Հոկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա օպերային երգիչ, տենոր Դավիթ Հովհաննիսյանի մենահամերգը: Շուրջ 6 տարի Իսպանիայի Տեներիֆեում ապրող եւ ստեղծագործող երաժշտի մենահամերգը նվիրված է մայրաքաղաքի 2800-ամյակին:
Երեւանում օպերային երգչի մենահամերգը կոմերցիոն բնույթ չունի. մուտքը լինելու է հրավիրատոմսերով, որոնք կբաժանվեն բոլոր ցանկացողներին:
«Ցանկացա համերգի տեսքով նվեր մատուցել իմ քաղաքին, եւ այն վերածվեց մի նախագծի, որը նվիրվում է Երեւանի 2800-ամյակին»,-նշում է երգիչը:
Համերգին Դավիթին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, իսկ երեկոն կվարի Միացյալ Նահանգներից հատուկ այդ առիթով Հայաստան ժամանած հաղորդավար Արա Ղազարյանը:
Դավիթ Հովհաննիսյանը
Դավիթը հայրենիքում առաջին անգամ համերգով հանդես է եկել 2015-ին.«Այդ ժամանակ Հայաստան էինք եկել շատ հայտնի սոպրանո, իսպանուհի օպերային երգչուհի Կարմեն Ակոստայի հետ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես եկանք համերգով, որը տեղի ունեցավ իմ կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում»,-պատմել է նա:
Երգիչը ներկայանում է դասական քրոսովեր (classical crossover) ժանրում, որը երաժշտական տարբեր ոճերի համադրություն է՝ դասական մոտիվներով: Այն իր մեջ կարող է ներառել ֆոլք երաժշտության տարրեր, փոփ, ռոմանս, եվրոպական շանսոն, բալլադ եւ այլն:
Դավիթը մասնագիտությամբ միջազգայնագետ է: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով, իսկ երգել սկսել է 2011 թվականից: Ասում է՝ երաժշտության ճանապարհով գնալը շատ պատահական ստացվեց եւ փոփոխությունների սկիզբ դրեց իր կյանքում: Նա տեղափոխվել է Տեներիֆե, որտեղ ուսանել է Կոնսերվատորիայում՝ Կարմեն Ակոստայի, այնուհետեւ Հռոմի Օպերային թատրոնի երգչուհի Ռենատա Լամանդայի մոտ: Նա հանդիսանում է Տեներիֆեում հայտնի Union Artistica El Cabo երգչախմբի մենակատարը: Մեծ մասամբ հանդես է գալիս բարեգործական համերգներով:
Լուսանկարները` Դավիթ Հովհաննիսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: