«Օսկար 2026» մրցանակաբաշխության ամենաքննարկված դեմքերից մեկը «Պայքար պայքարից հետո» ֆիլմի աստղ Լեոնարդո ԴիԿապրիոն էր: Ճիշտ է՝ նա «Լավագույն դերասան» անվանակարգում չհաղթեց, սակայն հիշվեց իր բեղերի շնորհիվ:
Պարզվում է՝ այս կերպարով նա նկարահանվում է ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ինչ է տեղի ունենում գիշերը» ֆիլմում, որի առաջին կադրն արդեն հասանելի է համացանցում: ԴիԿապրիոյի հետ գլխավոր դերում է Ջենիֆեր Լոուրենսը:
Սկորսեզեի նոր ֆիլմը պատմում է ԱՄՆ-ից Եվրոպա ժամանած ամուսնական զույգի մասին, որը ցանկանում է երեխա որդեգրել: Սակայն երջանիկ նոր սկզբի փոխարեն նրանց անհանգստացնող պատմություն է սպասում: Ֆիլմը հիմնված է Փիթեր Քեմերոնի համանուն վեպի վրա:
Դերասանական կազմում են նաեւ Մադս Միկելսենը, Փաթրիշա Քլարքսոնը, Ջարեդ Հարիսը եւ Ուելկեր Ուայթը: Նկարահանումները տեղի են ունենում Չեխիայում:
Սա 51-ամյա ԴիԿապրիոյի ու 83-ամյա Սկորսեզեի հերթական համագործակցությունն է: Դերասանը նկարահանվել է ռեժիսորի «Ավիատորը» (2004), «Անիծվածների կղզին» (2010), «Ուոլ Սթրիթի գայլը» (2013), «Ծաղկի լուսնի սպանողներ» (2023) ֆիլմերում: Ջենիֆեր Լոուրենսը Սկորսեզեի հետ առաջին անգամ է համագործակցում, իսկ ԴիԿապրիոյի հետ աշխատել են «Մի նայիր վերեւ» ֆիլմում։


×
114





