×


Վոլոդոսի երեւանյան մենահամերգի ուշացման պատճառն ու կազմակերպչի մեկնաբանությունը

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի իրադարձային համերգներից մեկը վիրտուոզ դաշնակահար Արկադի Վոլոդոսի ելույթն էր։ Սանկտ Պետերբուրգում ծնված, եվրոպական առաջատար նվագախմբերի հետ ելույթ ունեցող հանրահայտ դաշնակահարը երեկ՝ հուլիսի 3-ին, առաջին անգամ ներկայացավ հայաստանյան բեմում:

Արկադի Վոլոդոսի երեւանյան մենահամերգին


BRAVO.am-ը ներկա էր երաժշտի սպասված մենահամերգին, որը ժամը 19:30-ի փոխարեն սկսվեց շուրջ 50 րոպե ուշացմամբ։  «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում հանդիսականները սպասում էին դահլիճ մտնելուն, իսկ դռները փակ էին, քանի որ բեմում Վոլոդոսը փորձ էր անում։ Ներկաները, որոնց թվում էին նաեւ զբոսաշրջիկներ ու սփյուռքահայեր, հետաքրքրվում էին ուշացման պատճառի մասին՝ նստելով ճեմասրահի աստիճաններին։

Պարզվեց՝ խնդիրը տեխնիկական էր, փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ համերգասրահի հովացման համակարգն անսարք էր, անմիջապես փորձել են խնդիրը լուծել, այլապես Վոլոդոսը հրաժարվում էր ելույթ ունենալ.«Ցերեկը նրա փորձի ժամանակ իմացանք՝ հովացման համակարգը չի աշխատում։ Խնդրի մասին զանգեցի ու տեղեկացրի նախարար Ամիրյանին, մասնագետները վերջին ժամերին վերանորոգեցին, բարեբախտաբար, հովացման համակարգն աշխատեց։ Մեղավորներ չենք փնտրում, պատճառը տեխնիկական էր, այսպիսի խնդրի դեռ չէինք բախվել։ Քանի որ Վոլոդոսը փորձ չէր արել, համերգից րոպեներ առաջ նստած էր դաշնամուրի առջեւ, այդ պատճառով հսկիչները դռներն ուշ բացեցին։ Հանդիսատեսից եւս մեկ անգամ ներողություն ենք խնդրում, քանի որ առանց օդափոխման դահլիճում շատ շոգ կլիներ։ Ցավում եմ, որ Վոլոդոսն այսքան նյարդայնացավ։ Ինչպես նրա, այնպես էլ մեզ համար նյարդային իրավիճակ էր, տապի պատճառով հնարավոր էր՝ համերգը չկայանար»։

Արկադի Վոլոդոսի երեւանյան մենահամերգին


18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հյուրընկալված Արկադի Վոլոդոսի այցի համար կազմակերպիչները երկար են բանակցել.«Տարվա ընթացքում 30-35 համերգ է տալիս, ինչը քիչ է նման պահանջված երաժշտի համար, որովհետեւ առաջատար փառատոների համար սպասված հյուր է։ Մեզնից երկար ժամանակ պահանջվեց, որ բանակցենք ու հրավիրենք։ Նա պիտի ելույթ ունենար հունիսի 8-ին, սակայն նրա վիրուսային հիվանդության պատճառով հետաձգեց համերգը: Արտիստի մենեջմենթի հետ մանրակրկիտ աշխատել ենք, մեր տարածաշրջանում առաջին անգամ է նվագում, հնարավոր ամեն բան արեցինք, որ վերջապես տեղի ունենա», - BRAVO.am-ին հայտնեց փառատոնի գլխավոր մենեջերը։

Հետաքրքրվեցինք դաշնակահարի ռայդերով, ինչին Սոնա Հովհաննիսյանը պատասխանեց, որ առանձնահատուկ պահանջներ չունի.«Որեւէ քմահաճություն չունի, մեր հյուրասիրությանն ի պատասխան ասաց, որ միայն ջուր ու բանան է ցանկանում։ Նախորդ այցի համար նախատեսել էր ասուլիս, այս անգամ չէր ցանկանում խոսել՝ նշելով, որ համերգի օրը հարցազրույցներ չի տալիս»։

Արկադի Վոլոդոսի երեւանյան մենահամերգին


Համերգին ներկա կոմպոզիտոր-դաշնակահար Տիգրան Համբարյանը վաղուց է հետեւում Արկադի Վոլոդոսի գործունեությանը, հաճախ ունկնդրում ու հիանում է նրա արվեստով, այս համերգն էլ համարում է պատմական իրադարձություն երեւանյան երաժշտական կյանքում.«Վոլոդոսի փոխադրումները շատ հայտնի են, նրա մեկնաբանումը յուրահատուկ է, քանի որ ոչ միայն իր տեխնիկան, այլեւ կոմպոզիտորների ներաշխարհն է մատուցում։ Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ կենդանի լսելու հնարավորություն ունեմ, եկել եմ այն ակնկալիքով, որ կնվագի ոչ միայն նախատեսված ծրագիրը, այլեւ մի քանի բիս, այդ թվում՝ իր փոխադրումները»։

Վիրտուոզ դաշնակահարը երեւանյան համերգին նվագեց Շումանի, Բրամսի եւ Շուբերտի ստեղծագործությունները: Հատուկ այս համերգի համար Ամստերդամից Երեւան էր ժամանել ռոյալների միջազգային մասնագետներից մեկը: Նա, ինչպես նշեց Սոնա Հովհաննիսյանը, համերգասրահի ռոյալը նախապատրաստել է Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար.«Հայ մասնագետների համար գործիքի հնչյունային համակարգի լարումն ու պատրաստումը վարպետության դասի նման էր, որովհետեւ խոսքն այլ որակի մասին է, ինչը Երեւանում չկա, եւ մեզնից պատրաստվածություն է պահանջվում»։
 
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW