Մայիսի 31-ին ողջ աշխարհում նշում էին Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը: Հայաստանը նույնպես անմասն չմնաց այս իրադարձությունից. թեմայի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին, որոնք հիշեցնում էին՝ ծխելը վնասակար է առողջությանը: Բայց որպեսզի այս կարգախոսը միօրինակ ու ձանձրալի չհնչեր, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպված միջոցառման հեղինակները որոշել էին միավորել մայիսի 31-ն ու հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը: Նպատակն էր ընդգծել, թե ծխախոտի երկրորդային ծուխն ինչպիսի ազդեցություն է ունենում երեխաների առողջության վրա: Միջոցառմանը ներկա է եղել BRAVO.am-ը եւ լուսանկարել է հետաքրքիր դրվագները:
Մինչ կմոտենայինք նախաձեռնության հեղինակներին, հրապարակի մուտքի մոտ մեզ բաժանեցին թեմատիկ բովանդակությամբ թռուցիկները: Հրապարակում արդեն մեզ դիմավորեցին երեխաները, ովքեր նկարում էին առանց ծխի Հայաստան, խաղում էին փուչիկներով, մասնակցում էին խաղավարների կողմից անցկացվող պղպջակային շոուին եւ այլն: Չնայած՝ Հայաստանը վերջին տարիներին աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում ծխողների թվով, ուսումնասիրելով փոքրիկների գունազարդած նկարները` փորձում էինք հավատալ, որ նրանք իսկապես մաքուր օդի պահանջատեր կլինեն ապագայում:
«Մաքուր օդ» խորագրով միջոցառմանը
«Մաքուր օդ» խորագրով միջոցառումը կազմակերպել էին Առողջապահության ազգային ինստիտուտը եւ «Եղիր տեղեկացված» ՀԿ-ն` Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ինչպես կազմակերպիչ ընկերությունների ներկայացուցիչները, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ընդգծեց` չի ծխում եւ թույլ էլ չի տալիս, որ երեխաների կամ իր ընտանիքի անդամների ներկայությամբ ծխեն:
«Մաքուր օդ» խորագրով միջոցառմանը
«Մեր տանը երբեք ոչ ոք չի ծխել, եւ ես որեւէ մեկին ընդօրինակելու խնդիր չեմ ունեցել: Շատ կարեւոր է, որ երեխաները չտեսնեն ծնողների ծխելը, ու իրենք էլ չուզեն օրինակ վերցնել նրանցից: Մեր երկրում ծխողների թիվը շատ մտահոգիչ է: Սա այն հազվադեպ երեւույթներից է, որով մենք առաջատար ենք աշխարհում: Դրա համար էլ պիտի աշխատենք այդ ուղղությամբ թե՛ նման միջոցառումներով, թե՛ ավելի համակարգված` օրենսդրական, կրթական եւ մշակութային ծրագրերով: Օրենսդրական բացը պիտի լրացնենք աստիճանաբար, առանց շտապելու, բացատրելով, որպեսզի մարդիկ ուզեն այդ փոփոխությունները, ոչ թե հակառակը` դրան դիմադրեն: Մենք պետք է ձեւավորենք մաքուր օդի պահանջարկ, որ մարդիկ ասեն՝ ո՞ւր է մեր մաքուր օդը»,- նկատեց նախարարը:
«Մաքուր օդ» խորագրով միջոցառմանը
Մինչ մենք զրուցում էինք Արսեն Թորոսյանի եւ միջոցառման կազմակերպիչների հետ, երեխաները նկարեցին Երեւանի այն ամենահայտնի վայրերը, որոնք ցանկանում են տեսնել առանց երկրորդային ծխի` Հանրապետության հրապարակ, Կասկադ, Ազատության հրապարակ, Հաղթանակ զբոսայգի եւ այլն: «Եղիր տեղեկացված» ՀԿ նախագահ Արուսիկ Մկրտչյանը (DJ Վակցինա) BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ նման նախաձեռնությամբ իրենք իրենց խոսքն ենք ասում որպես ծնողներ, որպես ակտիվ քաղաքացիներ, ովքեր ուզում են՝ երեխաները Հայաստանում առողջ լինեն:
«Մաքուր օդ» խորագրով միջոցառմանը
«Երկրորդային ծուխը երեխաների մոտ կարող է շնչառական լուրջ խնդիրներ առաջացնել, մեծացնել ականջաբորբի, բրոնխիտի, թոքաբորբի առաջացման վտանգը, իսկ նորածինների դեպքում կարող է նույնիսկ հանկարծամահություն առաջացնել: Էլ չենք խոսում հղիության ընթացքում առաջ եկող խնդիրների մասին. ծխելը կարող է պտղի մոտ առաջացնել բնածին արատներ: Այդ պատճառով էլ այս տարի որոշեցինք ծրագիրն ուղղել երեխաների պաշտպանության խնդրին: Շատ ուրախ եմ, որ երեխաները նկարել են այնպիսի Հայաստան, որտեղ չկա երկրորդային ծուխ»,- նշեց Արուսիկը:
Դե, իսկ երեխաների նկարած էսքիզներն օրվա վերջում տեղափոխվելու էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Այնտեղ դրանք ապահով կլինեն եւ կհիշեցնեն՝ երեխաները պետք է մեծանան առողջ ու անվտանգ միջավայրում:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: