Ազնավուրի հետ աշխատած կամ թեկուզ մի քանի ժամով շփված մարդիկ միշտ տպավորված են լինում եւ պատմելու շատ բան են ունենում երգչից, իսկ ինչքան հիշողություններ կունենա նրա դուստրը: Սեդա Ազնավուրը Փարիզ է ժամանել Շառլ Ազնավուրի հոբելյանին նվիրված համերգին երգելու համար: Երգարվեստից հեռացած արտիստն այսօր կրկին բեմ կբարձրանա` հորը հարգանքի տուրք մատուցելու համար: Իսկ մինչ այդ եկել էր նրա մեղեդիները վայելելու «Classic Aznavour» տրիոյի կատարմամբ, որի ավարտին էլ հանդիպեցինք նրան: Մաեստրոյի երգերի կատարումներն այս տրիոյի կատարմամբ մեծապես հուզել էին երգչի դստերը, կատարումներն էլ շատ էր հավանել.
- Ֆանտաստիկ էր: Պահեր կային, որ շատ հուզվեցի, այնքան հիշողություններ կան` կապված հորս երգերի հետ. երգերի ստեղծումը, Կառվարենցի հետ աշխատելը, երբ նա գալիս էր, ու երգերի տեքստեր էին քննարկում: Ամեն երգ մի հիշողություն է:
Դժվար է նրա երգերը լսելը, բայց առավել դժվար կլինի երգելը: Հուսով եմ` բեմում լաց չեմ լինի. պրոֆեսիոնալ չէ: Ինչքան էլ ինձ ուրախացնում է, երբ կատարում են նրա երգերը, փշաքաղվում եմ ամեն անգամ, որովհետեւ տեսնում եմ նրան:
Սեդա եւ Շառլ Ազնավուրները
- Պատկերացնում եմ` որքան եք կարոտում Ձեր հորը: Ինչպե՞ս եք կարողանում փոքր-ինչ լցնել նրանից հետո մնացած դատարկությունը:
- Ինձ Ֆեյսբուքն է օգնում. նրանից լուսանկարներ եմ հրապարակում եւ այդպիսով ապրում եմ իր հետ: Փնտրում եմ ինչ-որ բաներ, որոնք այդքան էլ հայտնի չեն, հայտնի ու անհայտ լուսանկարներն եմ նայում, կիսվում եմ նրա երկրպագուների հետ եւ ինձ լավ եմ զգում: Մարդիկ կան, դա չեն հասկանում, բայց ինձ համար այդպես նա ողջ է, միայն նրան կենդանի պահելով եմ կարողանում հաղթահարել կարոտս: Չեմ ուզում նրան մահացած պատկերացնել, չնայած` նա «չի մահանա»: Հաճախ լաց եմ լինում, երբ իրենից ինչ-որ տեսանյութեր եմ գտնում, օրինակ, երբ հայերեն է խոսում: Միեւնույն ժամանակ զվարճանում եմ, երբ լսում եմ` ինչպես էր հայերեն խոսում:
-Բազմաթիվ երգիչների հետ Դուք էլ եք հարգանքի տուրք մատուցելու Ձեր հորը՝ երգելով:
-Այո, իսկ թե ինչ երգեր եմ երգելու, թող անակնկալ լինի հանդիսատեսի համար: Երկու երգ եմ ընտրել, որոնք պոետիկ են, հատկապես բառերի համար եմ ընտրել. հայրս այնքան էր կարեւորում երգերի տեքստերը:
- Արդյո՞ք հնարավոր է, որ այս ելույթը Ձեզ դրդի հետագայում հաճախ հանդես գալ:
- Չգիտեմ: Սա սրտի թելադրանքով եմ անում եւ ինձ խնդրել է Այգ Պոտուկյանը, ում շատ եմ սիրում:
Հեշտ չէ Ազնավուր երգելը, նույնիսկ իր դստեր համար: Եթե լավ ընդունվի, ինչո՞ւ ոչ: Կերգեմ մեկ-երկու երգ նմանատիպ համերգներին, բայց ոչ կարիերայի համար:
Շառլ եւ Սեդա Ազնավուրները
-Իսկ ինչո՞ւ, այնուամենայնիվ, Դուք չմնացիք երգարվեստում:
- Որովհետեւ շատ դժվար է, երբ ունես նման հայր:
Ես 10 տարի աշխատել եմ այդ ոլորտում, հայկական երգեր էի կատարում: Բայց նա էր աստղը, այլեւս տեղ չկար: Ես գրեթե նրա նման էի երգում՝ ձայնը նույնն էր, արտահայտչամիջոցները եւս՝ քիչ թե շատ, միայն նրա համար տեղ կար, իսկ նա եւ երգում էր, եւ գրում իր երգերը:
Հորաքույրս եւս երգում էր, բայց դադարեց. նա ուղղակի շարունակում էր մնալ հայրիկիս հետ: Ես եւս դադարեցի երգել, բայց դժբախտ չէի:
Միասին երգեցինք հայրիկիս հետ, այ, դա հիանալի էր: Հորդորեցի հայրիկիս երգել հայերենով, ինչը նա չէր անում սովորաբար: Իրականում ես շատ խնդրեցի, եւ նա համաձայնեց, եւ շատ լավ ստացվեց: Բացի հայերեն երգերից, մտքովս չի անցել այլ երգեր կատարել:
Սեդա եւ Շառլ Ազնավուրները
- Իսկ մաեստրոն Ձեզ չէ՞ր հորդորում երգել:
-Ոչ, այսինքն` ինքն ինձ ասում էր` արա այն, ինչ ուզում ես: Երբ ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում համերգ էի տալիս, նա ինձ անակնկալ արեց եւ եկավ համերգիս: Հայրս, սակայն, հասկանում էր, որ հայերենով երգելով այդքան էլ մեծ կարիերա չեմ ունենալու: Հանդիսատեսը մեծաքանակ չէր, ես մեծ երգացանկ չունեի: Ընթացքում ամուսնացա, երեխաներ ունեցա եւ զբաղված էի իմ ընտանիքով: Իսկ Ազնավուրն այլ է, կարող եմ մեկ-մեկ կատարել մի քանի երգ, նրա երգերն անմահ են:
-Ամեն դեպքում չե՞ք զղջում:
- Արել եմ այն, ինչ ցանկացել եմ: Երջանիկ էի, երբ երգում էի, եւ երջանիկ էի, երբ դադարեցի երգել... (ժպտում է): Հիմա էլ երջանիկ եմ, որ երգելու եմ այս համերգին: Իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Ոչ կամ այո չեմ ասում ոչնչին. փոփոխվող բնավորություն ունեմ: Նույնիսկ եթե շատ ոգեւորությամբ չընդունվի, միեւնույն է` հաճելի պահ կլինի, քանի որ այդ պահին հանդիսատեսի հետ լավ ժամանակ կանցկացնենք: Վաղվա օրվա մասին մտածելու տարիքում էլ չեմ, զրոյից սկսելու տարիք չէ:
Հիասքանչ է, որ կարողանում ենք հարգանքի տուրք մատուցել հորս, եւ ուրախ եմ, որովհետեւ նրա հետ երկար տարիներ համագործակցող դաշնակահարն ինձ քաջալերում է, ինքն է առաջարկել ինձ նվագակցել, մեծ պատիվ է ինձ համար:
Սեդա եւ Շառլ Ազնավուրները
-Արդյո՞ք հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա Ձեզ ունկնդրել առաջիկայում:
- Տեսնենք: Դեռ չգիտեմ, բայց եթե գամ, պապայի երգերը կատարելու համար կգամ, ոչ թե ուրիշ երգեր:
- Ի՞նչ կուզեիք ասել Հայաստանի ընթերցողներին:
- Գիտեմ, որ Հայաստանը շատ մեծ տեղ ուներ հորս համար, երկրաշարժի ժամանակ նա զգաց ամբողջ ցավը եւ գիտակցեց իր հայությունն առավել, քան երբեւէ. նա միշտ էլ ասում էր, որ հայ է, բայց այդքան հայ չէր, ինչքան, օրինակ, ես էի ինձ զգում, քանի որ ինձ իմ տատիկը եւ պապիկն են հայեցի դաստիարակել: Ինձ ամենաշատը հետաքրքրում է նրա հիմնած հիմնադրամը, եւ համաձայնեցի երգել նաեւ այդ պատճառով, որ հասույթը տրվելու է «Ազնավուր» հիմնադրամին: Հիմնադրամն այնքան կարեւոր էր հորս համար, նա ասում էր` մարդկանց համար աշխատատեղեր կբացվեն, նրանք չեն հեռանա հայրենիքից. հայերի արտագաղթը նրան շատ էր անհանգստացնում: Շնորհակալ եմ իմ եղբորը՝ Նիկոլային:
Զրուցեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը /BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` Սեդա Ազնավուրի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: