×


\"Շքամուտք\"-ի պրեմիերային անջատվել են դահլիճի լույսերը :)

Մեկ մուտք, մեկ քաղաք, մեկ մոլորակ… Ռեժիսոր Լուսինե Սարգսյանի դեբյուտային “Շքամուտք” լիամետրաժ ֆիլմի անդրանիկ ցուցադրությունն օրերս էր` “Մոսկվա” կինոթատրոնում: Պրեմիերային հրավիրված էին ինչպես ստեղծագործական կազմը, այնպես էլ կինոյի եւ թատրոնի մի շարք ներկայացուցիչներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Հերմինե Ստեփանյանը եւ Աննա Հարությունյանը


Դիտումից առաջ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը ներկայացրել է ֆիլմի անձնակազմը, իսկ երբ նշել է, որ “Շքամուտք”-ն 1990-ականների մասին է, դահլիճի լույսերն անջատվել են, եւ այդ տարիների խորհրդանիշ դարձած լամպերով բեմ են բարձրացել ռեժիսոր Լուսինե Սարգսյանն ու պրոդյուսերներից մեկը` Արամ Խաչատրյանը: “Խնդրում եմ դահլիճի լույսերը վառել, կարող է թվալ, թե թաքնվում են, բայց նրանք պատասխանատու են իրենց գործի համար: Այսօր բոլորը ներկա են հրավիրատոմսերով, հայկական կինոյին աջակցելու համար առաջարկում եմ հետեւել իմ օրինակին եւ մտերիմներից որեւէ մեկի համար գնել տոմս”,-նշել է Րաֆֆին:

“Արեմակ” կինոընկերության արտադրած հինգ նովելից բաղկացած ֆիլմում, որոնց  հեղինակներն են Հովհաննես Թեքգյոզյանը, Գնել Նալբադյանը, Կարինե Խոդիկյանը, Լուսինե Սարգսյանը եւ Հարություն Հարությունյանը, Երեւանն 90-ականներից հասնում է մինչեւ մեր օրեր: Կարճամետրաժ նովելները շաղկապվել եւ դարձել են լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ` ներկայացնելով երեւանյան շենքերից մեկի բնակիչների կյանքը, որտեղ գերիշխողը զգացմունքներն են, իսկ տեղի ունեցող իրադարձությունները` համամարդկային: Ֆիլմի ավարտը լավատեսական է. ռեժիսորն այդ կերպ ընդգծել է այն հույսն ու հավատը, որը մարդիկ ունեցել են “մութ ու ցուրտ” տարիներին:

"Շքամուտք" ֆիլմի ռեժիսոր Լուսինե Սարգսյանը եւ պրոդյուսերներից Արամ Խաչատրյանը


Լուսինե Սարգսյանի բնորոշմամբ` “Շքամուտք”-ը ե՛ւ դրամա է, ե՛ւ տրագիկոմեդիա: 1 ժամ 40 րոպե տեւողությամբ ֆիլմում նա ցանկացել է շեշտադրել ոչ միայն 90-ականները, այլեւ դրա հետքը մեր այժմյան կյանքում.“Ուզում էի բարձրաձայնել կարեւոր մի խնդրի մասին. այն ժամանակ կենցաղային դժվար պայմաններում մարդիկ որքան էին իրար օգնում, իսկ հիմա մեկուսացած ենք եւ կորցնում ենք միմյանց նկատմամբ իրական ջերմությունը: Բայց նաեւ շատ չենք փոխվել, հիմա էլ կա դավաճանություն, ընկերություն եւ արտագաղթ”: 

Դերասանական կազմում են Շանթ Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Բաբկեն Չոբանյանը, Հերմինե Ստեփանյանը, Արշավիր Փանոսյանը, Աննա Հարությունյանը, Վարշամ Գեւորգյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Շողեր Գրիգորյանը, Աշոտ Դիզակը, Լարիսա Ղեւոնդյանը, Արմեն Համբարձումյանը, Լիլի Վարդանյանը եւ շատ ուրիշներ:

Արթուր Կարապետյանը եւ Շողեր Գրիգորյանը


Առաջին նովելում նկարահանված Շողեր Գրիգորյանի խոսքով` նկարահանման վայրն իր ինտերիերով, վառարանով ու կենցաղային տարբեր իրերով իրեն տեղափոխել է 1990-ականների սկիզբ.“Դիտողին հետաքրքիր կլինի, քանի որ կհիշի այդ ժամանակաշրջանի առօրյան ու կենցաղը: Մեծ էկրանին դիտելիս կարոտում էի իմ մանկության Երեւանը, մտավորականներն առաջին գծում էին, այնքան լուսավոր հիշողություններ արթնացան: Ուրախ եմ մասնակցության համար”:

Աննա Հարությունյանը եւս մեզ հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով. “Երբ պատերազմի մասին ֆիլմ է նկարահանվում, քաղաքային կյանքը բաց է թողնվում: Այս ֆիլմը հիշեցնում է, որ չնայած դժվար կենցաղին, այն ժամանակ էլ մարդիկ իրենց հումորի զգացումը չեն կորցրել: Հատկապես ավարտը, երբ մանկան ճիչով լույս է բացվում քաղաքի վրա, ինձ շատ դուր եկավ: Երկրպագում եմ Շանթ Հովհաննիսյանի խաղը, հավանեցի նաեւ Արթուր Կարապետյանի եւ Հերմինե Ստեփանյանի դերակատարումները”: 

Հերմինե Ստեփանյանի համար այս ֆիլմը դեբյուտային է: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ “Շքամուտք”-ը 1990-ականների սերնդի հիշողությունների անձնագիրն է, իսկ իր խաղից այնքան է գոհ չէ.“Շատ բծախնդիր եմ իմ նկատմամբ, պետք է նշեմ, որ փորձեր անելու մեծ պակաս ունեի, կարծում եմ` հետագայում կհասնեմ այն արդյունքին, որ կուզեի տեսնել էկրանից”: Աննան հակադարձել է հաղորդավարուհուն.“Փորձի պակաս չզգացի, բնականությունն ապահովված էր: Ընդհանրապես, արժեքներ ունեցող մարդն ինքն իրեն թերագնահատում է: Բնական է, որ ինչ-որ բան թերի է մնում, իսկ նպատակն այն է, որ հետագայում կատարելագործվես”:

Հերմինե Ստեփանյանը` "Շքամուտք" ֆիլմի պրեմիերային


Հերմինեն շնորհակալություն է հայտնել Աննային դրական գնահատականի համար, վերջինս էլ հավելել է.“Չնայած` նկարահանման հրապարակում չհանդիպեցինք, բայց ուրախ եմ, որ այսօր հանդիպեցինք: Հուսանք, հաջորդ անգամ միասին կնկարահանվենք: Գուցե որեւէ ռեժիսոր կարդա ու հրավիրի:)”:

“Շքամուտք”-ը կարող եք դիտել մեծ էկրանին, այն նաեւ առաջադրվել է “Ոսկե ծիրան” կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” անվանակարգում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW