×


Վիկտորյա Անանյան. “Ուզում եմ հայ ազգն իմանա, որ ես կամ”

Միացյալ Նահանգներում բնակվող Վիկտորյա Անանյանը ծնված օրվանից ապրում է բալետով, մանկուց սովորել է տարբեր երկրների բալետային դպրոցներում, ելույթ է ունեցել ամենատարբեր քաղաքներում, բայց իր համար դեռ չիրականացված է մնում մեկ երազանք՝ պարել Հայաստանում՝ հայ հանդիսատեսի համար:

Բալետի պարուհի Վիկտորյա Անանյանը


27-ամյա պարուհին ծնվել է Երեւանում՝ պրոֆեսիոնալ բալետ պարողների մեծ ընտանիքում: Բնակվելով Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Հոլանդիայում, այժմ էլ ԱՄՆ-ում՝ յուրացրել է ռուսական, ապա եվրոպական ու ամերիկյան բալետի բոլոր ոճերը, ծանոթ է դասավանդման համակարգի տարբերություններին, մեկ բան հստակ գիտի՝ բալետն իր արյան մեջ է:

BRAVO.am-ի հետ զրույցում մեր հայրենակցուհին պատմել է երեւանյան իր հիշողությունների, ապրելակերպի ու գործունեության մասին:

“Պարելով թռնում էի ու ասում՝  Միկա՛, ինձ նկարիր:)”

Մայրիկիս պատմելով՝ ծնված օրվանից խաղալով պարել եմ: Հաստատ գիտեի, որ հետո էլ պարելու եմ, չնայած` մայրս, տատիկս, որոնք պարուհիներ էին, այնքան էլ կողմ չէին: Ինքս եմ ընտրել այս ճանապարհը: Պապիկս՝  Զարեհ Մուրադյանը, հայրս՝  Էդվարդ Անանյանը, նույնպես եղել են բալետի աշխարհում. ես ու եղբայր էլ դարձանք պարողներ:

"Բալետն իմ արյան մեջ է".Վիկտորյա Անանյան


Հիշում եմ, երբ շատ փոքր էի, իմ մանկության ընկերներից Միքայել Շարաֆյանի հետ խաղում էինք. Միկան պատերին նկարում էր, ես պարելով թռնում էի ու ասում՝ Միկա՛, ինձ նկարիր:): Միկան դարձավ նկարիչ-դիզայներ, ես՝ պարուհի: Կյանքի բերումով երկուսս էլ Ամերիկայում ենք ապրում, հիմա էլ հաճախ հանդիպում ենք:

Հայաստանի հետ կապված հիշողություններիս մեջ մեկ էլ պահպանվել է, որ լույս ու ջուր չունեինք… Փոքր էի, երբ տեղափոխվեցինք Խարկով: Մայրս էր ինձ բալետ դասավանդում: Միշտ նեղանում էի, որովհետեւ ինձ հետ շատ ավելի խիստ էր, քան մյուս երեխաների: Փոքր ժամանակ չէի հասկանում, դասից հետո տանը շարունակում էի թեման, ասում էի՝  էն աղջկա հետ լավ է, իմ հետ` վատ:): Մաման մոտ հինգ տարի ինձ դաս տվեց, գլխացավ ստացավ, հետո ուղարկեց Պերմ: Այդ ժամանակ 16 տարեկան էի. մրցույթի ընթացքում էին տեսել ու հրավիրել սովորելու: Դպրոցական դասերն ու բալետը միասին նույն տեղում էի սովորում:

Բալետի պարուհի Վիկտորյա Անանյանը


“Չգիտեմ էլ՝  ինչ լեզվով եմ մտածում”

Տարբեր տեղերում եմ ապրել, բայց ամենահարազատը Հայաստանն է, որովհետեւ ծնվել եմ այդտեղ: Հայերեն այդքան լավ չեմ խոսում` առաջին ու երկրորդ դասարանում եմ սովորել հայկական դպրոցում: Հայրիկս պարտադրում է` իր հետ հայերեն խոսեմ, որ չմոռանամ: Ռուսերենի ու անգլերենի հետ եմ խառնում, չգիտեմ էլ՝  ինչ լեզվով եմ մտածում. “վինեգրետ” է գլխումս, խառն եմ մտածում:):

“… որ ոտքերս չջարդեմ”

2007թվականին գնացի Ամստերդամ: Հրավիրել էին աշխատելու, մինչեւ հիմա ունեմ պայմանագիր: Շատ ներկայացումներում պարեցի, տարբեր ծանոթություններ ունեցա: Մինչ այդ շատ տարբեր քաղաքներով տուրերի գնացել էի, շուտ հարմարվեցի, սովորեցի եվրոպական բալետի ոճը, որը շատ է տարբերվում ռուսականից: Այնպիսի պայմանագիր ունեմ, որ կարող եմ միշտ` մինչեւ ծերանալս աշխատել Հոլանդիայում,  այսինքն՝ բալետային կյանքում մինչեւ 38-39 տարեկանը:

"Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ հայրենիքում կպարեմ".Վիկտորյա Անանյան


Եվրոպայում բալետն ավելի մոտ է դասականին, մարմինդ ավելի նուրբ ու փափուկ է, ինչը լավ է ե՛ւ կլասիկ, ե՛ւ մոդեռն բալետի համար: Ամերիկյան բալետում սիրում են արագ ռիթմեր, կարող ես ավելի շատ տրավմաների ենթարկվել, դրա համար պարելուց առաջ միշտ լավ մտածում եմ, որ ոտքերս չջարդեմ: Բայց մեկ անգամ ոտքիս կոճի տրավմա ունեցել եմ, վիրահատությունից հետո պետք է 6 ամիս սպասեի, բայց չկարողացա. մեկ ու կես ամիս հետո պարեցի “Ժիզել”:


Սան Ֆրանցիսկոյի բալետային դպրոցը, որտեղ հիմա մենապարուհի եմ, Ամերիկայում համարվում է լավագույններից մեկը: Բայց վատն այն է, որ առանց բեմ 6 ամիս պարապում, հետո երեք ամիս պարում ենք ամբողջ ռեպերտուարը: Շատ եմ սիրում բեմում պարել, մի քիչ անհարմար է այս աշխատաոճը: Դեռ հաստատ չգիտեմ, բայց մտածում եմ Եվրոպա վերադառնալու մասին: Ուղղակի կուզենայի հետագայում այստեղ դաս տալ ու իմ նախագծերն անել:

Ամերիկայում ուսանողական համակարգ է. պրոֆեսիոնալ ես, բայց միշտ պետք է քո տնօրենին ապացուցես, իսկ Հոլանդիայում դու աշխատում ես ինքնուրույն, պարում ես հանդիսատեսի համար, ոչ թե տնօրենի: Իսկ ես ուզում էի ամեն ինչ անել, դաս տալ, մանավանդ որ ուրիշ քաղաքներից հրավիրել են մաստեր-կլաս վարելու: Ի դեպ, ես միակ հայը չեմ, Դավիթ Կարապետյանն է աշխատում այստեղ, հիմա միասին փորձերի մեջ ենք: 

"Հայրիկս պարտադրում է իր հետ հայերեն խոսել, որ մեր լեզուն չմոռանամ".Վիկտորյա Անանյան


“Կտպագրեմ իմ պոեզիան”

Բացի բալետից շատ եմ սիրում գրականություն: Ինքս ռուսերենով գրում եմ բանաստեղծություններ ու պատմվածքներ: Երբ փոքր էի, տատիկս ինձ համար շատ էր կարդում Լերմոնտով, Պուշկին: Հիշում եմ՝ առաջին անգամ 1995-ին թուղթը վերցրի ու արագ-արագ գրեցի մտքիս եկածը, բայց ոչ ոքի ցույց չտվեցի: Հետո միշտ թուղթ ու գրիչ եմ մոտս պահել: Երբ հիմա կարդում եմ այդ ժամանակվա գրածներս, մտածում եմ՝  ինչ խոր մտքեր ունեի: Գրելու կարողությունը ժառանգել եմ պապիկիցս: Այս տարի երեւի կտպագրեմ իմ պոեզիան, հետո նաեւ կարճ պատմվածքներս:

Երբ Ամստերդամում էի ապրում, մեկ-մեկ հանդես էի գալիս որպես մոդել:  Հոլանդացի ռեժիսորներից մեկն առաջարկեց իմ մասին դոկումենտալ ֆիլմ նկարել, բայց կիսատ մնաց, քանի որ եկա Միացյալ Նահանգներ, արդեն 7 ամիս է՝ այստեղ եմ: Հիմա ծնողներս ու եղբայրս ապրում են Ուկրաինայում: Մայրիկս 6 տարի ապրել ու բալետ է դասավանդել Ճապոնիայում, բայց հիմա տեղափոխվել է Ուկրաինա, որտեղ ապրում են հայրս ու եղբայրս:

"Հայերի մենթալիտետի մեջ շատ մազալու բաներ կան:)".Վիկտորյա Անանյան


“Մայրիկս անհանգստանում է”

Այստեղ առանց ընտանիքի դժվար է, բայց դեռ չեմ մտածում իմ ընտանիքը ստեղծելու մասին: Ուզում եմ համոզված լինել, որ գտել եմ այն մարդուն, որի հետ կապրեմ ամբողջ կյանքս: Մեկ-մեկ մայրիկս անհանգստանում է, ասում է՝ “ինչ մարդ ես, չես հավանում ոչ ոքի”, բայց հավանելը շատ քիչ է ամուսնանալու համար: Ես մամային շունիկ նվիրեցի, որ շան հետ խաղա, ինձ չանհանգստացնի այդ թեմայով:): Մաման շանն ասում է Լոլա, պապան՝ Մաթիլդա:):

Հայերին շատ սիրում եմ, բայց հայերի մենթալիտետի մեջ շատ մազալու բաներ կան:): Մեր ազգի ամենաբնորոշ գիծը չափազանցելն է, այնքա՜ն գույներով են ամեն ինչ ներկայացնում: Վերջին անգամ 6-7 տարի առաջ եմ եղել հայրենիքում՝  եկել էի բարեկամներիս տեսնելու: Երեւանում փողոցով քայլելիս հասկանում էի, որ մարդիկ այնքան խնդիր ունեն, որ չեն ուզում արվեստի մասին մտածել: Երանի կարողանայի օգնել, ով դրա կարիքն ունի, բայց հնարավոր չէ, որովհետեւ մեկ-մեկ ինձ է պետք օգնություն:

Բալետի պարուհի Վիկտորյա Անանյանը


Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ հայրենիքում կպարեմ: Ուզում եմ, որ հայ ազգն իմանա, որ ես կամ: Միայն հրավերի եմ սպասում Օպերայի եւ բալետի  թատրոնի կողմից, նույնիսկ առանց գումարի հաճույքով կգամ ու կպարեմ հայաստանցիների համար:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վիկտորյա Անանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին