×


Սիրանիկան

Սիրանիկայի առաջին տեսահոլովակն ու վտանգավոր արկածները նկարահանումների ժամանակ

Հայաստանյան հարուստ բնություն, աշուն, անտառներ, լեռներ, լավ երաժշտություն եւ կյանքի ամեն պահը վայելելու մեծ ցանկություն՝ այս ամենն է ներկայացված Սիրանիկայի նոր՝ «Enjoy Every Part» երգի տեսահոլովակում: Ի դեմս երգչուհու՝ հայ երգարվեստում հայտնվել է նոր անուն՝ յուրօրինակ ոճով ու կատարմամբ: BRAVO.am-ի հետ զրույցում Սիրանիկան պատմել է, թե ինչպես է 19 տարեկանում առաջին անգամ եկել Հայաստան ու հայերեն գրել-կարդալ սովորել, ինչով է զբաղվել այստեղ 7 տարվա ընթացքում, եւ թե ինչ արկածներով են հագեցած եղել հոլովակի նկարահանումները վայրի բնության մեջ:

Հոլովակի նկարահանումներն ու ադրբեջանական կողմի կրակոցները

Սա իմ առաջին տեսահոլովակն է, եւ ես ուզում էի ցույց տալ Հայաստանի աշունը, շքեղ բնությունը՝ հյուսիսից մինչեւ հարավ: Այդ նպատակով մեր նկարահանող խմբով երեք օր շրջել ենք ողջ Հայաստանում, գտել ամենագեղեցիկ ու տպավորիչ վայրերը: Եղել ենք Իջեւանում, Լաստիվերում, Նորավանքում, Արենիում եւ այլուր: Շատ լավ թիմ էր ձեւավորվել՝ ջերմ, ընկերական ու պրոֆեսիոնալ: Ի դեպ, երբ Տավուշի մարզում էինք եւ դրոնով՝ թռչող տեսախցիկով, նկարահանումներ էինք անում, հանկարծ ադրբեջանական կողմից սկսեցին կրակոցներ հնչել: Մենք մեզ հետ բարձրախոսներ էինք տարել, հարկավոր էր բարձր երաժշտություն միացնել, որի ձայնը հավանաբար լսվել էր իրենց մոտ, սկսել էին օդ կրակել: Իհարկե, չէինք վախենում, շարունակում էինք նկարահանումները, միակ մտածմունքն այն էր, որ դրոնը չվնասեն: Փառք Աստծո, ամեն ինչ լավ ընթացավ, ստացանք այն, ինչ ցանկանում էինք:

Սիրանիկան


Սիրանիկան՝ որպես իր տեսահոլովակի ռեժիսոր եւ պրոդյուսեր

Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակներն են Համբիկ Դանիելը եւ Աշոտ Պետրոսյանը: Այստեղ ես կոչ եմ անում վայելել կյանքի ամեն մի պահը, խոսում եմ էմոցիաների մասին, երազանքի, որը գտնվում է հեռվում, ուզում ես հասնել նրան, բայց դեռ ժամանակը չէ. ամեն ինչ կլինի ճիշտ պահին: Նշեմ, որ գործիքավորման մեջ օգտագործել ենք նաեւ ուդ լարային գործիքը, որը, կարծում եմ, շատ գեղեցիկ է հնչում: Անպայման ուզում էի, որ հայկական տարրեր լինեին երաժշտության մեջ, բայց երգի ընդհանուր ուղղվածությունը չփոխվեր, քանի որ դիփ-հաուս ոճում է արված: Ի դեպ, տեսահոլովակի ռեժիսորն ու պրոդյուսերն ինքս եմ: Վերջերս սովորեցի եւ ավարտեցի «ՊանԱրմենիան» մեդիա դպրոցի պրոդյուսերական դասընթացը, ըստ այդմ էլ՝ որոշեցի գիտելիքներս կիրառել գործնականում: Այդպես էլ ծնվեց «Enjoy Every Part» երգի տեսահոլովակը, որը, կարծում եմ, միակը չի լինի իմ ռեժիսորական եւ պրոդյուսերական աշխատանքում: Շատ էի ցանկանում ցույց տալ Հայաստանի բնությունը, քանի որ անչափ գեղեցիկ է ու քիչ ճանաչելի դրսում ապրողների համար: Սա դեռ առաջին քայլս էր, իսկ հաջորդը կլինի է՛լ ավելի հետաքրքիր, կարծում եմ (ժպտում է,- հեղ.):

Ինչպես որոշեց գալ Հայաստան ու այլեւս չհեռանալ

Ծնվել ու մեծացել եմ Ռուսաստանում: Դեռ փոքր տարիքից պարի էի հաճախում, բայց 11 տարեկանում, երբ մայրիկիս հորդորով սկսեցի հաճախել երաժշտական դպրոց, այնտեղ բացահայտեցին, որ ունեմ ձայնային տվյալներ, կարող եմ երգել: Իսկ երբ ավարտեցի դպրոցը, ցանկանում էի Մոսկվայում շարունակել կրթությունս, բայց ծնողներս թույլ չտվեցին, ասացին` ավելի լավ է` Հայաստանում սովորեմ: Այդ ժամանակ արդեն 19 տարեկան էի ու առաջին անգամ բացահայտեցի Հայաստանն ինձ համար: Մինչ այդ շատ էի լսել, բազմիցս պատմել էին, բայց կարծես իրական չլինեին այդ պատմությունները, մինչեւ որ չեկա ու իմ աչքով չտեսա: Ինքնաթիռից երբ իջա ու տեսա Արարատը, իսկապես հուզվեցի, հասկացա, որ տանն եմ: Այստեղ ես ընդունվեցի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, սկսեցի հայերեն գրել-կարդալ սովորել, ուսումնասիրել հայկական մշակույթը, գրականությունն ու պատմությունը: Իհարկե, դժվար պահեր եղել են, բայց չեմ կոտրվել, քանի որ սիրահարվել եմ Հայաստանին ու որոշել եմ մնալ:

Սիրանիկան


Երգչուհին` որպես ուսանող եւ ուսուցիչ

Արդեն յոթ տարի է` Հայաստանում եմ, իսկ ծնողներս դեռ Ռուսաստանում են: Երբեմն կանչում են, ասում են` արի, բայց ես միտք չունեմ վերադառնալու, ուզում եմ այստեղ շարունակել գործունեությունս: Կոնսերվատորիայում սովորել եմ էստրադային-ջազային երաժշտության ամբիոնում, Արմանուշ Հակոբյանի սանն եմ եղել: Ի դեպ, 2013թ.-ին նրա հետ գնացի Բարսելոնա`միջազգային երաժշտական մրցույթի մասնակցելու, կոչվում էր «Pop Foundation»: Այնտեղ ես ներկայացրի Հայաստանն ու 20 մասնակցի թվում արժանացա Գրան Պրի մրցանակի:

Հիմա՝  Կոնսերվատորիայի բակալավրն ու մագիստրատուրան գերազանց ավարտելուց հետո սովորում եմ ասպիրանտուրայում, կատարողական եւ ստեղծագործական բարձրագույն վարպետության լրացուցիչ կրթության դասընթացներ եմ անցնում: Զուգահեռ դասավանդում եմ Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, արդեն երկու տարի է՝ երեխաներին վոկալի դասեր եմ տալիս:

Սիրանիկան


Այս պահին ինձ տեսնում եմ ավելի ժամանակակից երաժշտական ոճերում: Թե ինչ կլինի հետագայում, չեմ կարող հստակ ասել. ներաշխարհս ու նախասիրություններս կհուշեն: Համենայն դեպս, արդեն աշխատում եմ երկրորդ երգի վրա եւ կարծում եմ՝ շուտով այն նույնպես կներկայացնեմ:

Տեքստը՝  Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիրանիկան


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport