×


Նոննա Գրիգորյան.«Հասկացա, որ կյանքում ամենավատը հարազատ մարդու կորուստն է»

Նոննա Գրիգորյան-Վահագն Կիրակոսյան զույգին BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է։ Այսօր էլ ներկայացնում ենք դերասանուհու, պարուսույցի եւ նրանց դստեր՝ «Կամերային» թատրոնում արված ամանորյա լուսանկարները։

Նոննա Գրիգորյանի եւ Վահագն Կիրակոսյանի ընտանիքը


Վահագն ու Նոննան 8 տարի անընդմեջ Նոր տարվա գիշերը միասին աշխատում են, այս անգամ եւս Կամերային թատրոնի դերասանների հետ ելույթ են ունենալու ժամանցի վայրերից մեկում՝ ներկայացնելով երաժշտական ու էտյուդային համարներ.«Երեխան մեզ հետ չի լինում, ծնողներս ու եղբայրս նրա համար տոնական գիշեր են կազմակերպում, բայց ես ուղիղ կեսգիշերին արցունքներս հազիվ եմ զսպում, որովհետեւ տարեմուտին ոչ մի անգամ դեռ նրա կողքին չենք եղել։ Իհարկե, կմեծանա ու կհասկանա, որ ես աշխատանքի եմ եղել, կամ էլ մյուս տարի ամուսնուս կհամոզեմ, որ մեզ հետ դիմավորի»։

Այս տարվա նոյեմբերին զույգը նշել է ամուսնության 5-ամյակը: Ինչպես Նոննան է պատմում, որպես ընտանիք, ողջ տարին հյուրընկալ են.«Մենք երեքով առանձին ենք բնակվում, ու տոների համար ինքս եմ սեղան պատրաստում։ Մարդիկ կան, որ ուզում են Նոր տարվա հոգսերից փախչել, բայց ես սիրում եմ այս եռուզեռը։ Ամենից շատ սիրում եմ պատրաստել բլինչիկն ու մեղրով իմ յուրահատուկ խմորեղենը. բլինչիկն արդեն պատրաստել եմ։ Մեր բոլոր ընկերներին հյուրընկալում ենք, առհասարակ, ողջ տարին մեր խմիչքների բարը չի դատարկվում, նորից համալրել ենք, որ Ամանորին խմենք»։

Նոննա Գրիգորյանը` դստեր հետ


Կամերային թատրոնը հունվարի 14-ից դռները կրկին կբացի հանդիսատեսի առջեւ, սակայն դերասանները հունվարի 8-ից կսկսեն նոր բեմադրությունների փորձերը. «2017-ին պատրաստվում ենք պրեմիերաներով։ Անցնող տարին պասիվ էր, բայց շուտով մի քանի ներկայացմամբ կհամալրվի մեր խաղացանկը»։

3,5 տարեկան Էլվիան մանկապարտեզ է հաճախում, ամանորյա հանդեսի օրը նամակ է ուղարկել Ձմեռ պապին.«Եթե նախորդ տարի խաղալիք մեքենաներ էր ցանկացել, ապա այս անգամ՝ խաղալիք լվացքի մեքենա, արդուկ, տիկնիկի մահճակալ: Ձմեռ պապն արդեն գնել է նրա նվերները։ Պատրաստի մայրիկ է, ողջ օրը տիկնիկներով է զբաղվում եւ իր «ընտանիքի» կենցաղը վարելու համար տնտեսական պարագաների կարիք ունի:)»։

Նոննա Գրիգորյանը` դստեր հետ


Նոննան 2016 թվականի ամռանը կորուստ է ունեցել. կյանքից հեռացել է նրա սիրելի տատիկը.«Երկար ժամանակ ուշքի չէի գալիս։ Շատ եմ ուզում, որ ընտանիքս, ծնողներս, սիրելի մարդիկ կողքիս լինեն, ոչ մեկին չկորցնեմ։ Հասկացա, որ կյանքում ամենավատ բանը ոչ թե փող չունենալն է, այլ հարազատ մարդու կորուստը։ Իսկ նյութականը մենք կաշխատենք ու կապահովենք։ Բարեբախտաբար, աշխատանք ունենք. տարվա մեծ մասն ամուսինս Հայաստանից դուրս հյուրախաղերի է եղել, ես էլ բացի թատրոնից, կադրից դուրս ֆիլմերի կրկնօրինակում եմ անում»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նոննա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW