Այս օրերին Հայաստանում գտնվող բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը երեկ` մայիսի 18-ին, հյուրընկալվել էր “Ամարաս” խմբի ստուդիայում: Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնն եկել էր դիտելու իր հորեղբոր աղջկա հարսանեկան խնջույքին պարուհիների ներկայացրած համարը եւ ծանոթանալու նրանց հետ:
Արթուր Աբրահամը հյուրընկալվել է “Ամարաս” խմբի ստուդիայում
Ապրիլի 27-ին տեղի ունեցած հարսանեկան արարողությանն Արթուր Աբրահամը մարզումների պատճառով չի կարողացել ներկա լինել, բայց “skype”-ի միջոցով դիտել է իր քրոջ` Աննայի մտահղացմամբ եւ Վիկա Մարտիրոսյանի բեմադրությամբ պարը ռինգում:).“Շատ հաճելի էր, որ պարուհիները քույրիկիս հարսանիքին նման անակնկալ արեցին, ինձ համար անմոռանալի էր, շատ զգացված եմ”:
Խոսելով իր հարսանիքի մասին` մարզիկը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ սիրում է մեծ հարսանիքներ եւ կնախընտրի Հայաստանում ամուսնանալ.“Իհարկե, ես էլ կցանկանամ մեծ հարսանիք ունենալ. մենք միշտ պետք է առիթ փնտրենք, որ լավ քեֆ անենք, որովհետեւ շատերն աշխատանքով են զբաղված, իսկ հարսանիքը ուրախանալու լավ օր է: Եթե հնարավորություն կա, շատ ցանկալի է հարսանիք անել, որովհետեւ այն ուրախություն է ոչ միայն ամուսնացող զույգի, այլեւ ծնողների, պապիկ-տատիկների ու հարազատների համար”:
Արթուր Աբրահամը եւ "Ամարաս"-ի պարուհիները
“Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն էլ պատմել է, որ Արթուր Աբրահամը նախապես տեղյակ չի եղել բեմադրության մասին, իսկ վերադարձից հետո որոշել է պարուհիներին անձամբ շնորհակալություն հայտնել. “Հարսի ու փեսայի փոխարեն ռինգ մտան մեր պարուհիները` Մանեն ու Լաուրան, եւ, պահպանելով բռնցքամարտի կանոնները, մենամարտեցին: Շատ ուրախ եմ, որ հյուրերը եւ Արթուրը հավանեցին բեմադրությունը, ինքս նրա երկրպագուներից եմ, վաղուց հետեւում եմ գործունեությանը, հպարտ եմ, որ մեր ազգի պատիվը բարձր է պահում: Ի դեպ, նա ներքին կարգով ասաց` երբ որոշի իր հարսանիքի օրը, մենք կզբաղվենք պարային բեմադրություններով”:
Արթուր Աբրահամը մայիսի 29-ին հանգստի նպատակով Երեւանից կմեկնի Սինգապուր.“Այստեղ չեմ հասցնում հանգստանալ, ծովափնյա արձակուրդից հետո կվերադառնամ Գերմանիա` շարունակելու մարզումներս: Այնտեղ հետեւում եմ իմ սննդակարգին, բայց Հայաստանում այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում. քաղցրակեր եմ, երբ հյուրասիրում են, չեմ հրաժարվում:)”:
Արթուր Աբրահամը հորեղբոր հետ հյուրընկալվել է “Ամարաս” խմբի ստուդիայում
Հանդիպման ավարտին Վիկա Մարտիրոսյանը մարզիկին հանձնեց “Ամարաս”-ի տեսասկավառակը, որը նա խոստացավ պահել արխիվում, իսկ իր մակագրած լուսանկարը տեղ կգտնի պարի ստուդիայի պատին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Արթուր Աբրահամի քրոջ անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: