Հուլիսի 2-ից «Շանթ Պրեմիում» ալիքով կմեկնարկի «Այրված անուրջներ» հեռուստասերիալը: Bravo.am-ը զրուցել է գլխավոր հերոսներից մեկի՝ Տիգրանի դերակատար Արման Խաչատրյանի հետ: Դերասանը պատմել է մասնագիտության ընտրության, անցած ուղու, հերոսի հետ նմանության ու տարբերության մասին, եւ ոչ միայն:
Մասնագիտական կրթության մասին
Ընտանիքիս անդամները արվեստի բնագավառից չեն: Մասնագիտության ընտրությանս նրանք դեմ էին, որովհետեւ ինձ այլ ոլորտում էին տեսնում: Ցանկանում էին, որ ես բժիշկ, քաղաքագետ կամ այլ մասնագետ դառնամ, բայց ես առանց դերասանի մասնագիտության չէի կարող պատկերացնել իմ ապագան, եւ ստացա համապատասխան կրթություն:
Արման Խաչատրյանը
Սովորել եմ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` իմ շատ սիրելի վարպետ Վահե Շահվերդյանի արվեստանոցում: Չեմ կարող չնշել նաեւ հրաշալի մասնագետ Սամսոն Ստեփանյանին, ում մոտ մեկ տարի սովորելիս՝ ձեռք բերեցի գիտելիքներ համաշխարհային դրամատուրգիայի, ջազի եւ աբսուրդի տիտանների մասին: Նրանց շնորհիվ ունեցա գրագետ դերասանին վայել մտածողություն:
Ես երազել ու երազում եմ միշտ լինել իմ մասնագիտության մեջ` կլինի սերիալ, գեղարվեստական ֆիլմ, թե թատրոն: Եվ այն կարծիքը, թե սերիալները քարոզում են ցածր որակ, հիմնականում գալիս է նրանից, որ բնագավառում պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է գերակշռում: Ըստ իս, երբ դերասանը սիրում է իր աշխատանքն ու լուրջ վերաբերվում դրան, սերիալն էլ կունենա բարձր ցուցանիշ:
Մասնագիտական գործունեության մասին
22 տարեկան եմ եւ իմ մասնագիտության մեջ որոշակի քայլեր եմ արել: Երկու տարի աշխատել եմ Օպերայի եւ բալետի թատրոնում, նկարահանվել գովազդային հոլովակում եւ «Միլիոնը թակարդում» 25 մասից բաղկացած հեռուստասերիալում:
«Այրված անուրջներ»-ն ինձ համար առաջին մեծ հեռուստանախագիծն է:
Սերիալի նկարահանումների մասին
Նկարահանվելու առաջարկն անակնկալ էր: Մի օր առավոտյան ինձ զանգահարեց ռեժիսոր Արման Մազմանյանն ու հրավիրեց հեռուստաընկերություն: Առաջարկեց դերն ու ծանոթացրեց նախագծի տնօրեն Հարութ Մովսիսյանի հետ: Համաձայնության
գալով` ընդգրկվեցի դերասանական կազմում: Իրականում երկար չեմ մտածել, վստահեցի Արմանին ու Հարութին եւ սիրով աշխատում եմ:
Արման Խաչատրյանը
Նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտի մասին
Դերասաններից մեծ մասին չեմ ճանաչել: Միայն Մարիամին գիտեի, ով գլխավոր հերոսուհուն է մարմնավորում: Միասին նույն ինստիտուտում ենք սովորել` կողք-կողքի լսարաններում:
Անձնակազմը հրաշալի է: Բոլորի հետ էլ մտերիմ եմ եւ միասին սիրով աշխատում ենք: Ժաննա Բուտուլյանի հետ հասցրել ենք հետագայում անվերջ հիշելու եւ ծիծաղելու պատմություններ ունենալ:
Ի տարբերություն թատրոնի`սերիալում դժվարություններն այդքան էլ շատ չեն: Որպես նորեկ այս ոլորտում` դժվար պահեր լինում են: Քանի որ նախագիծը թիմային աշխատանք է, դրանք քննարկումների միջոցով դառնում են հաղթահարելի: Միանշանակ, սովորելու շատ բաներ ունեմ: Դերասանական անձնակազմից շատերը արհեստավարժ են, եւ նրանցից սովորում եմ տեխնիկա: Երբ գիտեմ, որ խաղում եմ, դա արդեն լավ զգացողություն է ինձ համար:
Կերպարի մասին
Հերոսս` Տիգրանը սիրում է հերոսուհուն, եւ այդ սիրուն հասնելու անվերջ թվացող պայքարի մեջ է: Նա հասարակ մի երիտասարդ է, ով բարոյականության ու ազնվության մեծ ջատագովներից է: Կերպարիցս կդժվարանամ առայժմ ինչ-որ հատկանիշներ թվել, բայց սիրո մեջ մաքսիմալ ազնիվ եմ, ինչպես Տիգրանը, եւ անհանդուրժող՝ խեղված մենթալիտետի ու անարդարության նկատմամբ:
Բայց բնավորության շատ գծեր կան, որ բացարձակ չեն համապատասխանում ինձ: Երբ սիրածդ աղջիկը քեզ չի սիրում եւ, ավելին, ամուսնանում է, ես էլ երբեք չեմ անի քայլեր՝ նրան հասնելու համար: Ոչ թե կհանձնվեմ, այլ կթողնեմ, որ երջանիկ լինի:
Արման Խաչատրյանը
Նկարահանման հրապարակից դուրս
Էությամբ կենսախինդ եմ, շփվող, բայց ժամանակ առ ժամանակ միայն շատ նեղ շրջապատի կարիք եմ ունենում:
Նախասիրությունների մասին
Երաժշտության մեծ սիրահար եմ եւ զբաղվում եմ ներկայացումների երաժշտական ձեւավորումներով: Սիրում եմ ակտիվ կյանք վարել` արշավներ, ճանապարհորդություններ... Բայց նախասիրություններս հիմնականում արվեստի հետ են կապված:
Նպատակներ
Նպատակներիցս մեկը կապված է բեմի հետ: Ապագայից շատ ակնկալիքներ ունեմ: Պլաններ էլ կան, բայց դրանց մասին վաղ է բարձրաձայնել:
Անձնական
Անձնականի մասին մտածում եմ, բայց դեռ վաղ է կարեւոր քայլերի համար: Ընտրյալ չունեմ: Մասնագիտական թոհուբոհի մեջ անձնականս դեռ ստվերում է:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արման Խաչատրյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: