Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի, երգչուհի Քեթրին Մանասյանը Նոր տարին դիմավորել է տանը՝ ընտանիքի հետ, իսկ հաջորդ օրն իսկ շտապել աշխատանքի:): Նա BRAVO.am-ին ասել է, որ հունվարի 1-ից իր ջազ նվագախմբի հետ ելույթներ է ունեցել Երեւանի տարբեր հյուրանոցներում:
Քեթրին Մանասյանի ընտանիքը
Պարզվում է` Քեթրինի որդուն՝ 1 տարեկան 4 ամսական Ջոյ Իսահակին, այնքան էլ չի հետաքրքրել Ձմեռ պապիկը, տոնածառն էլ ընկալել է որպես առարկա, որը կարելի է քանդել, իսկ ահա դերասանուհու համար եղեւնին Նոր տարվա ամենագեղեցիկ խորհրդանիշն է. «Տան զարդարանքները փորձել էինք հնարավորինս վերեւ փակցնել, որ չկարողանա վնասել: Բայց գտել էր դրանց հասնելու ձեւը եւ փոքրիկ խաղալիքները թաքուն տեղավորել բերանում:): Նկատեցի, որ թշիկներն ավելի են կլորիկացել, եւ երբ հարցրի` ինչ է պահել, խելոք վերադարձրեց: Զգույշ երեխա է, լավ է, որ կուլ չէր տվել»:
Ջոյ Իսահակն իր նվերները ստացել է տարեմուտից ժամեր առաջ.«Ես, ամուսինս, ծնողներս եւ քույրս նախապես նվերները տվեցինք, քանի որ գիտենք` դեռեւս չի հասկանում՝ Նոր տարին ինչ է, բացի այդ, կեսգիշերից հինգ րոպե առաջ քնեց»,-պատմել է Քեթրինն եւ նշել, որ Ձմեռ պապին նվերներ խնդրելու հարցում բավական անհամեստ է գտնվել` կազմելով ցանկությունների մի մեծ ցուցակ, որոնց մասին, սակայն, բարձրաձայնել չցանկացավ:):
Քեթրին Մանասյանը` որդու հետ
Դերասանուհու համար Ամանորը մաքրագործման խորհուրդ ունի.«Յուրաքանչյուր մարդ նախքան Նոր տարին սկսում է վերհիշել անցած տարին, իր արած ու չարած գործերը: Կարծում եմ՝ այդ պահին մաքրագործվում ենք: Եթե անգամ չեն հասկանում դրա խորհուրդը, միեւնույն է՝ հոգու խորքում վերլուծություն է ընթանում. սկսում են ներել դիմացինին, բարիանում են, եւ կարծում եմ, որ սա է հրաշքը»:
Մի պահ հետադարձ հայացք գցելով 2015 թվականին` Քեթրինը նկատել է, որ գործնական առումով որեւէ ձեռքբերում չի ունեցել.«Ստեղծագործական որեւէ գործընթացի մեջ չեմ եղել: Ինձ համար անցած տարվա ձեռքբերումս իմ ընտանիքն է: Թող Աստծո օրհնությամբ ընտանիքումս ամեն բան լավ լինի, ես այնտեղ երջանիկ եմ: Նախորդ ամբողջ տարում վերալիցքավորել եմ մտքերս, ծանրութեթեւ արել, հասկացել, թե ինձ համար ինչն է ավելի առաջնային, ու թե որտեղ պետք չէ անիմաստ սպառվել»:
Քեթրին Մանասյանը
Նա ցանկանում է, որ այս տարին իր համար նոր վերելքների, նոր ճանապարհների տարի լինի.«Իմ դադարը լեցուն դադար էր. մեծ էներգիա եմ կուտակել: Մտքերի վերալիցքավորումն իզուր չի անցնում, դրանք հետագայում լավ արդյունք են տալիս: Մարդը պետք է հոգեպես պատրաստ լինի մեծ աշխատանքների: Ինքս նախաձեռնող չեմ, դերասանուհի եմ ու սպասում եմ հետաքրքիր նախագծերի, հետաքրքիր հրավերների: Այ, այդ դեպքում պատրաստ եմ ուժերիս ներածին չափով աշխատել»:
Աշխատանքային բուռն տարի ակնկալող դերասանուհին երկրորդ անգամ մայրանալու մասին դեռեւս չի մտածում.«Երեխաս շատ փոքր է, չեմ հասցնում: Եթե նորից մայրանամ, ապա մի քանի տարի կրկին դադար կլինի, ու արդեն դուրս կգամ այս ոլորտից: Ինչքան էլ քեզ շատ սիրեն, բավական է՝ անհետանաս, էլ հետ բերել չի լինի: Դեռեւս աշխատանքային գործընթացների մեջ եմ, իսկ Աստծո գործերին չեմ խառնվում»:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: