×


Վարդուհի Ալեքսանյանն անակնկալի է բերել Գոհար Գասպարյանին հարսանիքի օրը :)

Վարդուհի Ալեքսանյանը գրեթե մեկ տարի առաջ իրականացրեց իր վաղեմի երազանքը` ընկերուհու` Դինա Ավետիսյանի հետ հայաշատ Գլենդեյլ քաղաքում հիմնելով պարի դպրոց: Պարուհի-հաղորդավարուհին, ով այս օրերին Երեւանում է, լուսանկարվել է BRAVO.am-ի համար եւ զրուցել մի շարք թեմաների շուրջ:

Վարդուհի Ալեքսանյանը


Անակնկալ այցի մասին

Ուրախալի լուր ստացա. մտերիմ ընկերուհիս` Գոհար Գասպարյանը, պատրաստվում է ամուսնանալ: Երկար սպասված երջանիկ օրն անպայման պետք է միասին կիսեինք: Անակնկալ էր ոչ միայն նրա, այլեւ մեր մյուս ընկերների համար, երբ հանկարծ եկեղեցում նկատեցին ինձ: Հիանալի օր էր իմ սիրած Երեւանում:

Այցս կտեւի մինչեւ օգոստոս, որից հետո կրկին կանցնեմ իմ այժմյան հիմնական գործին, որը ԱՄՆ-ում հայ մանուկներին պարային կրթություն տալն է: Օդանավի վայրէջք կատարելիս սիրտս մի պահ լցվեց, երբ տեսա` ինչպես է քամին շոյում ցորենի հասկը: Նման կարոտ երբեք չէի զգացել:

Վարդուհի Ալեքսանյանը եւ Գոհար Գասպարյանը


Կարոտի փոռթկումներ

Դեռ մեկ տարի չկա, ինչ բնակվում եմ Միացյալ Նահանգներում, ուստի չեմ նկատում կտրուկ փոփոխություններ: Միշտ էլ սերտ կապի մեջ եմ Հայաստանում բնակվող ընտանիքիս, հարազատներիս եւ ընկերներիս հետ: Փորձում եմ տեղեկացված լինել անցուդարձից, նորություններից: Ամառային հանգիստս անցկացնում եմ մտերիմ մարդկանց շրջապատում` վայելելով հայկական հարուստ, աննման խոհանոցի եւ հողի բարիքները:

Թեեւ Լոս Անջելեսում հայերը փորձում են հայկական սննդամթերքով լրացնել պակասը, բայց միեւնույն է. Հայաստանի արեւը, ջուրը անփոխարինելի են եւ դրանցից ծնված ցանկացած միրգ ու բանջարեղեն: Ես այնտեղ շրջապատված եմ հրաշալի հայ մանուկներով, ովքեր իմ օրը լցնում են ուրախությամբ եւ ժպիտով: Չեն թողնում, որ շատ կարոտեմ, բայց երբ աշխատանքից դուրս եմ գալիս, անմիջապես մտքովս անցնում է` «բա հիմա ընտանիքով չնստեինք մեր պատշգամբում, հայկական սուրճ ու փախլավա վայելեինք» կամ «չգնայինք ընկերների հետ Կասկադում քայլելու…»: Կարծում եմ` կարոտի նման պոռթկումներ շատ են լինում յուրաքանչյուր հայի հետ, ով դրսում է:

Ոգեւորություն եւ հիասթափություն

Միացյալ Նահանգներում ինձ ոգեւորում է երկրի կարգապահությունը, օրենքի ուժը եւ հավասարությունը: Շատ կուզեի, որ մեր երկրում էլ այդպես լիներ, եւ մարդիկ չձգտեին հեռանալ: Ես հավատում եմ, որ շուտով հենց այդպես էլ կլինի: ժամանակը թելադրում է իրենը, եւ մենք չենք կարող հետ մնալ:

Վարդուհի Ալեքսանյանը


Հիասթափություններ դեռ չեմ ունեցել, պարզապես, ես այդքան շուտ հիասթափվող եւ հանձնվող մարդ չեմ. սովոր եմ պայքարել հաղթանակի համար: Մամանակավոր եմ բնակվում ԱՄՆ-ում. մտերիմ ընկերուհուս` Դինա Ավետիսյանի հետ իրականացնում եմ մի մեծ նախագիծ` «Grand Stage Dance» կատարողական արվեստի դպրոցը: Մենք արդեն ունենք ավելի քան 150 սան, որոնց շատ սիրում եւ գնահատում ենք: Նրանք մեր դպրոցի գանձերն են: Շատ կուզեմ նույնատիպ նախագիծ իրականացնել նաեւ հայրենիքում, որպեսզի ամբողջ կյանքիս ընթացքում կուտակած մասնագիտական գիտելիքներս եւ փորձս փոխանցեմ հնարավորինս շատ մարդկանց:

Ապագայի ծրագրեր

Աշխատում ենք դպրոցում ավելացնել նոր դասընթացներ, լայնացնել արվեստների դասավանդման շրջանակը, չենք ցանկանում սահմանափակվել միայն պարով: Փնտրում ենք հայ մասնագետներ արվեստի տարբեր ոլորտներում: Պարբերաբար հաճելի հանդիպումներ ենք կազմակերպում հայտնի մարդկաց հետ, վարպետաց դասեր անցկացնում, ինչպես նաեւ համերգներ եւ տոնական միջոցառումներ:

Վարդուհի Ալեքսանյանը


Անձնականի մասին

Ինձ համար անչափ կարեւոր է ընտանիքի գաղափարն` իր բոլոր հայկական հոգեւոր արժեքներով: Մանկուց ապրել եմ այդ միջավայրում` մեծ եւ խաղաղ ընտանիքում, եւ հենց այդպիսի ընտանիքում եմ պատկերացնում իմ կյանքը: Հայ տղամարդիկ շատ լավ եւ դրական հատկանիշներ ունեն, որոնք չես համեմատի այլազգիների հետ: Շատ կարեւորում եմ ապագա ամուսնուս հայ լինելն ու մեր մշակութային արժեքները կիսելը: Սակայն սերը ազգություն եւ սահմաններ չունի, երբեք չես իմանա` կյանքն ինչ անակնկալ է պատրաստել քեզ համար: Կարեւորը, որ մենք դա ընդունենք եւ գնահատենք: Ապագա ամուսնուս դեռ չեմ ընտրել:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին