Լուսանկարիչ-դիզայներ Տաթեւ Մնացականյանի “Արվեստի հայ երախտավորների` նկարիչ-քանդակագործների ֆոտոպորտրետներ” կոչվող ֆոտոնախագծի մասին BRAVO.am-ը պատմել է նախորդ տարվա նոյեմբերին. նա փնտրում, գտնում ու լուսանկարում է ավագ սերնդի հայ արվեստագետներին իրենց արվեստանոցներում:
Լուսանկարիչ-դիզայներ Տաթեւ Մնացականյանը
Տաթեւի խոսքով` իր լուսանկարների հերոսները մեծահասակ անվանի մարդիկ են, որոնք ուշադրության ու գնահատանքի կարիք ունեն հիմա եւ ոչ թե հետմահու. “Իրենց արվեստանոցներում փակված` մեծ նվիրումով արարում են: Ցավոք, նրանց փողոցում չեն ճանաչում. կարող է ուսով խփեն ու անցնեն: Քանդակագործներից մեկն իր աշխատանքային հագուստով գնացել է հաց առնելու, եւ երիտասարդ մի աղջիկ բողոքել է, թե ամեն “բոմժ” խանութ է մտնում, բայց վաճառողը, ճանաչելով պապիկին, նկատողություն է արել աղջկան”:
Տաթեւ Մնացականյանի աշխատանքներից
Լուսանկարչուհին այս ֆոտոշարքը ներկայացրել է ՀՀ նախագահի 2012 թվականի արվեստի բնագավառի մրցանակին: Մի քանի օր լուսանկարները ցուցադրվել են “Ակադեմիա” պատկերասրահում եւ մասնագետների ու արվեստասերների դրական արձագանքներին արժանացել. “Որոշեցի մասնակցել, բայց ոչ թե ինձ համար, այլ` այս արտիստների, որ հաղթելու դեպքում այդ գումարով իրականացնեմ մյուս արտիստների լուսանկարների տպագրական աշխատանքները. այդքան խենթ եմ: Ամենացավալին այն է, որ արվեստի մի քանի ճյուղ` ճարտարապետություն, քանդակ, լուսանկարչություն, գեղանկար, մեկ մրցանակի համար են պայքարում: Չգիտեմ` կստացվի մրցանակի արժանանալ, թե` ոչ, բայց շարունակելու եմ իմ սկսած գործը",-ոգեւորությամբ պատմել է Տաթեւ Մնացականյանը:
Տաթեւ Մնացականյանի աշխատանքներից
Ցուցասրահում ներկայացված սեւ-սպիտակ 24 լուսանկարում պատկերված են ամենամեծահասակ կին քանդակագործ Թերեզա Միրզոյանը, գեղանկարիչ Լեւոն Կոջոյանը, քանդակագործ Խաչիկ Իսկանդարյանը, նկարիչ Ելենա Աբրահամյանը եւ այլք:
“Նկարելուց հետո նրանց միշտ ցույց եմ տալիս կադրերը, հաճախ զարմանում են` ինչպես եմ պահը որսացել:Ամեն շփում ինձ համար կարեւոր պատմություն է, ամեն անգամ բացահայտումներով լի հանդիպումներ եմ ունենում”,-նշել է Տաթեւն եւ ցավով ավելացրել, որ իր նախագծում ներկայացվող մի քանի արվեստագետ` գեղանկարիչներ Հակոբ Հակոբյանը եւ Վոլոդյա Սահակյանը, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, արդեն հեռացել են կյանքից:
Հակոբ Հակոբյանը (Լուսանկարը` Տաթեւ Մնացականյանի)
Նա իր ֆոտոշարքը ցուցադրելու է նաեւ Հայաստանի սահմաններից դուրս ու նպատակ ունի նախագիծը միջազգայնացնել` ներգրավելով ինչպես սփյուռքահայ, այնպես էլ այլազգի տարեց արվեստագետների: Տաթեւը դեկտեմբերին աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս եւ առաջինն այնտեղ ցուցահանդես կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք բերել. “Այս պահին մոտ քսան երկրի հետ բանակցությունների մեջ եմ”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Տաթեւ Մնացականյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: