×


Փարիզը տոնում է Շառլ Ազնավուրի 95-րդ տարեդարձը․ դուք եւս կարող եք միանալ տոնին

Այսօր աշխարհահռչակ երգիչ, երգահան եւ բանաստեղծ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է․ երեկվանից Փարիզը սկսել է տոնել աստղի տարեդարձը, ցավոք, այս տարի առանց նրա ներկայության:

Երեկ առավոտյան կայացավ հուշատախտակի բացումը, այն փակցված է Շառլ Ազնավուրի փարիզյան առաջին բնակարանի շենքին։ Ֆրանսիայի մայրաքաղաքի 6-րդ թաղամասի Monsieur-le-Prince փողոցի այս բնակարանում մեր հայրենակիցն ապրել է ծնողների եւ քրոջ հետ։

Փարիզը տոնում է Շառլ Ազնավուրի 95-րդ տարեդարձը


Երեկոյան մայրաքաղաքի քաղաքապետարանի դիմաց կայացավ մեծ համերգ` նվիրված մեծ արտիստի հիշատակին: Ազնավուրյան մեղեդիներ հնչեցին հայտնի երգիչների եւ երաժիշտների կատարմամբ` բազմաթիվ երկրպագուների ձայնակցությամբ։

Բրավոյի հետ զրույցում «Ազնավուր» հիմնադրամի նախագահ Քրիստինա Ազնավուրը նշեց, որ ցանկանում են աստղի 95-ամյակը մեծ շուքով նշել։

«Աշխարհի բոլոր անկյուններում նշում են նրա 95-ամյակը, բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում` մենք հավաքագրում ենք դրանք #Ազնավուր95 հեշթեգի ներքո, իսկ այսօրվա համերգը կազմակերպել ենք քաղաքապետարանի հետ համատեղ»,- նշեց նա։

Փարիզը տոնում է Շառլ Ազնավուրի 95-րդ տարեդարձը


Հիմնադրամի նախագահը մեզ պատմեց, որ սկսվում է մի հետաքրքիր միջոցառում` հիմնադրամի երաժշտական մարտահրավերը` ի պատիվ մեծ արտիստի 95-րդ տարեդարձի։ Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել այս հետաքրքիր մարտահրավերին․ կատարեք Ազնավուրի երգերից մեկը, կամ պարզապես պարեք, տեսաձայնագրեք ձեզ եւ հրապարակեք այն #Aznavour95 հեշթեգով` նշելով «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։ Տեսանյութը հրապարակելիս պետք է նաեւ հրավիրել մասնակցելու երեք ընկերոջ։ Լավագույն վիդեոները կհրապարակվեն հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

Հայտնի անձինք արդեն իսկ միացել են «Ազնավուրյան չելենջին» եւ սկսել հրապարակել իրենց տեսանյութերը։ Աշխարհահռչակ երաժիշտն իր տարեդարձը տոնակատարության երբեք չի վերածել, միայն ընտանիքի հետ էր նշում։ Քրիստինան, ով Շառլ Ազնավուրի կրտսեր որդու կինն է, պատմեց, որ վերջին անգամ էլ միայն ընտանիքով են հավաքվել, սակայն համոզված է, որ երգչին դուր կգային այս միջոցառումները, քանի որ այսպես շարունակում է ապրել նրա արվեստը։ Ամբողջ տարվա ընթացքում շարունակվելու են միջոցառումները, ազնավուրյան արվեստի երկրպագուներին բազմաթիվ անակնկալներ են սպասում։

Փարիզը տոնում է Շառլ Ազնավուրի 95-րդ տարեդարձը


Գրեթե բոլոր համերգներին, ինչպես այսօր, երգում է երգչուհի Ժոանա Մենդիլը, նա արդեն երկար տարիներ է ջազային ելեւէջներով է համեմում մաեստրոյի երգերը։ Նա մեզ պատմեց, որ հենց մեծանուն երգիչն է իրեն հորդորել երգել եւ իր խոսքով ոգեւորել իրեն։

«Ինձ համար շատ մեծ պատիվ է կատարել նրա երգերը, անհավատալի զգացողություն է։ Նրա մահից հետո բոլոր միջոցառումներին հրավիրվում եմ, կարծես նրա կենդանության օրոք «տնկած սերմերը» արդեն պտուղներ են տալիս»,- ասաց երգչուհին։ Նա նաեւ նշեց, որ մեծ սիրով Հայաստան կայցելի եւ երազում է լինել Ազնավուրի թանգարանում։

Էլլադա Ղուկասյան
Մեդիամաքսի սեփական թղթակիցը Փարիզում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport