Սրբուհի Սարգսյանը, ով համարվում էր ուկրաինական «Ձայն»-ի 8-րդ եթերաշրջանի ուժեղագույն մասնակիցներից մեկը, ապրիլի 29-ին կայացած եզրափակիչ փուլում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Նրա ելույթի տեսագրությունը, որը հրապարակվել էր նախագծի պաշտոնական յութուբյան էջում, կարճ ժամանակ անց հեռացվեց կայքից:
Հայ երգչուհին, ով հանդես էր գալիս ուկրաինացի ռեփեր, պրոդյուսեր Պոտապի խմբում, կատարեց Rag'n'Bone Man-ի «Human» ստեղծագործությունը: Սրբուհին իր խոսքում ընդգծեց, որ երգը նվիրում է բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարել են եւ պայքարելու են իրենց ազատության համար, իսկ նրա ելույթի ընթացքում էկրանին ցուցադրվեցին հեղափոխության թեմային համահունչ կադրեր ուկրաինական «մայդանից», նաեւ հայկական «թավշյա հեղափոխությունից»:
Նշենք, որ Սրբուհին իր ելույթն ավարտեց թիկունքում երեւացող Ադրբեջանի դրոշի ֆոնին, հաջորդիվ մեծ էկրանին պատկերվեց նաեւ #human հեշթեգը` նույնպես ադրբեջանական դրոշի գույներով:
Սրբուհի Սարգսյանը
Այս առիթով ուկրաինական «Ձայնը» նախագծի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել, որում մասնավորապես ասվում է.
««Ուկրաինայի Ձայնը» նախագծի թիմը ներողություն է խնդրում այն տեխնիկական սխալի համար, որ ուղիղ եթերում թույլ տրվեց Սրբուհի Սարգսյանի ելույթի ավարտին` Հայաստանի դրոշի փոխարեն էկրանին ցուցադրվեց Ադրբեջանի դրոշը: Սրբուհին իր ելույթում խոսում էր մարդու իրավունքների մասին եւ նպատակ ուներ աջակցել ազատության համար մղվող պայքարին: Տեսանյութը հեռացվել է նախագծի յութուբյան պաշտոնական էջից, որպեսզի սխալն ուղղվի: Մենք հասկանում ենք միջադեպի համար պատասխանատվությունը, այդ պատճառով ներողություն ենք խնդրում, եթե վիրավորել ենք որեւէ մեկի զգացմունքները»:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Ուկրաինայի ձայնը» նախագծի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: