Մշակո՜ւյթ, մշակո՜ւյթ… դրա բուն իմաստը երգ-պար-կինո-թատրոն-շոու բիզնես-նկարչությունը չէ. մշակույթը տարբեր ոլորտներում ինչ-որ բան անելու կամ վարելու ձեւն է` մշակված ու ստեղծված տասնամյակների ու դարերի ընթացքում: Ուտելու մշակույթ, երեխա դաստիարակելու մշակույթ, կրթություն ստանալու ու տալու մշակույթ, կենցաղ, ամուսնական կյանք կամ բիզնես վարելու մշակույթ… Ընդ որում, կամայական մշակույթ արտակարգ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում տվյալ ազգաբնակչության ուղեղում եւ հոգում:
Կադր Լենի Կրավիտցի "The Chamber" տեսահոլովակից
Սկսեցի մտածել այս ամենի ուղղությամբ, երբ հայկական կայքերից մեկում աչքովս ընկավ հետեւյալ վերնագրով ցանկը` «Հայկական ամենասեքսուալ տեսահոլովակները»: Հըմմ, սեքս հայկական տեսահոլովակներում, իրո՞ք: Այն, ինչ հրամցված էր ինձ այդ ցանկում սե՞քս էր ու սեքսուալությո՞ւն: Եվ ինքնըստինքյան եկա նրան, որ ախր մեղադրելու չէ. տեսահոլովակներում գեներացվում է ճիշտ այնպիսի սեքսուալություն, ինչպիսին որ սեքսի մշակույթն է մեր հասարակության մեջ` վախվորած, տեղ-տեղ քառակուսի, տեղ-տեղ սղոցող, չափի զգացմանը կամ չհասած, կամ էլ անցած` ինչպես գազը հանքային ջրից, հում ու ապիկար էսթետիկայով:
Սեքսը շահարկվում ու մոնետարիզացվում է տեսահոլովակների թողարկման առաջին իսկ օրից: Հայկականների դեպքում առանձնացրի 3 ձեւաչափ՝
- «Խաչիկը-Վաչիկը-պաչիկը, ջան, իմ ջեյրան-եղնիկ, սարի քամին դոշդ բանա, ես զմայլվեմ» ձեւաչափ, որտեղ մարդիկ սիրում են իրար օդակաթիլային տարբերակով, սեքսի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ իրենց սերը մաքուր է, ինչպես այդ դոշերի…էէէ, սարերի օդը,
- «Արտասահմանյան սեքսուալ տեսահոլովակները կապկող» ձեւաչափ, երբ արդեն նկատվում են սեքսուալ ցանկության նշաններ` ազդրերի ու կոնքերի ինտենսիվ կոտրատում, շուրթերի միջեւ հեռավորություն, օ~, քեզ հրաշք, ավելի քան 10 սմ, օպերատորական աշխատանք` ուղղված աղջկա կրծքերին եւ հետույքին, բայց քանզի ռեժիսորն ու երգիչը վերը նշված հայկական մշակույթի ներկայացուցիչներ են, տեսահոլովակում իրական գեղեցիկ սեքս, միեւնույնն է, չի ստացվում,
- «ռեփային» ձեւաչափ, որտեղ ախորժակը բավական մեծ է, քանի որ ռեփերները փորձում են ոտք գցել պոռնոգրաֆիկ տեսարաններով հոլովակներ թողարկող արտասահմանյան գործընկերների հետ, արդյունքում տեսնում ենք էժանագին տեսքով մոդելի` մերկ կրծքերով դեպի ռեփերը, իսկ մեջքով դեպի մեզ, ու քանի որ հայ ենք, դեմքը ժանյակով ծածկած է, ըհըմ, բավական կարիկատուրային տեսարան է, բայց ինչ արած` ինչպիսի սեքսուալ մշակույթ, այնպիսի ռեփ ու տեսարաններ:
Հայկական տեսահոլովակների դեպքում հատկանշական է նաեւ մի հետաքրքիր բան` սեքսով գայթակղել փորձում է իգական սեռը, իսկ արականը պահպանում է խրոխտ անտարբերություն ու մեծամտություն: Զուգադիպությո՞ւն, չեմ կարծում, ավելի շուտ հին ու բարի առնական շովինիզմ: Ինչեւէ, հուսանք` 2027թ-ին մենք էլ հայկական տեսահոլովակներում էսթետիկ, կրքոտ, ճաշակով սեքս կտեսնենք, եթե, իհարկե, իրական կյանքում սեքսուալ մշակույթը փոխվի: Սեքսոլոգնե՛ր, գինեկոլոգնե՛ր ու հոգեբաննե՛ր, ձեզ տեսնենք, ինչպես ասում են, ահագին գործ կա անելու քարոզչության առումով:
Անցնելով հոլովակային գեղեցիկ սեքսին համաշխարհային փորձում` ներկայացնեմ ամենասեքսուալ հնգյակն` ըստ իմ հարցումների ու նաեւ սեփական ճաշակի:
5-րդ տեղում է Բեյոնսեն: Նրա դեպքում տաղանդը համադրվում է սեքսի առավելագույն շահագործման հետ, ինչն իրեն լիուլի արդարացնում է: Դիտում ես տեսահոլովակը եւ ուղղակի հնարավոր չէ աչք կտրել:
4-րդ տեղում է Ջորջ Մայքլը: Դե, նա միշտ էլ աչքի է ընկել սեքսուալ համարձակությամբ, ճաշակով ու նույնիսկ հումորով: Այս տեսահոլովակում նրան հաջողվել է 6 րոպեում հավաքել 90-ականների ամենաընտիր թոփ-մոդելներին` Նաոմի Քեմփբել, Լինդա Եվանգելիստա, Սինդի Քրոուֆորդ, Եվա Հերցիգովա. նուրբ, սեքսուալ կոկտեյլ է ստացվել:
3-րդ տեղում հայտնվել է Լենի Կրավիտցը: Նա 50 տարեկան է, բայց այնքան սեքսուալ, որ մթագնում է նույնիսկ պրոֆեսիոնալ մոդելին: Օ՜, այո, ես միայն կողմ եմ, որ տղամարդկային սեքսուալությունը մատուցվի հենց այս ձեւով:
2-րդ տեղում հարցվողների միահամուռ առաջարկով Մայքլ Ջեքսոնն է: Դիտարկումներն ավելորդ են. հոլովակը 6:24 րոպե շարունակ սեքս է շնչում-արտաշնչում:
1-ին հորիզոնականում միաձայն ու անբեկանելի տեղավորված է Քրիս Այզեքը: Հոլովակը հին է, բայց դեռ չի նկարահանվել ավելի գեղեցիկ 4 րոպե, քան սա: Ավելորդ ոչ մի կադր ու շարժում` միմիայն սեր, էրոտիկա ու սեքս, որոնց համատեղումը հենց սքանչելի սեքսի մշակույթն է:
Աուրա Ֆ.
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: