×


Չինաստանում կծագի Պետո Պողոսյանի “Ձմեռային արեւը” :)

“Քաղաքային բազմազանություն”. ահա այս խորագիրն էր կրում նկարիչ Պետո Պողոսյանի կտավների ցուցահանդեսը, որը ՄԱԿ-ի գրասենյակում գործել է վերջին երեք ամիսներին: BRAVO.am-ի հետ զրույցում Պետոն պատմել է ինչպես ներկայացված 25 աշխատանքի, այնպես էլ իր անցկացրած վարպետության դասերի եւ Շենչժենի Ջրաներկի միջազգային բիենալեին մասնակցության մասին:

Նկարիչ Պետո Պողոսյանը


“Փորձել եմ մատուցել քաղաքի բազմազան անկյունները: Յուրաքանչյուր նկար տարբեր տրամադրություն է կրում: Այս անգամ Երեւանի կողքին էին Գյումրին, Փարիզը, Սեն-Մալոն եւ այլ քաղաքներ: Բոլոր կտավները ջրաներկով եմ նկարել. անդադար ուզում եմ ընդգծել ջրաներկի դերը, կարեւորությունն ու գեղեցկությունը”,-ասել է նկարիչը:

Պետո Պողոսյանի խոսքով` յուրաքանչյուր քաղաքում նկարելիս տարբեր զգացողություններ է ունենում.“Փարիզում ամեն ինչ “ֆոտոգենիկ’’ է, հրաշալի տեսարաններ կան, մնում է միայն նկարել: Այնտեղ ստեղծած աշխատանքներիցս ոչ բոլորն եմ ներկայացրել, բայց ցուցադրվածներից եւս փարիզյան շունչ է փչում”:

Պետո Պողոսյանի ջրաներկ կտավներից


Նշենք, որ նկարիչը ՄԱԿ-ի գրասենյակում վարպետության դասեր էլ է անցկացրել.“Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց երեխաներին ցույց տալ, թե ջրաներկով ինչպես են ստեղծվում քաղաքային նկարները”:

Բացի երեւանյան ցուցահանդեսներից, որոնց բազմիցս անդրադարձել ենք, Պետոն իր աշխատանքներն արտերկրում ցուցադրելու հրավերներ ունի: Նրա “Ձմեռային արեւ”-ը դեկտեմբերի 10-ից կներկայացվի Շենչժենի Ջրաներկի միջազգային բիենալեում.“Շատ լուրջ մրցույթ է, բավական լուրջ արվեստագետներ են մասնակցում: Այս աշխատանքն իմ ամենահաջողվածներից եմ համարում, որը ստեղծելիս նոր համադրություն եմ կիրառել”:

Պետո Պողոսյանը վարպետության դաս է անցկացրել


Քաղաքային նկարչության հայ վառ ներկայացուցիչն այսքանով չի սահմանափակվում, անդադար փնտրում է նոր վայրեր, որոնք իրենց տեղը կգտնեն իր կտավներում: 

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW