×


Նարե Մկրտչյան.«Երբ ֆիլմիս համար գնում էի Թուրքիա, չգիտեի՝ սիրեմ, թե ատեմ այդ հողը»

Հայաստանում ծնված, 15 տարեկանում Միացյալ Նահանգներ տեղափոխված կինոռեժիսոր Նարե Մկրտչյանը Երեւան է ժամանել` ներկայացնելու իր վավերագրական «Տան մյուս կողմը» ֆիլմը։ Հայոց ցեղասպանության հետեւանքներին անդրադարձող ֆիլմի հերոսուհին թուրք կին է, որը երկար տարիներ հետո բացահայտում է, որ իր մեծ տատը Ցեղասպանությունը վերապրողներից մեկն է եւ ինքն արմատներով հայ է։ Նա ռեժիսորի հետ 2015-ին Թուրքիայից գալիս է Հայաստան՝ մասնակցելու Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին։ «Տան մյուս կողմը» տառապող եւ միաժամանակ Ցեղասպանությունը հերքող կնոջ` Մայայի ինքնության, նրա հակադիր ապրումների մասին է։

Նարե Մկրտչյանը


Փաստագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել այս տարի ապրիլին՝ Գլենդելում, Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին, իսկ Երեւանում ցուցադրվել է օրերս` «Ոսկե ծիրան»-ի շրջանակում: Կինոռեժիսոր Նարե Մկտրչյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ֆիլմի ստեղծման, կադրից դուրս կատարվածի եւ իր ապրումների մասին։

- Կրթություն եք ստացել Լոս Անջելեսի ՀԿՀ կինոարվեստի դպրոցում (USC School of Cinematic Arts)։ Այս ընթացքում ի՞նչ թեմաներով եք ֆիլմեր նկարել։


- Իմ ողջ ուսման ընթացքում կենտրոնացած եմ եղել մարդկային պատմությունների վրա։ Այս աշխարհում ոչինչ ինձ ավելի շատ չի հետաքրքրում, քան մարդ արարածը, իր զգացմունքներն ու հոգեբանությունը։ Դասախոսներս ինձ անվանում էին փոքր Բերգման` ի պատիվ շվեդ կինոռեժիսոր-սցենարիստ Բերգմանի, քանի որ մեծ գործողությունների վրա կենտրոնանալու փոխարեն ուսումնասիրում էի մարդկանց էությունը։

- Ձեր “Տան մյուս կողմը” ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է, բայց աշխատել եք այլազգի օպերատորի, պրոդյուսերի, մոնտաժողի, կոմպոզիտորի հետ։ Մտածվա՞ծ եք այդպես վարվել։

-Այո, գիտակցված որոշել էի ֆիլմս այլազգիների հետ նկարահանել։ Կարծում եմ` Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ վավերագրություններ կան, որոնք նպատակաուղղված են հայ լսարանին, բայց իրականում մենք, որպես հայ, լավ գիտենք Ցեղասպանության մասին։ Ես ցանկանում էի նկարել կինո, որը կհետաքրքի մյուս ազգերին, այդ թվում՝ թուրքերին, հասկանալի ու պարզ կլինի նրանց համար։ Հատուկ աշխատեցի ոչ հայ անձնակազմի հետ` իմանալով, որ նրանք այնպես կներկայացնեն ֆիլմը, որ բոլորին հետաքրքրի։ Բացի այդ, աշխատակազմը մինչ ֆիլմը չգիտեր Ցեղասպանության մասին, բայց շնորհիվ իրենց լայնածավալ աշխատանքի, հիմա շատ բան գիտեն, նույնիսկ արդեն պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

Կադր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմից


- Իսկ ի՞նչ եք ցանկացել փոխանցել օտարազգի դիտողներին։

- Ուզում եմ` դիտելով ֆիլմը, զայրույթ զգան, երբ Ցեղասպանության փաստը ժխտվում է, մանավանդ, որ գիտեն մանրամասները։ Փորձել եմ ներկայացնել մի մարդու ինքնության ու տառապանքի պատմություն եւ այն փաստը, որ 100 տարի առաջ կատարվածը կարող է ազդել ապագա սերունդների վրա։ Սա համընդհանուր պատմություն է։

- Ինչպե՞ս օսկարակիր Ռոբ Ֆրիդը դարձավ ֆիլմի պրոդյուսերը։

- Լինելով հրեա եւ իր ընտանիքում ունենալով Հոլոքոստ վերապրածներ` Ռոբ Ֆրիդը գիտակցեց այս ֆիլմի կարեւորությունը եւ պատրաստակամությամբ «կանաչ լույս» տվեց սկսելու համար։ Նա շատ հպարտ է այս ֆիլմի համար եւ հսկայական աջակցություն է ցուցաբերում։

-  Ինչպե՞ս գտաք գլխավոր հերոսուհուն՝ Մայային։

- Իսկապես դժվար էր գտնել թուրքի, որը հայի ժառանգ է եւ կցանկանա իր հայկական արմատների մասին խոսել տեսախցիկի առջեւ։ Ես կապ էի հաստատում ու շփվում Հայաստանի ու Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ, բայց բոլորն ինձ առաջարկում էին Թուրքիայում ապրող քուրդ մարդկանց նկարել, որոնք հայկական արմատներ ունեն։ Սակայն ինձ համար չափազանց կարեւոր էր գտնել հենց թուրքի, քանի որ ուզում էի, որ գլխավոր հերոսն իր մարմնով ու հոգով կրի երկու թշնամիներին՝ հային ու թուրքին։ Ուզում էի, որ հենց կոնֆլիկտը մարմնավորի։ Ի վերջո, ես նրան գտա «ֆեյսբուքյան» մի խմբում։

Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմի երեւանյան պրեմիերային


-«Տան մյուս կողմ»-ի համար Դուք առաջին անգամ մեկնել եք Թուրքիա։ Կպատմե՞ք այցի ու ապրումների մասին։

- Թուրքիա գնալիս անսովոր ապրումներ ունեի։ Անկեղծ ասած, երբ սկսում էի փորձնական նկարահանումները, դրան վերաբերվում էի որպես ռեժիսոր` առանց մտածելու, որ Թուրքիա այցս անձնական առումով ինձ համար շատ զգացմունքային կլինի։ Իմ մեծ տատս ու պապս Ցեղասպանությունից մազապուրծ փրկվել են, եւ մինչ ինքնաթիռը մոտենում էր Թուրքիային, անբացատրելի վախ ունեի։ Շատ խառը զգացողություններ ունեի, որովհետեւ գնում էի այն երկիրը, որտեղ իմ նախնիներն են ծնվել, բայց որտեղ էլ թափվել է նրանց արյունը։ Ես չգիտեի՝ սիրեմ, թե ատեմ այդ հողը։

- Արդյո՞ք կան կադրեր, որոնք ֆիլմից դուրս են մնացել, բայց Ձեր կարծիքով արժեքավոր էին։ Ինչպիսի՞ն էր Մայան կադրից դուրս։

- Մայան զարմանալի ուժեղ կին է, որ համաձայնեց այս ֆիլմում նկարվել։ Նա շատ հետաքրքիր բնավորությամբ կերպար է ինձ համար, խելացի ու կենսախինդ է։ Մենք ունեցանք ավելի քան 60 ժամ նկարահանում ու նյութ, բայց օգտագործվեց ընդամենը 40 րոպեն։ Մոնտաժից հետո շատ բան ենք կտրել ու հանել։ Իմ սիրելի հատվածներից մեկը ֆիլմում տեղ չի գտել, երբ Թուրքիայում միասին այցելեցինք կողք կողքի գտնվող թուրքական մզկիթ ու հայկական եկեղեցի։ Ինձ համար այդ պահը խորհրդանշական էր։

- Ի՞նչ կարծիքներ եք լսել ամերիկյան կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչներից։

- Հաճելիորեն զարմացած եմ. ֆիլմը շատ դրական արձագանքներ է ստանում։ Մի շարք մարդիկ ինձ ասում են, որ խելացի ու ճիշտ ձեւ ենք գտել` ներկայացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչից դիտողը զայրանում է, ինչպես հայերն են զգում, երբ մյուսները մերժում են։ Զարմանալի է, որ շատ դիտողներ ոգեշնչող ինչ-որ բան են գտել, ինչի համար միայն ուրախ եմ։

Կադր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմից


- Երեւանյան պրեմիերան կայացավ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում, իսկ միջազգային այլ կինոփառատոնների կմասնակցի՞ «Տան մյուս կողմը»։

- Այո, մենք հայտ ենք ներկայացրել մի քանի փառատոնի եւ արդեն սկսել ենք մասնակցության հաստատման պատասխանները ստանալ։ Կարծում եմ՝ առաջիկայում ֆիլմը կճանապարհորդի աշխարհում։ Պրոդյուսեր Ռոբ Ֆրիդը, որը «Feeln Company»-ի հիմնադիրն է, ֆիլմը ներկայացնելու է հաջորդ տարվա «Օսկար»-ին։

-  Ինչո՞վ եք այս շրջանում զբաղվում եւ ո՞ր ժանրում է լինելու Ձեր հաջորդ ֆիլմը։

 - Օգոստոսին ռոմանտիկ կատակերգություն կնկարենք, երբ վերադառնամ Միացյալ Նահանգներ։ Ես կզբաղվեմ ֆիլմի պրոդյուսերական աշխատանքով։ Նաեւ հիմա նախապատրաստվում եմ մի ֆիլմի, որի համար որպես ռեժիսոր կաշխատեմ։ Այն կլինի Սաբիհա Գյոքչենի մասին, որն Աթաթուրքի որդեգրած հայկական արմատներով աղջիկն է։ Նա դարձել է աշխարհի առաջին կին ռազմական օդաչուն։ Պարզվում է՝ նա եղել է հայ որբ: Կփորձենք նրա կենսագրությունը բացահայտել։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW