Համազգային թատրոնում շինարարական աշխատանքներ են ընթանում․ անձնակազմը պատրաստվում է թատրոնի նոր շենքի պաշտոնական բացմանը, որը նախատեսվում է արդեն հաշված օրերից։ Զուգահեռաբար շարունակվում են նաև ստեղծագործական աշխատանքները, դերասաններն ու ռեժիսորները հարմար տեղավորվել են նոր կառուցված սենյակներում, գլխավոր դահլիճում էլ փորձերն են անցկացնում, երբ շինաշխատանքներում դադար է լինում։
Սեպտեմբերից թատրոնում վերջնական որոշում էին կայացրել, որ պետք է դուրս գան Թատերական ինստիտուտի տարածքից և տեղափոխվեն Համազգային թատրոնի նոր կառուցվող շենք, որքան էլ բարդ լինի այս շրջանում։ Այդ նպատակով որոշում էր կայացվել նաև օգտվել հնարավորությունից և իրականացնել մարզային ծրագրեր՝ լավագույն ներկայացումները տանելով այլ քաղաքներ ու գյուղեր։
Ղուկաս Մադոյանը
BRAVO.am-ը հյուրընկալվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքում, հետևել իրականացվող աշխատանքներին և զրուցել թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի հետ։ Նա պատմել է, թե ինչպես են այս շրջանում համատեղում շինարարական, ներքին հարդարման և ստեղծագործական աշխատանքները, ինչ պրեմիերաներ ու նոր նախագծեր են սպասվում առաջիկայում և այլ հետաքրքիր մանրամասներ։
Թատերական ակտիվ շրջագայությունները՝ շենքի կառուցմանը զուգահեռ
Մենք տարբեր ներկայացումներից առաջ ասում էինք, որ շուտով Համազգային թատրոնը կլինի նոր բեմում, նոր շենքում, բայց անընդհատ հետաձգվում էր տեղափոխությունը։ Ընթացքում նոր աշխատանքներ են ի հայտ գալիս, նոր խնդիրներ են լինում, և բավական բարդ է այդ ամենը համատեղել ստեղծագործական աշխատանքների հետ։ Այնպես ստացվեց, որ սեպտեմբեր ամսից մենք վերջնական որոշեցինք՝ արդեն ժամանակն է՝ տեղափոխվում ենք, թեկուզ կիսատ, թեկուզ անպատրաստ, բայց կգանք նոր շենք ու այստեղ կշարունակենք։ Այդպես էլ մեկնարկեցին մեր մարզային ծրագրերը և շարունակվում են մինչ օրս։ Եղել ենք տասնյակ գյուղերում ու քաղաքներում և հանդիպել մեր այն հանդիսատեսին, որը չի կարողանում ներկա գտնվել մայրաքաղաքային պրեմիերաներին։
Շատերը կարծում էին՝ մենք պարապուրդ կունենայինք երկու ամիս, քանի դեռ շենքը պատրաստվում է բացմանը։ Բայց այդպես չեղավ, և հենց այս պահին մեր թատրոնը ներկայացումներով շրջագայում է ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս՝ տարբեր միջազգային փառատոններում։ Օրինակ՝ «Արտավազդ 2025»-ում լավագույնը ճանաչված մեր «Բարկանո՞ւմ ես» մանկական ներկայացումը նոյեմբերի 16-ին հանդես է եկել Ռյազանում՝ «Свидания на Театральной. Семья» միջազգային փառատոնում։ Ի դեպ, մեր դերասաններ Գագիկ Մադոյանը և Տաթև Ղազարյանն էլ մրցանակի են արժանացել այնտեղ՝ որպես «Լավագույն դերասանական դուետ»։ Դրանից հետո նրանք մեկնելու են Թունիս, հետո էլ՝ Նովոսիբիրսկ։
Կարծում եմ՝ արդեն հաշված օրեր են մնացել շենքի պաշտոնական բացմանը։ Համենայն դեպս, նախատեսվում է մինչև այս տարվա վերջ։
Թատրոնի բացումը կնշանավորվի մեծ պրեմիերաներով
Առաջիկայում սպասվում է միանգամից մի քանի ներկայացման պրեմիերա՝ Նարինե Գրիգորյանի բեմադրած «Սուրբ Անտոնիոսի հրաշքը», Անդրանիկ Միքայելյանի «Քարը»՝ նվիրված Քոչարին, և Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ն, որն արդեն ներկայացվել է Չեխովյան փառատոնի շրջանակում, բայց հայաստանյան հանդիսատեսին կներկայացվի մեր նոր շենքում։
Իրականում որքան էլ բարդ է այս պահին փորձեր իրականացնելը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ մի գործի և մի նպատակի համար ենք անում, դրա համար էլ ոչ մի խնդիր չի առաջանում ստեղծագործական կազմի և շինաշխատանքներն իրականացնող թիմի միջև։ Հարգում ենք մեկս մյուսի տարածքն ու ժամանակը։
Շարունակվելո՞ւ է մտերմությունը Թատերական ինստիտուտի հետ
Մենք միշտ բաց ենք եղել երիտասարդներին հարթակ տրամադրելու գործում՝ թե՛ ուսանողներին ներկայացումների մեջ ներգրավելու մակարդակով, թե՛ երիտասարդ ռեժիսորներին մեր դերասանների հետ որոշակի համագործակցություն ունենալու հնարավորության տարբերակով։ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները մեր շենքում կարող են ներկայացումներ բեմադրել, և դրա համար էլ ստեղծված է լինելու փորձարարական հատվածը, ինչո՞ւ չէ, նաև մեծ բեմը, եթե լինեն նման հաջողված ներկայացումներ։ Մենք միշտ պատրաստ ենք եղել համատեղ աշխատել, սովորել և շարունակելու ենք այդ քաղաքականությունը։
Աստղիկ Իսկանդարյանը եւ Ղուկաս Մադոյանը
Շարունակելով նաև երաժշտական գործունեությունը
Իրականում թատրոնի իմ աշխատանքը չի խանգարել երաժշտական գործունեությանը։ Մի փոքր դժվարանում է, քանի որ ծանրաբեռնվածությունն է շատ, բայց բոլոր ուղղություններով շարունակում եմ աշխատել (ժպտում է,- հեղ․)։ Շուտով նաև իմ հեղինակային նոր երգն ու տեսահոլովակը կթողարկվի։ Երբ դա լինի, արդեն կսկսենք 3-րդ երգի ձայնագրության աշխատանքները։ Մի քիչ տուժել է համերգային գործունեությունս, բայց դե ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի։
Ղուկաս Մադոյանի հետ մեր նախորդ զրույցը կարող եք կարդալ այստեղ՝
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
49







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: