Դերասանուհի Շողեր Թովմասյանի հետ BRAVO.am-ը քննարկել է անձնական եւ ստեղծագործական հարցեր, բացահայտել, թե ինչու կիսատ թողեց ուսումը, ինչպես է հանդիպել Գրիշա Աղախանյանին, ինչպես է գրավել նրա սիրտը, ինչու է որոշել սկզբում ապրել նրա հետ, հետո նոր միայն ամուսնանալ, երեխա ունենալ, եւ թե ինչպիսի ամուսին է Գրիշան: Նա նկարահանվել է նաեւ մեր նոր ու տարբերվող ֆոտոշարքում:
Շողեր Թովմասյանը
Միակ երեխա
Ընտանիքի միակ երեխան եմ, ինչը ե՛ւ լավ է, ե՛ւ վատ: Վատ է, քանի որ խնդիրներ ունենալու դեպքում հաճախ ծնողներիս չէի ցանկանում ասել, բայց քույրիկի կամ եղբոր հետ կկիսվեի: Իսկ լավ է այն առումով, որ ավելի հասուն ես մտածում՝ հասկանալով` մեկն ես, պատասխանատվությունդ ավելի մեծ է, եւ որ արժանի երեխա լինես, ավելի ձիգ ես լինում ու ձգտում դրան:
«Կիսատ թողեցի ուսումս»
Մանկությանս տարիներին երազում էի դաշնակահարուհի դառնալ, դպրոցն ավարտելիս բժշկության մասին էի մտածում, նաեւ ուզում էի դատական իրավաբան դառնալ, հետո մտափոխվում էի` ցանկանալով նկարչուհի դառնալ: Ի վերջո, ընդունվեցի Բժշկական համալսարան, որտեղ ՈւՀԱ-ի թիմում էի խաղում, թատերական կյանքին ծանոթանում: Թեեւ Բժշկականում ինձ հարմարավետ էի զգում, հասկացա, որ պետք է Թատերական գնամ: Երրորդ կուրսից կիսատ թողեցի ուսումս եւ ընտրեցի դերասանուհու մասնագիտությունը՝ ընդունվելով Նիկոլայ Ծատուրյանի կուրսը:
Վերադարձ
Այժմ շարունակում եմ ուսումս Բժշկական համալսարանում: Իմաստ չուներ այն կիսատ թողնել: Չեմ կարող ասել, թե դերասանուհու մասնագիտությունը քանի տարի ինձ կօգնի գումար աշխատելու հարցում, բայց եթե դառնամ լավ բժիշկ, կարող եմ իմ օրվա հացն ունենալ: Երեւի կընտրեմ պլաստիկ վիրաբույժի աշխատանքը, որն ավելի էսթետիկ է եւ հնարավորություն է տալիս մարդկանց գեղեցկացնել:
Շողեր Թովմասյանը
Չի վախենում
Ավարտելուց հետո եթե ինքս քայլեր չձեռնարկեի, գուցե այժմ ինձ ոչ ոք չճանաչեր: Խոսքս քասթինգների մասնակցելու մասին է: Այժմ էլ չեմ նեղվում, որ նկարներս տարբեր քասթինգ-ընկերություններում կան: Ես չեմ վախենում իմ անցյալի լուսանկարներից:
Սերիալային
Առաջին դերս «Շանթ»-ի «Ուրիշի հոգին» սերիալում էր, մարմնավորում էի Լոլային: Նա ԱՄՆ-ից եկած աջիկ էր` ժամանակակից, ազատամիտ, բայց վերջում ամուսնանում է ավանդապահ, «քյարթու» տղայի հետ: Հետո «Հին արքաներ»-ում նկարահանվեցի, իսկ վերջերս էլ` «Մեղրամիս» սերիալում: Հեռուստատեսային դերերս այնքան էլ շատ չեն, քանի որ նախորդ տարի եմ ավարտել բուհը, իսկ մեր վարպետը ուսանողական տարիներին թույլ չէր տալիս որեւէ տեղ նկարահանվել:
Հաղորդագրություն` Գրիշայից
Ուսանողական տարիներին հանդիպեցի Գրիշային: Առաջարկ էի ստացել «Շանթ»-ի «Վերվարածները» սերիալից, որտեղ պետք է նրա ընկերուհուն մարմնավորեի, բայց ինձ հարմար չէր, չգնացի: Որոշ ժամանակ անց սիթքոմում նկարահանվելու հրավեր ստացա, որտեղ կրկին խաղում էր Գրիշան: Վարպետս Գյումրիում էր, գնացի, ու հենց այնտեղ էլ ծանոթացանք: Շփվեցինք, նրա տարիքն իմանալուց հետո շոկի մեջ էի, որովհետեւ երիտասարդ է երեւում: Տեսնելով, որ շատ եմ սիրում կողքից նայել ու ինչ-որ բաներ սովորել, առաջարկեց մասնակցել Էլվինա Մակարյանի հիշատակին նվիրված հոլովակի նկարահանումներին: Շատ ոգեւորվեցի, հաջորդ օրը Թատերականում ձեւացրի, թե հիվանդ եմ ու գնացի նկարահանմանը: 7-8 ժամ տեւողությամբ աշխատանքից մեծ բավականություն ստացա, հոգնածություն էլ չզգացի: Հետո Գրիշան առաջարկեց սուրճ խմելու գնալ, ես էլ ասացի՝ քաղցած եմ, կլինի մի բան ուտեմ:): Այնուհետեւ մի քանի օր չշփվեցինք, մինչեւ հաղորդագրություն ստացա նրանից: Հատուկ ծրագրված քայլեր չեն եղել, իսկ սիրո խոստովանություն ամեն օր էլ լսում եմ: Մեր դեպքում ամեն բան ինքնըստինքյան ստացվեց: Գրիշան եւ ես շատ նման ենք, գուցե նա ինչ-որ չափով ռոնատիկ է, բայց ցույց չի տալիս:
Շողեր Թովմասյանը
Անկեղծության շնորհիվ
Շուրջ վեց ամիս շփվելուց հետո սկսեցինք միասին ապրել: 16-18 տարեկանում Եվրոպայում հաճախ էի լինում եւ ինձ դուր էր գալիս նրանց արժեհամակարգը: Երբ Հայաստանում բաժանությունները սկսեցին շատանալ, մտածում էի` մարդիկ պետք է միմյանց հետ ապրեն, հետո նոր` ամուսնանան: Սիրտս հեշտ է գրավելը, բայց եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, միանգամից կարող եմ թողնել: Ինձ ամենից շատ գրավեց Գրիշայի տեսակը. ժլատ չէ, նրա մեջ չարություն չկա, կիրթ մարդ է, ումից շատ բան եմ սովորում: Շփման ընթացքում նկատում էի նաեւ, թե ինչքան լավ հայր է: Կարծում եմ` իմ անկեղծությամբ եմ գրավել Գրիշային, ինչ մտածում էի, ասում էի: Ես էլ նվիրվող եմ, աջակցող, հատկապես` իմ կողքի մարդուն:
Տարիքային տարբերություն, երկրորդ կին…
Որքան էլ սիրում եմ նպատակներ դնել, երբեք չեմ նայում ապագային, այլ ապրում եմ տվյալ օրով: Հասակակիցներիցս շատերն ամուսնանում են շքեղ հարսանիքով, սակայն ամիսներ, տարիներ անց բաժանվում են: Մեր միջեւ եղած 24 տարվա տարբերությունը երբեք ինձ չի վանել, հատկապես, որ չի էլ երեւում: Ինձ համար կապ չուներ նաեւ այն, որ ես երկրորդ կին կլինեմ, քանի որ անցյալն անցյալ է:
«Դրանից հետո շատերը սկսեցին ինձ չսիրել»
Կարծիքներ եմ լսել, որ Գրիշայի կինը լինելու շնորհիվ եմ նկարահանվելու առաջարկներ ստանում: Բայց երբ ամուսնուս հարցնում եմ` որեւէ կապ ունի, ասում է՝ ոչ: Նման բաներին ուշադրություն չեմ դարձնում: Երբ նրա օրինական կինը դարձա, շատերը սկսեցին ինձ չսիրել: Գուցե պատճառն այն է, որ իմ էությամբ, հագուկապով, լուսանկարներով մի քիչ ազատ եմ, կամ էլ պատճառն իմ մարմնավորած բացասական կերպարներն են: Բայց ես սիրում եմ ոչ ստանդարտ բաներ, սիրում եմ ռիսկի դիմել, չեմ վախենում նոր բաներ փորձել: Իմ մասին բազմաթիվ ասեկոսեներ եմ լսում, վերջինն ավելի շատ հումորի է նման. ասում են՝ հաշվարկով եմ տղա ունեցել Գրիշայից, որպեսզի ժառանգությունն ինձ անցնի:):
Շողեր Թովմասյանը
«17 տարի անց Գրիշան կրկին հայր դարձավ»
Միասին ապրելու ընթացքում հասկացանք` ուզում ենք բալիկ ունենալ, որ ավելի շատ բան մեզ կապի իրար: Առաջնեկի ծննդից 17 տարի անց Գրիշան նորից հայր դարձավ: Հուսամ` որդիս մի օր կհանդիպի եղբորը: Այժմ ամուսինս իր ամբողջ ազատ ժամանակն ուզում է որդու հետ անցկացել, շատ լավ հայր է: Ինքս էլ խիտ գրաֆիկ ունեմ, բայց հասցնում եմ մեր տղայի հետ շատ ժամանակ անցկացնել: Առավոտյան մանկապարտեզ եմ տանում, հետո մայրս բերում է: Շաբաթական երեք օր գնում ենք թատրոն, մանկական ժամանցի վայրեր եւ այլն: Ալեքսանդրը շատ է սիրում հարվածային գործիքներ, կիթառ: Երաժշտական երեխա է. երգերը նույնությամբ կատարում է ու բեմադրություններ անում: Արտաքնապես Գրիշային է նման, ատամհատիկին էլ բժշկական գործիք է վերցրել, գուցե հենց այդ մասնագիտությունն ընտրի:
Մայրանալուց հետո արժեքները փոխվում են կնոջ կյանքում: Փետրվարյան վարակների շրջանում մի շաբաթ հիվանդանոցում պառկեցի ու հենց հանուն տղայիս հետեւողական խմում էի դեղերս, որ շուտ ապաքինվեմ:
«Կարգին մարդ է»
Գրիշան պահանջկոտ ամուսին չէ, երեւի պատճառն այն է, որ փորձում եմ ամեն բան հասցնել: Նա շատ ինքնուրույն է. եթե տանը չլինեմ, կարող է հաց դնել եւ ուտել: Կարգին մարդ է:): Վեճեր ունենում ենք, երբ, օրինակ, նկարահանման երկարաձգվելու պատճառով ուշ եմ տուն գալիս: Դրա համար միշտ խնդրում է՝ հստակ ժամ չասել: Կամ լինում է` առաջարկում եմ ակումբ գնալ, չի ուզում, դե, իրեն էլ չի կարելի մեղադրել. 30 տարի երաժշտության մեջ է: Զգեստներիս կարճության համար հազվադեպ ենք խոսակցություն ունենում, համաձայնության ենք գալիս:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացրել ենք Pc electronics խանութ սրահում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: