Նրան շատերը ծանոթ են հեռուստաէկրանից: Նա Հայաստանի քաղաքական սատիրայի հայտնի ներկայացուցիչներից է: Քչերն են, սակայն, տեղյակ, որ «ԱրմՔոմեդի»-ի Սերգեյը նաեւ բանասիրական գիտությունների թեկնածու է, թարգմանիչ, հանրային կապերի մասնագետ եւ դասախոս: BRAVO.am-ը բացառիկ կարգով ներկա է գտնվել Հայաստանի ամերիկյան համալսարանում նրա դասախոսությանն ու լուսանկարել է ընթացքը:
Սերգեյ Սարգսյանը դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում
-Սերգեյ, ե՞րբ եք սկսել դասավանդել:
- 2006-ին՝ անմիջապես թեկնածուական ատենախոսությունս պաշտպանելուց հետո: Այն ժամանակ Բրյուսովում էի դասավանդում` անգլերեն քերականություն, մինչեւ առաջարկեցին մշակել առարկա՝ հիմնված միջազգային կազմակերպություններում աշխատելու փորձիս վրա. սովորեցնում էի դրամաշնորհներ գրելու եւ դրանց հետ աշխատելու հմտություններ: 2016-ի սեպտեմբերից առաջարկեցին աշխատել ՀԱՀ-ում եւ դասավանդել հանրային կարծիքի ձեւավորման հմտություններ:
-Դասախոս լինելուն հե՞շտ եք վարժվել:
-Ծայրահեղ մեծ հաճույք եմ ստանում դասախոսություններից: Բացի հետաքրքիր, միասնական խնդիրներ լուծելուց, նաեւ ինքս նոր բաներ եմ սովորում եւ «ստիպված» եմ լինում թարմացնել գիտելիքներս PR ոլորտում, որ նոր թեմաներ մատուցեմ ուսանողությանը:
Սերգեյ Սարգսյանը
-Ձեր հայտնի լինելն ինչպե՞ս է անդրադառնում ուսանողների հետ շփման եւ դասընթացի վրա:
-Կարծում եմ՝ նրանք գաղտնի եղանակով տեղյակ են իմ հեռուստահաղորդման մասին:):
- Իսկ լուսանկարվելու ցանկություն հայտնո՞ւմ են:
-Դե… մեկ-մեկ լուսանկարվում եմ, բայց անծանոթ ուսանողների հետ:):
-Իսկ Ձեր ուսանողներին ինչպե՞ս եք մոտիվացնում, երբ նկատում եք, որ այդքան էլ ջանասիրաբար չեն պատրաստվում դասերին:
-Մոտիվացնում եմ միայն լավ գնահատականի հեռանկարով:
Սերգեյ Սարգսյանի դասախոսության ժամին
-Ինչպիսի՞ն են այսօրվա ուսանողները:
-Հիմնականում շատ մոտիվացված ու նպատակասլաց են: Կարծում եմ՝ քչացել են ձեւական ընդունված ուսանողները, մեծ հաճույքով են սովորում ու մասնակցում գիտական մարտահրավերներին:
-Հետաքրքիր դեպքեր կպատմե՞ք դասապրոցեսներից:
-Ուսանողներից մեկը մի անգամ ասաց, որ իմ դասաժամերին գալիս է էներգիա ստանալու՝ հաջորդներին դիմանալու համար:
-Իսկ ո՞վ է Ձեր համար եղել այն դասախոսը կամ ուսուցիչը, որ ոգեշնչել, դրական էներգիայով է լիցքավորել:
-Ալլա Սերգեեւնան՝ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհին:
-Ինչպիսի՞ կարեւոր հատկանիշներ պետք է ունենա դասախոսը:
-Պետք է կարողանա ցանկացած դժվար թեմա հետաքրքիր եւ ինտրիգային ներկայացնել: Դասախոսական աշխատանքը մեծ էներգիայի աղբյուր է, որը որակապես բարելավում է ստեղծագործական աշխատանքը:
Զրուցեց Անի Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: