Նարինե Գրիգորյանն իր ծննդյան օրը՝ հունիսի 14-ը, չի նշանավորում եւ տարվա մյուս օրերից չի առանձնացնում, ինչի մասին գիտեն նրա մտերիմները։ Բեմադրիչ-դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծորեն կիսվել է իր մտքերով:
Նարինե Գրիգորյանը
«Սիրում եմ ցանկացած օր տոն ստեղծել՝ անկախ օրացույցից։ Ես խնջույքներ չեմ կազմակերպում, շատ հեռու եմ նման սուտ բաներից, նույնիսկ տորթի մոմեր փչելու պոետիկ արարողությունը չեմ սիրում։ Այդ պոեզիան՝ հարսանիք, ծնունդ ու այլ արարողություններ, ինձ իսկապես հետաքրքիր չեն, ինքս հարսի զգեստով չեմ ամուսնացել։ Հասկացել եմ, քանի որ մարդիկ իրենց կյանքում թատրոն ու խաղալու դերեր չունեն, հիանալի խաղ է՝ հարսի ու փեսայի կերպարի մեջ մտնել, հոբելյար լինել, որ իրենց անձը նշանավորեն ու մեծարեն, իրենք էլ երջանիկ զգան։ Ես թատրոնում ու կինոյում այնքան եմ խաղում, որ դրանից դուրս կյանքն եմ սիրում ու Նարինկայի անկեղծ ներկայությունը, ոչ թե Նարինկային ինչ-որ դերում»,-ասել է նա:
Ծննդյան օրվա առավոտյան նա 2-ամյա Եվայի հետ այցելել է Կենդանաբանական այգի. «Հաճելի ժամանց էր գազանների հետ, աղջկաս համար եւս հետաքրքիր էր։ Հիմա զրուցում եմ ու վերագնահատում ձեռքբերումներս. ցավալի է, որ որոշ բաներ չեմ հասցրել անել, բայց կյանքը հիասքանչ է, երբեւէ չեմ նեղվում տարիքից։ Ապրած տարիները մեր հարստությունն են, ընտանիքս էլ իմ երջանկությունն է։ Գործնական բարդություններ ունեի, նեղվել էի, բայց առավոտյան հասկացա, որ լավ ընտանիք ունեմ ու երջանիկ եմ»։
Նարինե Գրիգորյանն` ամուսնու` Սերգեյ Թովմասյանի հետ
Դերասանուհու համար բուռն աշխատանքային շրջան է. ֆիլմերն ու նոր բեմադրությունները հաջորդում են մեկը մյուսին: «Եվա» ֆիլմում նկարահանվել է նախորդ ամռանը, իրանահայկական նախագիծ է հետպատերազմյան Արցախի մասին. «Դադիվանքում մի քանի տեսարան չկարողացանք նկարել, ինչը ռեժիսորի համար սկզբունքորեն կարեւոր է, այդ պատճառով հետաձգվում է. այս ամռանը ավարտին կմոտենանք։ Ի դեպ, ֆիլմի մեկնարկը նախորդ տարի համընկել էր տարեդարձիս հետ, բայց այդ մասին ոչ ոք չգիտեր, մեկ ամիս անց միայն ասացի, ինչի համար ինձ հանդիմանում էին:)»։
Ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Թափանցիկ տանիքներ» ֆիլմի պրեմիերան եւս դեռ չի կայացել.«Երեք կնոջ զուգահեռ միաձուլված պատմություն է։ Իմ հերոսուհին 40-ին մոտ ուսուցչուհի է, որն ուզում է մայրանալ, բայց սիրած տղամարդ չունի։ Կնոջը բնությունից է տրված այդ հրաշքը երեւույթը… Հետաքրքիր սյուժեով պատմություն է»։
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Սեր եւ կյանք» ֆիլմի առաջին մասի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերին.«Մհերի մոտ մի ֆիլմի քասթինգի գնացի, բայց չանցա, երեք ամիս անց ինձ զանգահարեց նոր առաջարկով։ Հոյակապ կերպար է, ամեն դերասանուհի կերազի նման դեր ունենալ, պարզվում է՝ այդ դերն ինձ համար է գրել։ Փաստորեն քասթինգը չէի անցել, բայց ավելի մեծ նվեր էր ինձ սպասվում։ Ֆիլմը կազմված է երկու մասից, ես մարմնավորում եմ հերոսուհուն հասուն տարիքում, խուլ ու համր կնոջ կերպարում եմ, պատկերացրեք` ինձ նման շատախոսին ինչքան դժվար կլիներ, բայց սովորեցի ժեստերի լեզվով փոխանցել ասելիքս։ Իմ կերպարի երիտասարդությունը խաղում է Էլեն Սարգսյանը»։
Նարինե Գրիգորյանը` դստեր հետ
Երգչուհի Սրբուհի Սարգսյանի եւ Գարիկ Պապոյանի «Boat» երգի տեսահոլովակում Նարինեն եւս մասնակցություն ունի, նրա խաղընկերն Ավո Խալաթյանն է. «Հետաքրքիր մոտեցմամբ հոլովակ է, երգը հավանելով` ցանկացա խաղալ։ Առաջին անգամ չեմ հոլովակում հանդես գալիս. նկարահանվել եմ նաեւ Նունե Եսայանի տեսահոլովակում։ Հոլովակներից առաջարկներ հաճախ չեն լինում, քանի որ հիմնականում երգչուհին է լինում առաջին պլանում, ինձ մեծ մասամբ այն ժամանակ են առաջարկում, երբ ֆիլմային սյուժեով գործ են ցանկանում ստանալ»։
Առաջիկա օրերին դերասանուհին կնկարահանվի ռեժիսոր Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» ֆիլմում. «Մեկ ամսով կմեկնենք Իջեւան, այնուհետեւ՝ Արցախ։ Մի քանի տեսարան արդեն նկարահանված է, ֆինանսական պատճառով դադար էր, բայց կշարունակենք կիսատ թողածը։ Իմ հերոսուհու ամուսնուն ու երեխաներին թուրքերը սպանում են, ինչից հետո վիրավոր «գազան» ու վրիժառու է դառնում։ Պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա, կներկայացվի գեղարվեստական տարրերով։ Շավարշն Արցախյան շարժման ժամանակ վավերագրել է։ Դիտելիս կհասկանաք, որ սցենարը տեղեկացված ու ազնվորեն է գրված»։
Հունիսի 16-ին վերջին անգամ կներկայացվի նրա բեմադրած «Հովնան»-ը` Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում.«Այս ներկայացումը բեմադրել եմ ուսանողներիս հետ։ Տղա դերակատարները բանակ են գնում, իսկապես լավ ու արժանի տղաներ են։ Ներկայացումն առանձնանում է բեմանկարչական լուծումներով, որի հեղինակ Վիկտորյա Ռիեդոն սովորել է Շվեյցարիայում»։
BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: