24-ամյա վիրտուոզ դաշնակահար Նարե Արղամանյանի անունը նախորդ տարի հաճախ էր երեւում եվրոպական մամուլի էջերում։ Միայն Լյուցեռնի փառատոնին նրա մասնակցությունը, ինչպես նաեւ մյունխենյան ելույթներն արժանացել են եվրոպական ամենախիստ երաժշտական քննադատների բարձր գնահատականներին։ Նարե Արղամանյանն այն բացառիկ հայ երաժիշտներից է, ով 2008-ին արժանացել է Մոնրեալի հեղինակավոր միջազգային երաժշտական մրցույթի երեք գլխավոր մրցանակներին, այդ թվում՝ “Գրան Պրի” մրցանակին։ Նրա հետ մեր զրույցը նաեւ 2013-ն ամփոփելու նպատակ ունի։
24-ամյա վիրտուոզ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը
-Նարե, ի՞նչը խթանեց, որ տեղափոխվես Ավստրիա եւ ուսումդ շարունակես Վիեննայի երաժշտության եւ կատարողական արվեստների համալսարանում։
-Ես շատ տեղեր եմ ընդունվել մինչեւ Վիեննա գնալը։ Մի քանի տեղ արդեն ընդունվել էի ԱՄՆ-ում` Ֆիլադելֆիայի Քրթիս համալսարան, Մանհեթենի երաժշտական դպրոց, Բալթիմորի Փիբոդի համալսարան, Մաննես քոլեջ, Նյու Յորքի Ջուլլիարդ։ Բայց ինձ խորհուրդ տվեցին Վիեննա գալ եւ Հայնց Մեջիմորեցի դասարանն ընդունվել, այստեղ շարունակել ուսումս, քանի որ Վիեննան աշխարհի մակարդակով համարվում է երաժշտական կենտրոն, այստեղ օդը հագեցած է երաժշտությամբ։ Մինչ այդ, 15 տարեկանում Երեւանում ավարտել եմ Չայկովսկու անվան դպրոցը՝ Ալեքսանդր Գուրգենովի դասարանը։ Վիեննայում քննություն տվեցի երաժշտության եւ արվեստների համալսարանում։ Այդ տարիներին փոքր էի, իրավունք չունեի որպես ուսանող ընդունվել, քանի որ քննության թվանշաններս բարձր էին, ինձ ընդունեցին։ Վիեննա տեղափոխվելուց հետո ավելի շատ մրցույթների սկսեցի մասնակցել, տարեկան մի քանի մրցույթում հաղթում էի։ Ամենամեծը 2008 թվականի Մոներալի մրցույթն էր, ուր ոչ միայն առաջին, այլեւ մի քանի հատուկ մրցանակների արժանացա։ Մինչ այդմ Վիեննայում մի քանի մրցույթներում արդեն հաղթել էի՝ Հերբերտ ֆոն Կարայանի մրցույթում, Ժոզեֆ Դիխլեր մրցույթում, Շպարկասե Վյորթերզէ եւ շատուշատ այլ մրցույթներում։ Մի շարք մրցույթների եմ մասնակցել նաեւ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Իտալիայում, որտեղ նույնպես հաղթել եմ։ Մոնրեալից հետո մրցույթների մասնակցությունը դադարեցրի, քանի որ արդեն 20 մրցույթում հաղթանակ էի տարել եւ միշտ առաջին եռյակի մեջ եմ եղել։
-Ի՞նչ դեր են խաղացել մրցույթները քո կյանքում, դրանք նպաստե՞լ են համերգային գործունեությանդ։
-Մոնրեալի մրցույթի հաղթանակից հետո կարծես ինձ համար նոր փուլ սկսվեց։ Ինձ հետ պայմանագրեր կնքեցին աշխարհի խոշոր երաժշտական-մենեջերական գործակալությունները, եւ իմ համերգների որակը մի քանի անգամ բարձրացավ՝ թե՛ դահլիճների, եւ թե՛ ունկնդիրների առումով։ Այդ մրցույթը նոր դռներ բացեց իմ կյանքում։ Սկսվեցին մեծ շրջագայություններ ԱՄՆ-ում, Կանադայում, Ասիայում եւ Եվրոպայում, ոչ միայն մենահամերգներով, այլեւ նվագախմբերի հետ։ Արդեն սկսեցի աբոնեմենտային համերգներին նվագել` աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ։ Մոնրեալի մրցանակս նաեւ իբրեւ պարգեւ հնարավորություն տվեց առաջին ձայնասկավառակս ձայնագրել՝ կանադական Անալեկտա ընկերության հետ։ Թերթերում ավելի սկսեցին շոշափել իմ անունը, ավելի մեծ թվով հետաքրքրվողներ կային։ Մի խոսքով, ես մտա երաժշտական մեծ հարթակ։
-Այժմ տարեկան քանի՞ համերգ ես տալիս։
- Տարեկան 50-60 համերգ եմ տալիս, իհարկե, դա անքան էլ մեծ թիվ չէ, բայց բարձր մակարդակի համերգներ են։ Ամենահայտնի դահլիճներում եմ նվագում։ Ելույթներ եմ ունեցել այնպիսի մեծ սրահներում, ինչպիսիք են Բեռլինի ֆիլհարմոնիան եւ Վիեննայի կոնցերտհաուսը, Նյու Յորքի Լինկոլն կենտրոնը, Լոս-Անջելեսի Ամբասսադոր աուդիտորիումը, Ցյուրիխի Տոնհալլեն, Դորտմունդի Կոնցերտհաուսը եւ այլն։ Հայտնի մի շարք նվագախմբերի հետ արդեն մեկնում եմ համերգների եւ շրջագայությունների։ Առաջին ձայնասկավառակից հետո հոլանդական “PentaTone” ընկերության հետ կնքեցի մի բացառիկ պայմանագիր, որի հետ 2 ձայնասկավառակ թողարկեցի եւ երրորդը, որն արդեն ձայնագրվել է, կթողարկվի 2014-ին։ Դրանք արժանացել են երաժշտական քննադատների բարձր գնահատականին։
24-ամյա վիրտուոզ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը
-Նարե, ինչպե՞ս ես ընտրում համերգային ծրագիրդ. հրավիրող կողմի պահանջով ես կազմում, թե ինքդ ես ներկայացնում։ Հետեւելով քո ծրագրերին` նկատելի է, որ սովորաբար նվագում ես տարբեր հեղինակների ամենաբարդ ստեղծագործությունները։
-Հաճախ նվագախմբերի հետ հանդես գալիս ռեպերտուարի ընտրությունը կարող է կախված լինել համերգի որոշակի թեմատիկ կառուցվածքից, որտեղ մեծ դեր ունի դիրիժորի կամ կազմակերպչի կարծիքը: Սակայն նվագացանկումս ընդգրկված 40-ից ավելի կոնցերտների բազմազանությունը միշտ հեշտացնում է այդ գործն` ինձ տարբեր ժանրերում ներկայացնելով: Իսկ մենահամերգով հանդես գալիս, կարող եմ ինքս առաջարկել իմ նախընտրած ստեղծագործութունները, եւ ըստ դրա էլ կառուցվում է համերգը։ Այլ է, երբ որեւէ երաժիշտ-մենակատար հիվանդանում է, եւ վերջին պահին հրավիրում են, որպեսզի նախօրոք նշված գործը կատարեմ։ Այդ դեպքում ստիպված ես լինում կատարել այն, ինչ ծրագրում արդեն հայտարարված է։ Իսկ մենահամերգների ժամանակ սովորաբար ներկայացնում եմ գերմանացի եւ ռուս կոմպոզիտորների նմանություններն ու տարբերությունները։ Հիմնականում առաջին մասում լինում են գերմանացի կոմպոզիտորների՝ Բախի, Բեթհովենի, Շումանի, Շուբերտի ստեղծագործությունները, իսկ երկրորդ մասում ՝ ռուսական Ռախմանինով, Չայկովսկի, Բալակիրեւ: Նաեւ աշխատում եմ հայ կոմպոզիտորների ներկայացնել։
“Եվրոպացին բաց է հայ կոմպոզիտորի համար, միայն թե պետք է ճիշտ ներկայացնել”
-Ի՞նչ տեղ են զբաղեցնում հայ կոմպոզիտորները քո համերգներում։
-Նախորդ տարի Վիեննայի կոնցերտհաուսում ներկայացրի կովկասյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում` կատարելով Կոմիտասի, Բաբաջանյանի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Դրանցից մի քանիսն առաջին անգամ էին հնչում կոնցերտհաուսում։ Բացի այդ, ուզում էին, որ Գոգոլի “Սարոչինյան տոնավաճառի” թեման լինի, եւ ես կատարեցի ռուսական ստեղծագործություններ։ Աշխույժ պարային երաժշտություն էր պահանջվում, եւ ծրագրում ես կարողացա նաեւ հայկական երաժշտություն մտցնել։ Ունկնդիրը շատ լավ ընդունեց։ Կոմիտասի եւ Բաբաջանյանի ստեղծագործություններն առաջին անգամ էին լսում եւ շատ էին տպավորված։ Այնուհետեւ մի թեմատիկ համերգ կար, որ աղետների հետ կապված ստեղծագործություններ պետք է լինեին, ու ես նվագեցի Կոմիտասի ստեղծագործությունների Անդրեասյանի մշակումները։ Աշխատում եմ, որ գերմանացի ունկնդիրն ինչ-որ ձեւով հայ կոմպոզիտորների էլ ճանաչի։ Շատ ժամանակ Խաչատրյան եմ կատարում եւ ուզում եմ նաեւ իմ հայ լինելն ընդգծել։
-Հայկական երաժշտությունն ի՞նչ նշանակություն ունի քեզ համար։ Ինչքանո՞վ է օգնում ընկալելու միջազգային դասական երաժշտությունը։
- Շատ ցավալի է, որ բացի Բաբաջանյանից, մեր մյուս կոմպոզիտորներն այնքան էլ շատ չեն անդրադարձել դաշնամուրային գործերին, օրինակ` Խաչատրյանը բացի կոնցերտից եւ մանկական ալբոմից ու մի փոքր ռապսոդիայից, այլ բան չի գրել դաշնամուրի համար։
Այս տարի ես անդրադարձա Խաչատրյանի կոնցերտին, որը ձայնագրեցինք Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, նաեւ ելույթ ունեցա ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, որտեղ, ի դեպ , այդ կոնցերտն առաջին անգամ էր կատարվում։ Համերգից հետո շատ կոմպոզիտորներ, դիրիժորներ ու երաժիշտներ մոտեցան եւ, հիացած կոնցերտով, նույնիսկ նշեցին, որ այն իր մեջ ներառում է 20-րդ դարի երաժշտական տարբեր ժանրերի հավաքածու, ոմանք նույնիսկ Ռավել եւ Բարտոկ էին լսել այդ գործում։ Ասացին, որ այն պետք է ընկալել ոչ միայն իբրեւ հայկական, այլեւ համամարդկային կոնցերտ։ Խաչատրյանը ֆոլկլորային տարրերը հայկականացրել է։ Ասում էին՝ ինչպիսի արտակարգ կոնցետ է եւ ինչու հաճախ չի լսվում միջազգային բեմում։ Այնպես որ, եվրոպացին բաց է հայ կոմպոզիտորի համար, միայն թե պետք է ճիշտ ներկայացնել։ Ինքս այդ գործում զգում եմ ե՛ւ թախիծ, ե՛ւ կարոտ։ Աշխարհը պետք է ճանաչի, որ Հայաստանը, փոքրիկ երկիր լինելով, տվել է ականավոր բազմաթիվ մշակութային գործիչներ, հանճարեղ արվեստագետներ, որոնց վառ ներկայացուցիչներից է եղել Արամ Խաչատրյանը:
Նարե Արղամանյանը
Անկրկնելի եռյակի եւ Ռախմանինովի մասին
-Գերմանական եւ ռուսական երաժշտության ընտրության հարցում ո՞ր կոմպոզիտորներին ես առաջնային տեղ տալիս։
-Ինձ համար անգերազանցելի են Բախը, Բեթհովենը եւ Բրամսը։ Երաժշտական աշխարհում ընդունված է ասել նաեւ Բ-ի եռանկյունի։ Բախն ընդունված է իբրեւ նախահայր բոլոր կոմպոզիտորների, եւ ինքն էլ կոնտրոպունկտի ստեղծողն է, եւ հետո Բեթհովենը դասական ժամանակաշրջանի փառահեղ սոնատային ֆորման ստեղծեց եւ ջարդեց բոլոր կարծրատիպերը իր ժամանակի մեջ, եւ Բրամսը՝ ռոմանտիկ ժամանակաշրջանի ներկայացուցիչը։ Նա Բախի կոնտրոպունկտը կարողացավ այնպես ներկայացնել, որ ամեն մի նոտան ինքն իր մեջ լուծվի։ Ստեղծեց իր դարաշրջանի ռոմանտիզմը։ Նաեւ շատ եմ սիրում Շուման, որն ինձ համար բուռն, էքստրեմ կոմպոզիտոր է, արագ փոփոխվող, բայց հզոր մտքով հագեցած կոմպոզիտոր է։ Ռուսականից ամենահարազատը Ռախմանինովն է, նրա գործերում տեսնում եմ Բախի հետքերը։ Նա կարողացել է նաեւ էմոցիա դնել։ Ռախմանինովը նաեւ հոգեհարազատ է այն առումով, որ իր երկրից հեռու լինելով, կարոտից տառապել է, եւ դա կարելի է տեսնել իր ստեղծագործություններում։ Ու երբ ես նվագում եմ, զգում եմ այդ մելանխոլիկ կարոտն իմ երկրի հանդեպ։ Ռախմանինովն ինձ համար հոգեւոր արժեքներով լի կոմպոզիտոր է, որ նմանվում է նկարչի։ Նա ռեժիսորի նման կատարողին շատ մեծ ազատություն է տալիս, բայց ունի նաեւ իր առանձնահատակությունները, որոնք բնորոշ են միայն իրեն։ Ես Ռախմանինովի եւ ռուսական երաժշտության նկատմամբ սերս ստացել եմ Հայաստանում՝ իմ ուսուցիչ Ալեքսանդր Գուրգենովից։ Ինքն է իմ մեջ արթանացրել Ռախմանինովի, Չայկովսկու, Սկրյաբինի, Ստրավինսկու, Պրոկոֆեւի նկատմամբ սերը։ Վիեննայում ավելի խորացա Ռախմանինովի եւ Պրոկոֆեւի առանձնահատկությունների մեջ, եւ այստեղ ավելի խոր հասկացա, թե ինչ էր իմ ուսուցիչն ուզում ասել։ Այստեղ, երբ Ռախմանինով եմ կատարում, ասում են, որ շատ քչերն են նման ձեւով կատարում։ Ասում են, որ իմ ոճը հասնում է մինչեւ Ռախմանինովի դարաշրջան։ Եվրոպայում նրան ընդունում են որպես վիրտուոզ կոմպոզիտոր, իսկ ես փորձում եմ նրան ոչ թե աղմկոտ ներկայացնել, այլ երգային, էմոցիոնալ եւ ինտելեկտուալ։ Երկրորդ սկավառակս Ռախմանինովին էր նվիրված։ Ձայնասկավառակում ընդգրկելով նրա ստեղծագործական կյանքի բոլոր շրջանների գործեր` փորձել եմ հնարավորինս ներկայացնել նրա ավարտուն կերպարն, այնպես էլ ցույց տալ դրանց ներքին անքակտելի կապն ու միաժամանակ ընդգծել դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները։ Ռախմանինովի ստեղծագործությունների մեջ կառուցվածքային, ոճաբանական ու ձեւաբանական էլեմենտների ուրույն կիրառումը վկայում է այն մասին, որ գործ ունենք կոմպոզիտորական արվեստի գաղտնիքներին տիրապետող հմուտ վարպետի հետ, ինչի վառ արտահայտություններից մեկն էլ հանդիսանում է այն, որ նրա գործերի մեծամասնության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում բազմաձայնությունը։ Ներշնչված լինելով Բախից եւ նրան համարելով բոլոր կոմպոզիտորների հայր` Ռախմանինովը պոլիֆոնիկ արվեստը հարստացրեց նոր ու վառ գույներով։
-Կարոտի գիծը նշեցիր Ռախմանինովի ստեղծագործության մեջ։ Իսկ ինքդ կարոտո՞ւմ ես Հայաստանը, որքա՞ն հաճախ ես լինում այնտեղ։
-Իհարկե, Ռախմանինովի ստեղծագործությունները կատարելիս զգում եմ ոչ միայն իր կարոտը, այլեւ իմ կարոտը Հայաստանի նկատմամբ։ Շատ եմ կարոտում Հայաստանը եւ այնպես է ստացվում, որ վերջին տարիներին տարեկան 10 օր լինում եմ եւ այն էլ համերգներով։ Փորձում եմ, երբ ազատ օրեր են լինում, անպայման Հայաստանում անցկացնել։ Առաջ շատ էի կարոտում եւ ուզում էի մնալ, բայց հիմա էլ զգում եմ, որ Վիեննան էլ է ինձ հարազատ դարձել եւ կարոտում եմ նաեւ Վիեննան: Դա թերեւս նրանից է, որ ընտանիքիս կեսը գտնվում է Հայաստանում , մյուս կեսը ՝ Վիեննայում, եւ իմ տունն այնտեղ է, որտեղ իմ հարազատներն են։ Փորձում եմ ամեն տարի Հայաստանում համերգ տալ։ Անցած տարի իմ պրոֆեսորի հիշատակին նվիրված մենահամերգ տվեցի եւ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ կատարեցի Խաչատրյանի կոնցերտը։ Նաեւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ համերգով հանդես եկանք։ Հաջորդ տարի երեւի հանդես կգամ նվագախմբի հետ։
Նարե Արղամանյանը
-Բավական մեծ եվրոպական թերթերում կամ ամսագրերում անընդհատ հրապարակումներ կան քո համերգների մասին: Ներկայացնում են հաջողություններդ, որոնց մասին Հայաստանում գրեթե չեն իմանում։
-Միգուցե, դա ճիշտ է։ Երեւի թե մի 10 տոկոսն է հասնում Հայաստան։ Լրատվական կայքերը այդքան հետաքրքրված չեն մշակութային կյանքը լուսաբանլով կամ իրենց ազգակիցների հաջողություններով։ Ես միշտ էլ Հայաստանը ներկայացնելու եմ եւ դա ինձ երբեք չի խոչընդոտում։
“Երաժիշտն էլ որոշ չափով նկարիչ է”
-Անընդհատ հյուրախաղերի մեջ ես, իսկ երբ ազատ ժամանակ ես ունենում, ինչո՞վ ես զբաղվում։ Հիշում եմ` երաժիշտներից մեկն ասում էր, որ տանը երաժշտություն չի լսում։ Քո դեպքում ինչպե՞ս է։
-Ազատ ժամանակ քիչ եմ ունեում։ Շատ զգայուն եմ երաժշտության նկատմամբ։ Բարձր երաժշտություն չեմ կարողանում լսել։ Ավելի սիրում եմ դասական լսել, բայց ոչ այն ստեղծագործությունները, որոնք ես եմ կատարում։ Սիմֆոնիկ ստեղծագործություններ եմ սիրում, կամերային երաժշություն եմ շատ լսում, օպերա։
-Փոփ, ռոք չես սիրո՞ւմ։
- Փոփ չեմ սիրում ընդհանրապես, սիրում եմ 60-70-ականների ռոք, Փինկ Ֆլոյդ, Քուինս, Դի Մամաս դի Պապաս, Բիթլզ, Բլոնդի եւ այլն: Ալտերնատիվ, ինդի ռոք էլ եմ սիրում, օրինակ` Ջեֆ Բաքլի, Ջեյմս Մաքմորրոու, Օազիս, Ռադիոհեդ, Նիրվանա, Բոն Այվեր, ինչպես նաեւ շատ եմ սիրում ջազ` Օսկար Պետերսոն, Ժակ Լուիսսիե, Բրեդ Մելդաու, Չիկ Կորեա, Բիլ Էվանս եւ այլք: Ազատ ժամանակ սիրում եմ կարդալ փիլիսոփայական, աստվածաբանական գրականություն, դետեկտիվ գրականություն , մասնագիտական աշխատություններ, երաժշտական վերլուծություններ: Հիմնականում կարդում եմ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն։
-Իսկ հայերե՞ն։
-Ռուսական գրականությունը՝ Դոստոեւսկի եւ Չեխով, հայերեն եմ կարդում։ Աստվածաշունչ եմ սիրում կարդալ հայերեն, նույնիսկ որոշ դրվագներ անգիր գիտեմ։ Շատ եմ սիրում էքսպրեսիոնիզմի ժանրը, նկարչությունը շատ է ինձ հրապուրում։ Էշյերին եմ սիրում, Կանդինսկուն, Նոլդեին, Կամպենդոնկին, Մունկին, Կլիմտին, Մարկին եւ շատ շատերին։ Ավելի վառ գույների սիրահար եմ։ Աշխատում եմ իմ նվագն էլ լինի վառ գույների մեջ եւ ունենա խայտաբղետ եւ վառ ներկապնակ՝ բազմազան գույներով։ Իմ կարծիքով` երաժիշտն էլ որոշ չափով նկարիչ է։ Կոմպոզիտորը տալիս է թեման, դու քո գույներով լցնում ես։ Օրիակ` որոշ ստեղծագործություններ նվագելիս ես գույներ եմ տեսնում։ Ռավելի եւ Դեբյուսիի ստեղծագործությունների մեջ սառը գույներ եմ տեսնում՝ ավելի մշուշոտ եւ խամրած, իսկ Ռախմանինովի եւ Պրոկոֆեւի մեջ՝ շատ վառ։ Լույսի խաղերը երեւում են սեւ ու սպիտակի մեջ էլ։ Հիմնականում դա գույների միջոցով եմ տեսնում եւ աշխատում եմ, որ իմ նվագն էլ հագեցած լինի նման գույներով։
Կոմպոզիտորը եթե ստեղծել է, երաժիշտը պետք է վերակենդանացնի, շունչ ու հոգի դնի։ Վերակենդանացնողի դերում ենք։ Արարչագործության հետ էլ եմ համեմատում։ Ու դրա համար մեծ պատասխանատվություն կա երաժիշտի վրա, որ կարողանա կոմպոզիտորի ստեղծածը ճիշտ վերարտադրի եւ ճիշտ մատուցի։ Ամեն անգամ այդ գործը նոր ձեւով ես մատուցում, որ ունկնդրի մեջ մնա եւ չկորչի։
Նարե Արղամանյանը
-Հաճախ դաշնակահարները սկսում են ստեղծագործել։ Ինքդ ստեղծագործո՞ւմ ես։
-Սկսել եմ նվագել՝ ստեղծագործելով։ 6 տարեկանում իմ առաջին համերգին նաեւ իմ գործերից եմ նվագել։ Բայց երբ մեծացա եւ տեսա, թե ինչպիսի գործեր կան գրված, այլեւս չշարունակեցի։ Դա շատ անհատական է ինձ համար, շատ մոտ շրջապատի համար երբեմն նվագում եմ։ Սիրում եմ իմպրովիզացիաներ անել։ Բախի մի քանի ստեղծագործություն մշակել եմ։ Ուզում եմ ապագայում մի սկավառակ թողարկել այդ գործերի դաշնամուրային մշակումներով։ Նրա գործերը փորձել եմ դաշնամուրի համար փոխադրել։ Մի թեմայի վրա սիրում եմ իմպրովիզներ անել։ Մեծ բեմերում երբեմն նաեւ իմ մշակումներն եմ նվագում։
-2014-ի պլաններն ինչպիսի՞ն են։
-Հանդես եմ գալու կանադական շատ հայտնի նվագախմբերից մեկի՝ Քվեբեկ սիմֆոնիկի հետ, Դուբլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Հոնկոնգի սիմֆոնիկի հետ, Վայմարի պետական երգչախմբի հետ, Լիսաբոնում՝ Գյուլբենկյան նվագախմբի հետ, Վիեննայի Մուզիկֆերայնի մեծ (ոսկյա) դահլիճում` Վիեննայի Ռադիո-սիմֆոնիկ նվագախմբի հետ, Մյունխենի սիմֆոնիկ նվագախմբի հետ, համերգներ են նախատեսված Հարավային Կորեայում՝ Սեուլում մենահամերգ, Շվեյցարիայում` նվագախմբի հետ, Կոպենհագենի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Ճապոնիայում` Կիոտոյի սիմֆոնիկի հետ։ Փարիզում ձայնագրելու եմ Սեն Սանսի դաշնամուրային կամերային կոնցերտները` Փարիզի կամերային նվագախմբի հետ՝ հայտնի Լորենց Ֆոստերի գլխավորությամբ։
Հարցազրույցը վարեց Հակոբ Ասատրյանը
Վիեննա-Պրահա
Հատուկ BRAVO.am-ի համար
Լուսանկարները` arghamanyan.com-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: