Երեւանցիների եւ մայրաքաղաք ժամանած հյուրերի համար այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է լիտվացի լուսանկարիչների “Սերունդների երկխոսություն: Առօրյա կյանք: 1963-2013թթ.” խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված շուրջ 100 լուսանկարը պատմում են Վիլնյուսի առօրյայի եւ բնակիչների մասին` արտացոլելով վերջին հիսուն տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները:
Երեւանում ցուցադրվում են լիտվացի լուսանկարիչների աշխատանքները
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը, ինչպես նաեւ այլ պաշտոնյաներ ու մշակույթի ներկայացուցիչներ:
“Ինձ համար մեծ պատիվ է, որ Երեւանում ներկայացվում են լիտվացի լուսանկարիչների աշխատանքները: Նայելով դրանք` հիշեցի, թե ինչպես սկսեցի դպրոց, այնուհետեւ համալսարան հաճախել, հիշեցի կարիերաիս սկիզբը, կարծես կյանքովս ճանապարհորդեցի: Այս ամենը մեր մասին է, մենք ակնթարթի մեջ ենք’’,-ասել է Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը:
“Սերունդների երկխոսություն: Առօրյա կյանք: 1963-2013թթ.” խորագրով ցուցահանդեսի բացմանը
Ի դեպ, դեսպանը նշել է, որ Վիլնյուսում առաջիկայում կբացվի Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսը` խորհրդանշելով երկու ազգերի բարեկամությունը:
Փարավոն Միրզոյանը եւս մեզ հետ զրույցում կարեւորել է ցուցահանդեսը.“Ծանոթանում ենք այս հետաքրքիր աշխատանքներին եւ հեղինակների աչքերով դիտում կյանքի հիսուն տարին”:
“Սերունդների երկխոսություն: Առօրյա կյանք: 1963-2013թթ.” խորագրով ցուցահանդեսին
Հայաստանում Լիտվայի դեսպանատան եւ Լիտվայի լուսանկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 31-ը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: