×


Ջոշուա Բելն` իր հայ ուսուցիչների, Ստրադիվարիուսի ջութակի եւ երեւանյան համերգի մասին

Վիրտոուզ ջութակահար Ջոշուա Բելը երեկ ելույթ է ունեցել “Արամ Խաչատրյան” համերգասրահում։ Երաժշտի հետ Երեւան է ժամանել իր ղեկավարած “Academy of St Martin in the Fields” նվագախումբը, որի անդամները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են։ Համերգի սկզբում հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել է օրեր առաջ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը, որից հետո բուռն ծափերով դիմավորել երեկոյի հյուրերին։ Հնչել են Բախի, Չայկովսկու, Բարբերի եւ Պիացոլայի գործերը։

Ջութակահար Ջոշուա Բելի երեւանյան համերգին


“Երեւանյան հեռանկարներ” փառատոնի շրջանակում տեղի ունեցած համերգն անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ջոշուա Բելն իր կատարողական արվեստի ու բազմաժանր երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ առանձնանում է այժմյան դասական երաժշտության աշխարհում: Նա ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ, համագործակցել է  համաշխարհային բազմաթիվ արվեստագետների հետ՝ Սթինգ, Ջոշ Գրոբան, Չիկ Կորեա, Էդգար Մեյեր եւ այլք։ Իր առաջին ձայնագրությունը կատարելով 18 տարեկանում “Դեկկա”-ի հետ՝ արժանացել է “Գրեմմի”, “Հերմես”, “Պատեֆոն” ու “Էքո քլասիք” մրցանակներին։

Ուշագրավ է Բելի ջութակը, որով էլ ելույթ է ունեցել Երեւանում։ Նա նվագում է 1713 թվականին ստեղծված, երաժիշտ Բրոնիսլավ Հուբեռմանին պատկանած Ստրադիվարիուսի ջութակով եւ օգտագործում է 18-րդ դարի ֆրանսիացի վարպետ Ֆրանսուա Տուրտիի պատրաստած աղեղը.“Այո, այս պահին իմ ձեռքում լեգենդար ջութակ է, որով էլ շրջագայում եմ տարբեր երկրներ”։

Ջութակահար Ջոշուա Բելի երեւանյան համերգին


2011 թվականին “Academy of St Martin in the Fields” նվագախմբի տնօրենը դարձած ջութակահարը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ առաջին անգամ թողարկել են Բեթհովենի թիվ 4 եւ 7 սիմֆոնիաները, որը Բիլբորդի դասական ալբոմների ցանկում գրավել է առաջին տեղը:

1958 թվականին հիմնադրված կամերային նվագախումբն առաջին անգամ է ելույթ ունեցել Երեւանում.“Երկար տարիներ միասին աշխատել ենք, բազմաթիվ ձայնագրություններ ենք արել, բայց ընդամենը չորս տարի եմ ղեկավարում։ Ինձ համար երաժշտության մեջ սահմաններ չկան, չեմ տարանջատում եւ անկախ ժանրից սիրում եմ համագործակցել, օրինակ՝ շատ բան եմ սովորել ջազ երաժիշտ Չիկ Կորեայից”։

Ծնված լինելով Բլումինգթոնում (Ինդիանա)՝ Բելն իր առաջին ջութակը ստացել է չորս տարեկանում, իսկ 12 տարեկանից սկսել է սովորել լեգենդար Ջոզեֆ Գինգոլդի մոտ Ինդիանայի համալսարանում, այժմ  էլ Ջեյքոբս երաժշտական դպրոցում ավագ դասախոս է։ 14 տարեկանում սկսվել է Բելի աստղային վերելքը. ելույթ է ունեցել Ռիկարդո Մուտիի եւ Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ, իսկ 17 տարեկանում կայացել է նրա դեբյուտը “Քարնեգի” համերգասրահում ու առաջին եվրոպական շրջագայությունը:

Ջութակահար Ջոշուա Բելի երեւանյան համերգին


Բելն առանձնացրել է հաջողության հասնելու մի քանի բաղադրիչ.“Նախ դեր ունի գենետիկան, օրինակ՝ իմ ընտանիքը՝ ծնողներս, քույրերս, ազգականներս, շատ երաժշտական են, կարծում եմ՝ դա ժառանգել եմ, բայց միայն տաղանդը բավարար չէ, կարեւոր է ծնողների հետեւողական վերաբերմունքը։ Հաջողությունը տաղանդի, աշխատասիրության, ճիշտ վայրում ճիշտ ժամանակին ծնվելու համադրությունն է”։

Ջոշուա Բելը նաեւ պատմել է իր հայ ուսուցիչների մասին. “Ջութակահար-մեթոդիստ Իվան Ղալամյանի մոտ երկու ամառ կարեւոր դասեր եմ ունեցել, իմ կարիերայում շրջադարձային դեր է ունեցել նաեւ Վարուժան Գոճյանը։ Հայ կոմպոզիտորների գործերին ծանոթ եմ, կցանկանամ ծանոթանալ փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանի գործերին”։

Աշխարհի տարբեր երկրներում մրցանակներ ստացած երաժիշտը նշել է, որ դրանք այնքան էլ չի կարեւորում.“Ամենամեծ պարգեւը բեմում հանդիսատեսի ջերմությունն է։ Գրեթե ամեն օր մրցանակներ ենք ստանում, բայց դա մեծ ուժ չի տալիս, ծափահարություններն ավելին են։ Ես վայելում եմ իմ աշխատանքը, ինձ համարում եմ աշխարհի քաղաքացի,  սիրում եմ Ճապոնիան, Հարավային Ամերիկան, Նյու Յորքը, արդեն Հայաստանը, յուրաքանչյուր վայրից փորձում եմ հնարավորինս հաճույք ստանալ”։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW