նկարահանվելու ցանկություն չունի.«Մի շարք առաջարկներ մերժել եմ, քանի որ բավական ժամանակատար աշխատանք է, իսկ ես չեմ կարող միայն նկարահանումներով զբաղվել: Միշտ հաճույքով եմ ընդունում 16 մասանոց ֆիլմերի առաջարկները, դրանք, կարծում եմ, ավելի մեծ ասելիք ունեն, եւ, իհարկե, հեշտ է ժամանակի առումով»:
Նազիկը տեղեկացրել է, որ առաջարկ է ստացել նկարահանվել Հրաչ Քեշիշյանի «Պատվի համար» հեռուստանովելում.«Շատ ուրախ եմ, որ առիթ է լինելու ծանոթանալու եւ աշխատելու: Հուսամ՝ առաջին, բայց ոչ վերջին համագործակցությունը կլինի: Դերս բավական հետաքրքիր է, երբեւէ նման կերպար չեմ մարմնավորել»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: