×


Սրբապատկերներ վաճառող տղան, ծեր ամուսնական զույգը, գորգ լվացող կանայք` “Երեւանն` արեւածագից մինչեւ մայրամուտ” ֆիլմում

“Աշխարհը` արեւածագից մինչեւ մայրամուտ” լեհական նախագծում տեղ է գտել նաեւ վավերագրական ֆիլմ Երեւանի ու երեւանցիների մասին: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների եւ լեհ ռեժիսորների համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել է “Երեւանն` արեւածագից մինչեւ մայրամուտ”-ը, որի պրեմիերան օրերս տեղի է ունեցել “Մոսկվա” կինոթատրոնում:

“Երեւանն` արեւածագից մինչեւ մայրամուտ” ֆիլմի պրեմիերային


Թատերական ինստիտուտի ուսանողները` ապագա ռեժիսորներն ու օպերատորները, նկարահանել են Երեւանի մասին 4-5 րոպե տեւողությամբ փոքրիկ պատումներ, որոնք մոնտաժի արդյունքում դարձել են մոտ 40 րոպեանոց ֆիլմ:

Վավերագրական ֆիլմի հերոսները տարբեր զբաղմունքի ու տարիքի երեւանցիներ են` սոցիալապես անապահով ընտանիքի զավակ, որը փողոցներում սրբապատկերներ է վաճառում, նկուղային հացի փռում լավաշ թխող կանայք, դպրոցականներ, որոնք դասամիջոցին բուֆետում միմյանց հերթ չեն տալիս, ծեր ամուսնական զույգ, գորգ լվացող տնային տնտեսուհիներ, Կասկադում “Կարին” խմբի հետ ազգային պարեր պարող հայեր եւ այլք:

Դրվագ “Երեւանն` արեւածագից մինչեւ մայրամուտ” ֆիլմից


“Աշխարհը` արեւածագից մինչեւ մայրամուտ” լեհական նախագծի համահեղինակ, կինոռեժիսոր Միրոսլավ Դեմբինսին տեղեկացրել է, որ ամեն տարի ընտրում են մի քանի մայրաքաղաք եւ տեղի ուսանողների հետ իրականացնում մեկամսյա վարպետության դասեր.“Քաղաքները, որոնց մասին ֆիլմ ենք նկարում, միմյանցից տարբերվում են. ազգերն իրար ե՛ւ մոտ են, ե՛ւ հեռու”, - լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է նա` հավելելով, որ ֆիլմեր են նկարահանել Վարշավայի, Կիեւի, Մինսկի , Մոսկվայի, Տոկիոյի, Պեկինի, Բրյուսելի մասին, իսկ 2013-ին մասնակից քաղաքներին միացել են Թբիլիսին, Քիշնեւը, նաեւ Երեւանը:

Լեհ կինոռեժիսոր, Անջեյ Վայդայի կինոդպրոցի պրոֆեսոր Յացեկ Բլավուտը նշել է, որ երեւանյան ֆիլմը կցուցադրվի արտերկրում.“Այս ֆիլմի հերոսներից բարձրահարկ շենքի կռունկավարը վերեւից նայում է քաղաքին: Տեսախցիկն ու հանդիսատեսը միասին ընդունում են այդ դիտանկյունը: Հայ ուսանողների հետ աշխատանքից շատ գոհ եմ, երբ հասկացան առաջադրանքը, մեծ ոգեւորությամբ սկսեցին նկարել ֆիլմը”:

Դրվագ “Երեւանն` արեւածագից մինչեւ մայրամուտ” ֆիլմից


Ֆիլմի դիտումից հետո ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը բեմ է հրավիրել այն նկարահանած ուսանողներին եւ շնորհավորել նրանց.“Ապրեք, առաջին հերթին` ձեր անկեղծության համար: Դուք դեռ հրաշագործ չեք, որովհետեւ դեռ ռեժիսոր չեք, ռեժիսորացու եք, դեռ օպերատոր չեք, օպերատորացու եք, բայց հակահայկական տենդենց է, որ այսքան հայերով միասին կարողացաք լեհերի հետ աշխատել, իսկ հիմա գնացեք ինստիտուտ` դասի:)”:

Նշենք, որ ինչպես լեհական նախագծի “Աշխարհը` արեւածագից մինչեւ մայրամուտ” ֆիլմը, այնպես էլ մայրաքաղաքների մասին նկարահանված բոլոր ֆիլմերը “ճամփորդում” են տարբեր երկրներով:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW