×


Ուրբաթ երեկոները՝ Հախվերդյանի, Զորիկյանի, Հարությունյանի ու մյուսների հետ

«Համերգ՝ մոմի լույսով»` հենց այս խորագրով երեկոներին էին հանդես գալիս հայ հեղինակ-կատարողները 90-ական թվականներին, երբ չկար լույս, բայց կար ստեղծագործելու եւ ներկայանալու ցանկություն: Անցան մութ ու ցուրտ տարիները, եւ ինչպես երգահան Վախթանգ Հարությունյանն է ասում, լույսերը տվեցին, մոմերը հանգան, հույսերը կորան մոմերի հետ: Միառժամանակ դադարեցին բարդ-համերգները, եւ հենց այդ շրջանում է, որ Վախթանգն ու իր ավագ ընկերը՝ Էդուարդ Զորիկյանը, հասկացան՝ ամեն ինչ վերագրվում է տնտեսական, այլ ոչ թե հոգու ճգնաժամին ... 2008 թվականին՝ երկար դադարից հետո, հեղինակ-կատարողները փորձեցին վերականգնել «Համերգ՝ մոմի լույսով» ակումբային ձեւաչափն ու կրկին հանդես գալ բարդ-համերգներով: Եվ արդեն 9 տարի է՝ «Ակումբ»-ում (The Club) ամեն ուրբաթ հավաքվում են բարդերն ու նրանց անդավաճան հանդիսատեսը` վայելելու հին ու նոր ստեղծագործությունները:

Վախթանգ Հարությունյանը


Երեկ էլ տեղի ունեցավ 9-րդ բարդաշրջանի բացումը, որին ներկա էր բարդերի երեք սերունդ` Ռուբեն Հախվերդյան, Էդուարդ Զորիկյան, Վախթանգ Հարությունյան, Կարեն Մամիկոնյան, Արմեն Ադամյան, Գագիկ եւ Սարգիս Շիբոյաններ, Ռուբեն Քամալյան, Արմինե Հայրապետյան: Ավելի քան երեք ժամ տեւած համերգի ընթացքում կիթառը ձեռքից ձեռք փոխանցվեց եւ նվագակցեց ինչպես ավագ սերնդի, այնպես էլ երիտասարդ հեղինակ կատարողներին: Հանդիսատեսը ձայնակցում էր յուրաքանչյուր երգի ժամանակ, իսկ երբ բարդերը փորձում էին որեւէ նոր երգ ներկայացնել, ներկաները պահանջում էին նաեւ հին ու սիրված ստեղծագործություններ. դրանք երբեք չեն հնանում:

«Համերգի ձեւաչափն ազատ է. մենք անկեղծ զրուցելու հնարավորություն ունենք տարբեր թեմաների շուրջ՝ խոր ցինիզմից մինչեւ լիրիկա: Միակ պայմանը բանաստեղծական փաթեթավորումն է, այսպես ասած` խիտ կալորիականություն ունեցող բանաստեղծությունը եւ, իհարկե, կիթառի օգնությամբ դրանք ներկայացնելը: Ինչպես գիտեք, արդեն 9 տարի է` մենք այստեղ ենք, քանի որ «Ակումբը» ղեկավարում են մեր համախոհ ընկերները: Մենք այստեղից երբեք չենք գնում, թեպետ տարվա ընթացքում դուրս ենք գալիս տարբեր դահլիճներ, ներկայանում տարբեր միջոցառումներին, բացօթյա համերգներին, փառատոններին: Փորձում ենք ինտեգրել նաեւ երիտասարդներին, եւ այս տարիների ընթացքում կամաց-կամաց ավելանում է կատարողների թիվը: Մենք փորձում ենք ապացուցել, որ սա անկեղծ, ազնիվ մշակույթ է, որը կրում է քաղաքի շունչը եւ պարտավոր է տեղ ունենալ երեւանյան միջավայրում»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Վախթանգ Հարությունյանը:

Նրա խոսքով՝  բարդաշրջանի բացումը տեղի է ունենում ամեն տարվա սեպտեմբերին, իսկ արձակուրդային շրջանը տեւում է միայն 10-15 օր, երբ Ամանորին որոշում են գնալ հանգստանալու: Ամռանը դուրս են գալիս ակումբից, ելույթ ունենում բացօթյա համերգների ու տարբեր միջոցառումների շրջանակում՝ մշակելով նոր գաղափարներ ու նախագծեր:

Էդուարդ Զորիկյանը


Սիրված երգահան Էդուարդ Զորիկյանը սկզբում թերահավատությամբ է մոտեցել ակումբում բարդ-համերգներ կազմակերպելու գաղափարին, մտածել է՝ չի լսվի, քանի որ ակումբն ի վերջո համերգասրահ չէ: Բայց ինը տարիների փորձն ու պատմությունը հիմնովին փոխել են նրա պատկերացումները, երբ ամեն անգամ հանդիսատեսը եկել է, երեք ժամ շարունակ լսել սիրելի կատարողներին, բրավոների ու ծափահարությունների ուղեկցությամբ ձայնակցել բոլոր կատարումների ժամանակ:

«Գիտեք, նման բան չես կարող տեսնել նույնիսկ հենց բարդերի մյուս համերգներին: Իսկ երբ արգելեցինք ներսում ծխելը, պարզվեց՝ նույնիսկ ծխողները կարող են երեք ժամ դիմանալ հանուն այս երգի, հանուն այն ամենի, ինչն իրենց հոգեհարազատ է: Այս ինը տարիների ընթացքում փոխվեց հանդիսատեսը, բավական երիտասարդացավ: Այսինքն՝ «Ակումբ»-ն իր բուն խնդիրը կատարում է. սա հանդիպման վայր է նույն մտածելակերպն ու աշխարհընկալումն ունեցող մարդկանց համար: Բարդերն իրենց նոր երգերն առաջինը ներկայացնում են այստեղ՝ մինչեւ մեծ բեմեր բարձրացնելը: Ես միշտ նշում եմ՝ իմ հանդիսատեսը հատընտիր է, բայց կարելի է ասել՝ մեր ակումբի հանդիսատեսն է հատընտիր, որովհետեւ բոլորին ճանաչում ենք անունով: Այստեղ զույգեր են գալիս, որոնք նոր էին սկսել հանդիպել, հետո, երբ աղջիկն արդեն հղի էր, այսինքն՝ այստեղ նույնիսկ ընտանիքներ են ստեղծվել ինը տարիների ընթացքում: Կարծում եմ՝ բարդաշրջանն արդեն շատ ջերմ պատմություն ունի եւ մեր Երեւանում բացառիկ է իր ձեւի մեջ»,- նկատեց Էդուարդ Զորիկյանը:

Ռուբեն Հախվերդյանը` 9-րդ Բարդաշրջանի բացմանը


Եթե ձեզ համար բացահայտում էին այս բարդ-համերգները, ապա այժմ գիտեք՝ որտեղ անցկացնել ուրբաթ երեկոները: Այսուհետ դուք նույնպես կարող եք դառնալ այն յուրօրինակ միջավայրի մի մասը, որ ձեւավորվում է հեղինակ կատարողների եւ նրանց հավատարիմ հանդիսատեսի շրջանում:):

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Բերտա Մարտիրոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW