×


Տիգրան Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Վահան Հովհաննիսյանը, Տիգրան Դավթյանը եւ մյուսները՝ “InRock”-ի բացմանը

Հուլիսի 21-ին Կասկադի հարեւանությամբ` Իսահակյան 38 հասցեում, բացվել է “InRock” կոչվող ակումբ: Մանուշակագույն պատերով այս հաստատությունում ամեն ինչ ռոքով է ոգեշնչված: Գույնը պայմանավորված է լեգենդար “Deep Purple’’ խմբի անվամբ, ակումբի անունը եւս “փարփլական” պատմություն ունի:

Բրայան Մեյի լուսանկարն “InRock’’ ակումբում


“Երբ ընկերներով մտածում էինք ինչպես անվանել ակումբը, քննարկեցինք, թե որ խմբի ալբոմն է ամենամեծ ազդեցությունը թողել մեզ վրա: Միաձայն հանգեցինք այն եզրակացության, որ բոլորիս համար դա “Deep Purple”-ի “In Rock”-ն է: Ավելի լավ անվանում անհնար էր գտնել’’,- պատմել է ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, ակումբի հիմնադիր Սպարտակ Սեյրանյանը:

Մանուշակագույն պատերից այցելուներին են դիմավորում Ջանիս Ջոփլինի, Ջոն Լենոնի, Միք Ջագերի, Իէն Գիլանի, Ֆրեդի Մերկուրիի, Ռոբերտ Պլանտի, Ջիմ Մորիսոնի, Ռոնի Ջեյմս Դիոյի, Բրայան Մեյի  եւ ողջ կամ մահացած մյուս լեգենդների սեւ եւ սպիտակ լուսանկարները:

Սպարտակ Սեյրանյանն ու Տիգրան Սարգսյանը

 
Նախատեսվածի համաձայն՝ տեղական խմբերի ու երաժիշտների մասնակցությամբ կենդանի հնչողությամբ համերգներն ակումբում հաճախակի կկազմակերպվեն: “InRock”-ում կնշվեն նաեւ ռոքի աշխարհում հայտնի իրադարձությունները: Հաջորդ շաբաթ, օրինակ, “Deep Purple” խմբի ստեղնաշարային գործիքներ նվագող, կոմպոզիտոր Ջոն Լորդի հիշատակին նվիրված միջոցառում կկազմակերպվի: Բացի այդ, այցելուները հնարավորություն կունենան մասնակցել ակումբում անցկացվող քննարկումներին, որոնք կծավալվեն ոչ միայն ռոքի շուրջ:

Սպարտակ Սեյրանյանն իրեն ռոքի սիրահար է համարում. “Առաջին անգամ “Deep Purple” խմբին լսել եմ տասը տարեկանում: Այդ օրվանից սկսած մոտ 40 տարի է՝ ես ռոքասեր եմ: 1996 թվականին ներկա եմ եղել “Deep Purple” խմբի մոսկովյան համերգին’’:

“InRock’’ ակումբի հիմնադիր Սպարտակ Սեյրանյանը


Երեւանյան “InRock” -ի հիմնադիրը BRAVO.am-ին պատմել է նաեւ ակումբի ստեղծման նախապատմությունը. “Որքան էլ տարօրինակ կթվա, ակումբ ստեղծելու գաղափարը 1977 թվականին է ծագել: Համոզված եմ, եթե չես հրաժարվում երազանքիցդ, այն իրականանում է: Հուսով եմ, այս ակումբն իր փոքրիկ լուման կներդնի Երեւանի մշակութային կյանքում”:

6 ամիս առաջ Հայաստանի ռոք ասոցիացիայի անդամներն արդեն հստակ որոշում են կայացնում Երեւանում իսկական ռոքասերների ակումբ բացել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հենց Սպարտակ Սեյրանյանին է հանձնարարում զբաղվել այս հարցով: Երեք ամիս ընթացած վերանորոգման եւ նախապատրաստական աշխատանքներից հետո “InRock”-ն արդեն երրորդ օրն է՝ բացել է իր դռները ռոքասերների առջեւ:):

Դեռեւս 1971 թվականին աշխարհը Ջոն Լենոնի շուրթերից լսեց “Imagine” երգը, որի միջոցով երաժիշտը փորձում էր հաղորդել մոտավորապես հետեւյալը. “Պատկերացրեք, որ չկան պետություններ, կրոն, պատերազմներ, բոլորը խաղաղության մեջ են ապրում: Դուք ասում եք՝ ես երազկոտ եմ, բայց միակը չեմ”: “InRock’’ ակումբում կարծես հենց այսպիսի մթնոլորտ էր տիրում. այցելուների թվում էին նաեւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, որոնց միավորում էր ռոքի հանդեպ տածած սերը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել “InRock” ակումբի բացմանը


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. “Ռոքի հանդեպ իմ սիրո հիմքում “Beatles” խումբն է: Մեր սերունդը հենց այդ խմբի երաժշտության ներքո է մեծացել: Երեւանում Իէն Գիլանի հետ հանդիպումը ամենաուրախալի պահերից էր ինձ համար: “Deep Purple’’ խմբի երեւանյան համերգից հետո, երբ տուն վերադարձանք, տղաս խնդրեց, որ նույն երաժշտությունը բարձր միացնենք, մենք էլ ուրախ պարեցինք: Իմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը “Pink Floyd’’ խմբի համերգին մասնակցելն է: Մի քանի անգամ հնարավորություն եղել է, սակայն այդպես էլ չստացվեց: Չգիտեմ, երեւի դա երազանք էլ կմնա: Համերգներին մասնակցելու հարուստ կենսագրություն չունեմ, Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում որեւէ ռոք համերգի չեմ մասնակցել: Կարծում եմ, որ այս ակումբում կհավաքվեն մարդիկ, ովքեր ունեն միեւնույն աշխարհընկալումը, քանի որ ռոքը միայն երաժշտություն չէ, այլ` մտածողություն: Կարծում եմ, հնարավոր կլինի ռոքային այդ միջավայրը տարածել Հայաստանով մեկ”:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը


ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան. “Ակումբներ համարյա չեմ հաճախում, որովհետեւ ժամանակ չունեմ: Բայց եթե ժամանակս ներեր` ռոք ակումբներ կգնայի, որովհետեւ ռոքի մեծ սիրահար եմ: Ռոք երաժշտության ասպարեզում իմ դասակարգումը հստակ է. համար մեկ խումբը “Deep Purple’’-ն է, երկրորդը` “Pink Floyd’’-ը, երրորդը` “Led Zeppelin’’-ը: Բայց այդ երեք խմբից բարձր է “Beatles’’ խումբը: Այս չորս խմբի գործունեությանը շատ լավ եմ ծանոթ. անգիր գիտեմ նոտաները, երգերի խոսքերը, խմբի անդամներին: Հնարավորություն եմ ունեցել “Deep Purple’’-ի երեւանյան եւ “Pink Floyd’’-ի` Մոսկվայում կայացած համերգներին ներկա գտնվել: Ինձ համար հեքիաթ էր, որ հնարավորություն ունեցա ծանոթանալ Իէն Գիլանի հետ: Հավատս չէր գալիս, որ հանդիպեցի այն մարդկանց, որոնք մանկուց կուռքերս էին: Խնդրեցի, որ ստորագրի մանկուց հավաքած ձայնասկավառակներս: Մինչ այժմ էլ  ճաշակս պահպանվել է՝ ռոք եմ սիրում: Գիլանի հետ զրուցում էինք, եւ հավատս չէր գալիս, որ այն ձայնով մարդը, որն իմ կուռքն է, միեւնույն տեմբրով զրուցում է ինձ հետ: Մի օր նկատեցի, թե ինչպես 7-ամյա տղաս խաղալուց “Smoke on the Water’’ երգն է քթի տակ երգում, Գիլանին պատմեցի… Դա նշանակում է, որ նրանց գործը շարունակելու է ապրել: Ժամանակին նվագում էինք, կիթառներ ունեմ: Այժմ մտածում եմ, որ հավաքվենք ընկերներով ու նորից նվագենք”:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան. “Սիրում էի ակումբներ այցելել, պարել, բայց այդ կյանքին հրաժեշտ տվեցի ամուսնությունից հետ: Երկրորդ անգամ նախասիրություններիս հարված հասցրեց արդեն աշխատանքը: Այժմ Երեւանում հազվադեպ եմ ակումբներ հաճախում: Չեմ կարող ասել, որ ռոք շատ եմ սիրում: Ես շլյագերային, թեթեւ երաժշտության սիրահար եմ: Բայց ռոքի սիրահարների մեջ ինձ հարազատ շատ մարդիկ կան: Եվրոպական երկրներից մեկում “Metallica’’ խմբի համերգին եմ մասնակցել: Ժամանակին “Judas Priest’’, “Motle Crue’’ խմբերն էին հայտնի, լսում էի, բայց մասնագիտացած ռոքեր չեմ: Չեմ փորձել ռոք ոճում ստեղծագործել, բայց ռոմանտիկ, բալադային երգեր ունեմ գրած, որոնք ռոքին մոտ են: Դրանք դեռեւս լույս աշխարհ չեն եկել”:

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը


ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյան. “Ակումբներում հաճախ չեմ լինում, իսկ սա ռոք-ակումբ է, դրա համար էլ այստեղ եմ: Մեր երիտասարդ տարիները զուգորդվել են ռոքով: Այդ տարիներին ռոքը չեր ողջունվում խորհրդային իշխանության կողմից, ալբոմները դժվար էին ճարվում, կասետները տասն անգամ վերաձայնագրված էին: Երաժշտություն լինելուց զատ, ռոքը ազատություն էր մեզ համար: Ջանիս Ջոփլիի գործերն եմ սիրում: “Pink Floyd’’, “Deep Purple’’, “Led Zeppelin’’, “Rolling Stones’’ եւս սիրում եմ: Ռոք եւ քանթրի երաժշտությունների խառնուրդն եմ սիրում: Ոչ միայն քաղաքական պատճառներով, որպես կատարող Շեւչուկին եմ համակրում”:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW