×


Շվեյցարական “Aliose”-ը համերգ է տվել Երեւանում

Այս օրերին Հայաստանում է հյուրընկալվել շվեյցարական “Aliose” խումբը: Չորս երիտասարդ երաժշտից կազմված բենդն երեկ համերգ է տվել “Մեցցո” ակումբում: Երեկոն կազմակերպվել էր Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում, որը Հայաստանում նշվում է գարնան ընթացքում:

Շվեյցարական “Aliose” խումբը


“Ալիոզ”-ը կազմավորվել է 2007-ին որպես դուետ, ստեղծագործում է ակուստիկ փոփ ոճում: Երիտասարդներն առաջին ձայնասկավառակը թողարկել են 2009-ին: 2010-ին խմբին է միացել երրորդ անդամը, իսկ հիմա բենդն ունի 4 անդամ: 2011-ին ու 2012-ին մասնակցել են “Եվրատեսիլ”-ի շվեյցարական նախընտրական փուլերին:

Համերգից առաջ խմբի վոկալիստ եւ դաշնակահար Ալիզե Օսվալդը, որին նաեւ անվանում են բյուրեղյա ձայնով երգչուհի, մեզ հետ զրույցում պատմել է, որ առաջին անգամ են ժամանել Հայաստան, մինչ համերգը զբաղված են եղել փորձերով ու չեն հասցրել շրջել քաղաքով. “Ցավոք, դեռ չենք տեսել ձեր երկիրը, բայց դեռ ժամանակ ունենք: Հիանալի է, որ շատ մարդիկ հետաքրքրվում են ֆրանսերենով”:

"Ալիոզ" խմբի վոկալիստ եւ դաշնակահար Ալիզե Օսվալդը


Խումբն իր ստեղծած երաժշտությունն անվանում է ֆրանսիական փոփ-ֆոլք. “Մեր գրած երգերը, կարծում եմ, մեղեդային ու գունեղ են: Հետաքրքիր զգացողություն է, որ դու տեսնում ես, զգում ու երգեր գրում”:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին ներկայացրել է երիտասարդ խմբին, նշել, որ հյուրերի շարքում շատ են դիվանագետներն ու ֆրանսախոս երաժշտասերները:

"Ալիոզ"-ն իր ստեղծած երաժշտությունն անվանում է ֆրանսիական փոփ-ֆոլք


Մոտ 1 ժամ 30 րոպե տեւողությամբ ակումբային համերգի ընթացքում խումբը կատարել է հեղինակային ֆրանսալեզու երգեր նոր ալբոմից, ծափահարություններին ի պատասխան, խմբի միակ աղջիկը` Ալիզեն, հայերենով ասել է շնորհակալություն: Իսկ տեխնիկական խոտանի ժամանակ, որը, ըստ "Մեցցո"-ի, հենց շվեյցարացիների մեղքով էր, նրանք առանց բարձրախոսի երգել են ու “փրկել” իրավիճակը:):

Համերգի ընթացքում "Ալիոզը" հնչեցրել է հեղինակային ֆրանսալեզու երգեր


“Ալիոզ” խումբը մի շարք համերգներով ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Բելգիայում, Չինաստանում, Նեպալում: Հայաստանից անմիջապես հետո խումբը կհյուրընկալվի Վրաստանում:

Շվեյցարական խմբին Հայաստան էր հրավիրել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը “ԿԱԶԱ” հիմնադրամի հետ համատեղ: Ի դեպ, այսօր խումբը ելույթ կունենա Գյումրիում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/ եւ խմբի արխիվից



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW