×


Նարեկ Հախնազարյանի հարսանեկան անակնկալը սիրելիին :)

Թավջութակահար, Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանն ու սիրելին չորս տարի ընկերություն անելուց հետո ամուսնացել են: Նա BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ Ռիմային իր կինը դառնալու ռոմանտիկ առաջարկ է արել, ինչից հետո օրինականացրել են հարաբերությունները:

Ռիմա Գեւորգյանը եւ Նարեկ Հախնազարյանը


«Շուրջ 8 տարի է` ճանաչում ենք իրար: Ծանոթացել ենք մեր ընդհանուր ընկերոջ միջոցով եւ չորս տարի շփվելուց հետո հասկացանք, որ մենք ավելին ենք, քան սովորական ընկերները: Ամուսնության առաջարկը շատ յուրահատուկ վայրում եմ արել` Վիեննայի ամենաբարձր կետում գտնվող ռեստորանում»,-պատմել է երաժիշտը:

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել հունիսի 26-ին` Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Հատուկ նրանց միությունը օրհնելու համար Հայաստան է ժամանել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Ռիմա Գեւորգյանը եւ Նարեկ Հախնազարյանը


Նորապսակների հարսանեկան խնջույքին ներկա են եղել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը, դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, երգչուհի Սոֆի Մխեյանն ու այլք: Իր գեղեցիկ կատարումներով ներկաներին անմոռանալի երեկո է պարգեւել  ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանը. «Ավանդական հարսանիք էր. ամեն ոճի երգի ներքո էլ ուրախացել ենք»:

Նարեկն ու Ռիման երեկոյի ընթացում միմյանց հաճելի անակնկալներ են մատուցել. «Կնոջս համար առաջին անգամ երգել եմ Ջո Կոկերի «You Are So Beautiful» երգը. շատ հուզվեց: Ինքն էլ ինձ համար հայկական տարազով ուզունդարա պարեց: Այնքան հետաքրքիր էր. Ռիման Ռուսաստանում է ծնվել, մեծացել, իսկ հայրենիք առաջին անգամ այցելել է 4 տարի առաջ, բայց այնքան գեղեցիկ տեսանյութ էր պատրաստել, որ ներկաներն անգամ ասացին` կարող ենք հրապարակել ու օտարերկրացիներին ծանոթացնել մեր ավանդույթների հետ»:

Նարեկ Հախնազարյանի եւ Ռիմա Գեւորգյանի հարսանիքին


Նորապսակներն ամուսնական ճանապարհորդության կմեկնեն հոկտեմբերին, քանի որ թավջութակահարն այս շրջանում աշխատանքային խիտ օրակարգ ունի.«Գործերը շատ են, հազիվ եմ կարողացել երկու շաբաթ ազատ մնալ ու հարսանիքով զբաղվել: Հուլիս-օգոստոսին համերգներ ունեմ ԱՄՆ-ում ու Եվրոպայում»:

Մեր հարցին, թե ցանկություն չունեն Հայաստանում մշտական բնակություն հաստատել, Նարեկ Հախնազարյանը պատասխանել է.«Հաճախ ճանապարհորդող մարդու համար այստեղ ապրելը շատ դժվար է. ամեն ուղղությամբ չվերթներ չկան, եղածներն էլ ուշ-ուշ են իրականացվում: Հաճախ հյուր կգանք»:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին՝ մաղթելով հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Նարեկ Հախնազարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW