×


Նառա Վարդանյան. “Դրանից հաճելի ու սարսափելի իրավիճակ չեմ զգացել”

Արձակագիր Նառա Վարդանյանի հետ զրուցել ենք մեր ժամանակի հերոսի, իր ստեղծագործություններով ստեղծած աշխարհի մասին եւ ոչ միայն:):

Արձակագիր Նառա Վարդանյանը


-Ինչո՞ւ եք հիմա գրում այն, ինչ գրում եք:

-Գրում եմ, որովհետեւ շատ զգայուն մեկն եմ, ով փնթի, ցաքուցրիվ զգացողությունով, ականջներ սղոցող աղմուկից փախչում է ու ճչում ամայի դաշտում, սպիտակ, ավերակ տների մեջ, որոնք հոգիներ են: Ավերակները քեզ հետ կռվելով, ճռճռոցով նորոգվում են: Ես էլ եմ նորոգվում, որովհետեւ անհրաժեշտ է խոստովանելը:

-Ի՞նչ է նշանակում  “գրողի ճանաչում”: Դա Ձեզ հուզո՞ւմ է:

-Գրականության ասպարեզում ամենաքիչը դա է հուզում: Ավելի կարեւոր է գրելը:

Նառա Վարդանյանը (Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի)


-Մեր ժամանակի հերոսը ո՞վ է, ի՞նչ է, կա՞, չկա՞... Ձեր գործերում կա՞  եւ ինչպիսի՞ն է: Ավելի ճիշտ ասելիքը ո՞րն է:

-Ժամանակի հերոսը մարդն է, որ այլեւս բնազդային անվստահություն ունի ամեն կատարվողի նկատմամբ եւ սկսում է հետազոտություններ ամեն ինչի շուրջ:

-Կարեւորո՞ւմ եք ստեղծագործական միջավայրը:

-Ստեղծագործական միջավայրը կարեւոր բան է, բայց ոչ անհրաժեշտ:

Նառա Վարդանյանը (Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի)


-Ձեր ստեղծագործություններով ստեղծած  Ձեր աշխարհը ինչպե՞ս կբնորոշեք:

-Երազներում պարբերաբար տեսնում եմ, որ մահանում եմ ճիշտ այն ժամանակ, երբ երջանիկ եմ: Երազներում պարբերաբար ավազե ժամացույցի սուլոց եմ լսում ու ես խոտից ներքնակի վրա ճոճվում եմ ու դրանից հաճելի ու սարսափելի իրավիճակ չեմ զգացել: Դա այն աշխարհն է, որ ստեղծել եմ շուրջս:

-Ընդունո՞ւմ եք հայտնի ասույթը, որ գրող չեն դառնում, գրող ծնվում են:

-Հավանաբար, բայց այս մասին մտածել չեմ ուզում:

Տեքստը` Սոնա Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW